Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 26,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ քսանմեկերորդ

ԱՌԱ՜Ջ՝ ՖՐԱՆՍԻԱ

Նվերը մի քիչ դադար տվեց, հոգոց հանեց ու ասաց՝ «փաստորեն, իմ կյանքն էլ լրիվ սխալ ձեւով դասավորվավ», եւ ես ասացի՝ «հիմի էդ սխալները մեկ առ մեկ կուղղես», եւ Նվերը հոգոց հանեց ու ասաց՝ «իմ պրոբլեմը մենակ իմ թաք տղեն ա. իրա իմաստով ահագին մեծ պարտականություններ ունեմ», եւ էդ պահին աստիճաններից իջել ու արդեն շուկայի հետեւի մուտքի մոտ էինք, եւ երբ նայեցի Նվերի դախլի կողմը, կինն ու տղան ուշադիր մեզ էին նայում, եւ երբ իրենց նայեցի, երկուսն էլ անմիջապես հայացքները փախցրին, եւ երբ արդեն մոտեցել էինք իրենց, իրենք շարունակում էին ինձ չնայել, եւ երբ Նվերը դա նկատեց, կնոջ ու տղայի վրա գոռաց՝ «էս խի՞ եք իմ ախպորը քթովմռթով ընդունում», եւ չնայած Նվերը սկզբում ինձ ներկայացրել էր, բայց երեւի հավատ չէի ներշնչել, եւ երբ Նվերը կնոջ վրա գոռաց ու ասաց՝ «էս խի՞ եք իմ ախպորը քթովմռթով ընդունում», կինն առանց ինձ նայելու՝ Նվերին հարցրեց՝ «քթովմռթովը ո՞րն ա», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «որ քու ախպերներին ըսենց ընդունեմ, կհասկանաս՝ քթովմռթովը որն ա», եւ կինը կմկմալով ասաց՝ «որ մարդկանց հետ չես ծանոթացնում, ի՞նչ իմանանք՝ ով ով ա» եւ ավելացրեց՝ «հազար տեսակ մարդ ա մոտդ գալիս», եւ Նվերը գոռաց՝ «մի քիչ առաջ Արմոյին հետներդ չծանոթացրի՞», եւ կինն ինձ նայելով՝ ասաց՝ «մի քիչ առաջ չէր. մի ժամից ավել ա» եւ մի քիչ մտածեց ու կմկմալով ավելացրեց՝ «հազար ու մի բան մտքներովս անցավ», եւ Նվերը նորից գոռաց ու ասաց՝ «Արմոն իմ ախպե՛րն ա», եւ տղան, որ մինչ այդ գլուխը կախ էր պահում, գլուխը բարձրացրեց, նայեց Նվերին ու հարցրեց՝ «ի՞նչ ա էղել, պա՛պ», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «լավ բան ա էղել», եւ տղան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ լավ բան», եւ Նվերը նայեց կնոջն ու ասաց՝ «աչքներդ լուս. ուզածներդ էղավ», եւ կինը զարմացած հարցրեց՝ «ուզածներս ի՞նչ ա», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «Ֆրանսիա ենք էթում», եւ տղան աչքերը շողշողացնելով՝ նայեց Նվերին ու հարցրեց՝ «ո՞վ ասեց», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «Արմեն հոպարը», եւ տղան զարմացած հարցրեց՝ «Արմեն հոպարն ո՞վ ա», եւ Նվերը նախ ինձ նայեց, հետո նայեց որդուն ու ասաց՝ «Արմեն հոպարն էն մարդն ա, որ քեզ ավելի շուտ ա տեսել, քան՝ քեռիներդ», եւ տղան զարմացած հարցրեց՝ «ո՞նց ա շուտ տեսել», եւ Նվերն ասաց՝ «դու որ ծնվար, առաջինն ի՛նքը ծննդաբերական էկավ», եւ կինն ինձ ժպտաց ու ասաց՝ «հիշեցի», եւ Նվերը կնոջը հարցրեց՝ «հիշեցի՞ր, որ էս անշնորհքին Մարգարյանի լուսամուտից ինձ ու Արմոյին ցույց տվիր», եւ ես ծիծաղելով Նվերին ասացի՝ «շատ ուժեղ հիշողություն ունես», եւ Նվերն ասաց՝ «կյանքում բաներ կան, որ հնարավոր չի մոռանալ», եւ ես ասացի՝ «ես մոռացել էի», եւ Նվերը որդուն նայելով ասաց՝ «բաներ կան, որ իրավունք չունես մոռանաս», եւ կինը նայեց որդուն, ժպտաց ու ասաց՝ «էս խեղճը մի օրական էրեխա էր. ո՞նց պիտի հիշի», եւ Նվերը կնոջը խեթ նայեց ու ասաց՝ «դու էլ էի՞ր մի օրական», եւ կինը մեղավոր ինձ նայեց, հետո նայեց Նվերին ու ասաց՝ «քսանմեկ տարի ա անցել», եւ Նվերն ասաց՝ «բաներ կան, որ հազար տարի էլ անցնի՝ պիտի հիշես», հետո նայեց որդուն ու ասաց՝ «Արմեն հոպարը հենց նոր ինձ համոզեց», եւ որդին հարցրեց՝ «ի՞նչ համոզեց», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «համոզեց, որ մեր Ֆրանսիա էթալը ճիշտ ա», եւ կինը նայեց ինձ, ժպտաց ու ասաց՝ «Արմեն ջան, էրեւում ա՝ Նվերի վրա շատ ուժեղ ազդեցություն ունես», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ա էրեւում», եւ կինն ասաց՝ «էս քանի ամիս ա՝ իրա քուրն իրան համոզում ա, բայց ինքը չի համոզվում», եւ Նվերն ասաց՝ «կարաք արխային ըլնեք. Արմոն ինձ արդեն վերջնական ա համոզել», եւ կինն ինձ ժպտաց ու հարցրեց՝ «կոֆե դնե՞մ», եւ ես ժպտացի ու ասացի՝ «մերսի. հենց նոր խմեցինք», եւ Նվերը կնոջն ասաց՝ «էսօրվանից կոֆե խմելը պիտի պակասացնենք», եւ կինը զարմացած հարցրեց՝ «խի՞», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «որովհետեւ սրտին վնաս ա» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «պիտի մեզ լավ նայենք, որ սաղսալամաթ հասնենք Ֆրանսիա», եւ տղան հարցրեց՝ «ե՞րբ ենք գնում, պա՛պ», եւ Նվերն ասաց՝ «մի ամսից երեւի հորքուրը գնա, հետո ինձ կկանչի, հետո որ աշխատանքիս հարցերը լուծվեն՝ աշնան կողմ դուք էլ կգաք», եւ կինը Նվերին ասաց՝ «ոնց որ Հրուշն ու դու ճիշտ եք համարում, ըտենց էլ արեք», եւ Նվերը կնոջն ու որդուն զգուշացրեց ու ասաց՝ «բայց էս խոսակցությունն առայժմ մեր մեջ ա մնում. շուխուռը չգցեք, մինչեւ տենանք՝ ինչ ա ըլնում», եւ կինը ծիծաղեց ու ասաց՝ «Արմենը որ թերթի մեջ չգրի՝ մարդ չի իմանա», եւ Նվերը թարս նայեց կնոջն ու ասաց՝ «լավ ա գոնե՝ Արմենին տեղը բերիր», եւ կինը նախ ինձ ուշադիր նայեց, հետո նայեց Նվերին ու ասաց՝ «Արմենը վայ թե վախտին ձեր տուն էլ էր գալիս», եւ Նվերը կնոջն ասաց՝ «շատ ուժեղ հիշողություն ունես», եւ տղան Նվերին հարցրեց՝ «ընկերներիս է՞լ չասեմ», եւ Նվերը հարցրեց՝ «ի՞նչ չասես», եւ տղան ասաց՝ «Ֆրանսիա գնալու մասին», եւ Նվերը շատ խիստ տոնով ասաց՝ «ոչ մեկին», եւ տղան ասաց՝ «էղավ, պա՛պ ջան. ոչ մեկին չեմ ասի» եւ ոգեւորված ավելացրեց՝ «կարեւորն էն ա, որ գնում ենք», եւ Նվերն ասաց՝ «սկզբում ես ու հորքուրը կէթանք, կտենանք՝ ինչն ինչոց ա, հետո նոր ձեզ կկանչենք», եւ կինը Նվերին հարցրեց՝ «ես ու էրեխեն մենմենակ ո՞նց ենք Ֆրանսիա գալու», եւ Նվերը կնոջն ասաց՝ «էրեխեն մենմենակ Ղարաբաղ ծառայել՝ հետ ա էկել», եւ տղան մորն ասաց՝ «դժվար բան չկա, ա՛յ մամ. ըստեղ սամալյոտ ենք նստում, ընդեղ հորքուրենք դիմավորում են», եւ Նվերն ասաց՝ «կարեւորն իմ աշխատանքի հարցն ա», եւ կինն ասաց՝ «Հրուշը մի բան կանի», եւ Նվերն ասաց՝ «Հրուշը հըլը իրա՛ աշխատանքի հարցը պիտի լուծի», եւ տղան ասաց՝ «հորքուրն ասում ա՝ աշխատանքի հարցով ոչ մեկս պրոբլեմ չենք ունենա», եւ կինը ժպտաց ու ասաց՝ «Հրուշն ինձ էլ ա աշխատանք խոստացել», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «կարող ա՞ Հրուշը Ֆրանսիայի աշխատանքի տեղավորման նախագահն ա», եւ կինն ասաց՝ «փեսի միջոցով ա դասավորելու», եւ Նվերը կնոջը հարցրեց՝ «քե՞զ ինչ աշխատանք ա խոստացել», եւ կինն ասաց՝ «ինչ աշխատանք էլ ըլնի՝ կանեմ. թեկուզ հավաքարարություն», եւ Նվերը կնոջն ասաց՝ «կարող ա՞ մինիստր էիր ուզում» եւ մի քիչ մտածեց, հարցրեց՝ «հավաքարարությունն ամոթ բան ա՞», եւ կինն ասաց՝ «ամոթ բան չկա. Երեւանում որ չեմ ամաչել, Ֆրանսիայո՞ւմ պիտի ամաչեմ», եւ Նվերը խեթ նայեց կնոջն ու ասաց՝ «կարող ա՞ Արմոյի մոտ կյանքդ ծերից ծեր պատմես», եւ կինը գլուխը կախեց ու կմկմալով ասաց՝ «քո ասածի վրա ասեցի», եւ Նվերը կնոջն ասաց՝ «մեր գնալու մասին ախպերներիդ ու ձերոնց բան չասես», եւ կինը հարցրեց՝ «մինչեւ ե՞րբ չպիտի ասեմ», եւ Նվերն ասաց՝ «մինչեւ իմ էթալը» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «մինչեւ իմ սամալյոտը գետնից պոկվի», եւ տղան հարցրեց՝ «հեչ սամալյոտ նստած կա՞ս, պապ», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «Սովետի վախտով մի քանի անգամ պատահել ա», եւ կինը Նվերին հարցրեց՝ «քո սամալյոտը ե՞րբ ա գետնից պոկվելու», եւ Նվերն ասաց՝ «շատ ես վռազում. տասը րոպե էլ չկա, որ որոշում եմ կայացրել», եւ տղան հարցրեց՝ «մինչեւ ամառվա վերջ կարող ա՞ թռնես, պապ», եւ Նվերն ասաց՝ «չգիտեմ. հորքուրդ հունիսի մեջ հազիվ էլ թռնի» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «կարող ա ընենց ստացվի, որ ես ու Հրուշն իրար հետ թռնենք», եւ կինն ասաց՝ «ըտենց ավելի ճիշտ կըլնի», եւ Նվերը կնոջն ասաց՝ «ճիշտն ու սխալը դո՛ւ չես որոշելու. պիտի սաղ թղթերը պատրաստ ըլնեն, որ թռնենք», եւ տղան ասաց՝ «որ հորքուրն իմանա համաձայն ես, մի օրվա մեջ էդ սաղ թղթերը կսարքի», եւ կինն ասաց՝ «պատկերացնում եմ՝ Հրուշն ինչքան ա ուրախանալու», եւ Նվերը կնոջը հարցրեց՝ «դուք ուրախացա՞ք», եւ տղան մոր փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «շա՜տ», եւ կինն ասաց՝ «Հրուշը մեզնից շատ կուրախանա», եւ տղան հարցրեց՝ «զանգե՞մ հորքուրին ասեմ, պա՛պ», եւ Նվերն ասաց՝ «պետք չի. ես իրիկվա կողմ իրան կտենամ, ամեն ինչ մեկ առ մեկ կպայմանավորվենք», եւ տղան աչքերը շողշողացնելով ասաց՝ «պատկերացնում եմ՝ հորքուրն ինչքան կուրախանա», եւ Նվերը որդուն ասաց՝ «էսօրվանից պիտի գրքեր ճարես», եւ տղան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գրքեր», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «ֆրանսերենի», եւ կինը ժպտալով Նվերին ասաց՝ «դու քե՛զ տես. տղեդ արդեն մի ամսից ավել ա՝ էդ գրքերը Հրուշից վերցրել ա» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «արդեն ահագին ֆրանսերեն ա չրթում», եւ Նվերը ժպտաց ու որդուն հարցրեց՝ «ինձնից թաքուն գործ ե՞ք բռնել», եւ տղան կարմրելով ասաց՝ «ահագին բառեր էի սովորել, բայց որ մի քանի օր չկրկնեցի, համարյա լրիվ մոռացա», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «ոչինչ. նորից կսովորես», եւ տղան ասաց՝ «հիմի որ հաստատ որոշել ենք, ավելի լուրջ կպարապեմ», եւ Նվերն ասաց՝ «մինչեւ աշուն ահագին սովորած կըլնես», եւ կինը Նվերին հարցրեց՝ «էլ խի՞ ենք մինչեւ աշուն սպասում», եւ Նվերն ասաց՝ «մինչեւ իմ աշխատանքի հարցերը չլուծվեն, ձեզ չենք կարա կանչենք», եւ որդին ժպտաց ու ասաց՝ «ա՛յ պապ, կարող ա իմ աշխատանքի հարցն ավելի հեշտ լուծվի, քան՝ քոնն ու հորքուրինը», եւ կինը տղային ասաց՝ «հորքուրդ էլ էր ասում», եւ Նվերը կնոջը հարցրեց՝ «հորքուրն ի՞նչ էր ասում», եւ կինն ասաց՝ «Հրուշն ասում ա, որ աշխատանքի իմաստով ամենահեշտն էրեխի համար կըլնի, որովհետեւ էնտեղ աշխատանքի ընդունելուց տարիքը հաշվի ա առնվում», եւ Նվերը քամահրանքով նայեց կնոջն ու ասաց՝ «որ տարիքը հաշվի ա առնվում, բա դո՞ւ ոնց պիտի գործ ճարես», եւ կինը ծիծաղեց ու ասաց՝ «հավաքարարի համար տարիքը նշանակություն չունի», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրուշն ինձ տարիքի հաշվով բան չի ասել. ընդհակառակը, ասել ա՝ հենց ոտդ դնես Ֆրանսիա, աշխատանքիդ հարցը լուծված ա», եւ տղան ասաց՝ «ըտենց ա ասել, որովհետեւ Ալեքսը հարուր տոկոսով խոստացել ա», եւ Նվերը ժպտաց ու որդուն ասաց՝ «ընենց ես Ալեքս ասում, լսողը կմտածի՝ հարուր տարվա ընգերդ ա», եւ տղան ժպտաց ու ասաց՝ «իրա անունն Ալեքս ա՝ Ալեքս եմ ասում. որ Պողոս ըլներ, կասեի՝ Պողոս», եւ Նվերն ասաց՝ «իրան հեչ չենք էլ տեսել», եւ տղան ժպտաց ու ասաց՝ «նկարը տեսել ենք՝ հերիք ա», եւ կինն ասաց՝ «նկարից էլ ա էրեւում, որ կարգին մարդ ա», եւ Նվերն ինձ նայեց, ժպտաց ու ասաց՝ «Արմո ջան, փաստորեն, սաղ ազգուտակով մի փեսի հույսին ենք», եւ տղան ասաց՝ «որ ամեն ինչ լավ ստացվի, կյանքով մեկ Ալեքսին պարտական ենք ըլնելու», եւ Նվերը որդուն ասաց՝ «Արմեն հոպարի՛ն պիտի շնորհակալ ըլնեք. ինքը որ ինձ չհամոզեր, ես հազար տարի Ֆրանսիա գնացողը չէի», եւ տղան ծիծաղեց ու ասաց՝ «որ Արմեն հոպարը չըլներ՝ դու լողացողը չէի՜ր», եւ Նվերն ասաց՝ «չհասկացա», եւ կինը բացատրեց՝ «կինոյից ա ասում», եւ Նվերը հարցրեց՝ «ի՞նչ կինո», եւ տղան հարցրեց՝ «էդ կինոն չես հիշո՞ւմ, պապ», եւ Նվերն ասաց՝ «տեղով կինո ենք», եւ ես ասացի՝ «ես գնամ, Նվեր ջան», եւ Նվերն ասաց՝ «թե շատ ես վռազում՝ գնա» եւ որդուն ասաց՝ «ես Արմեն հոպարին ճամփու դնեմ՝ գամ», եւ ես որդուն ու կնոջն ասացի՝ «հաջողություն», եւ կինն ասաց՝ «հաջողություն», եւ որդին ասաց՝ «հաջողություն, Արմեն հոպար», եւ երկուսի՝ ինձ ուղղված հայացքներն էնքան էին կարոտով ու սիրով լեցուն՝ ասես երկար ժամանակ մարդ տեսած չլինեին:

Երբ ջահելներն ինձ «հոպար» են ասում՝ հեչ սրտովս չի, բայց Նվերի ու Նվերի որդու «հոպարը» միանգամայն այլ հոպար էր, ու էդ «հոպարն» ինձ մեկ էլ ութսունականների սկզբներին էր սիրելի ու սրտամոտ, երբ Սիրունյան Ղուկասի երեխեքն էին ինձ «Արմեն հոպար» ասում, եւ ահա՝ Նվերի ու Նվերի որդու «հոպարն» է՛լ էր սրտամոտ ու սիրելի, եւ երբ Ջահանի մոտով անցանք, Ջահանը Նվերին բարեւեց ու ինձ հարցրեց՝ «գնացի՞ր», եւ ես ասացի՝ «հա», եւ Ջահանն ասաց՝ «տես՝ չմոռանաս», եւ ես ասացի՝ «անպայման «Գարունի» խմբագրին կասեմ», եւ Ջահանն ասաց՝ «էն մյո՛ւսը չմոռանաս», եւ ես ասացի՝ «Անանյանին էլ կասեմ», եւ Ջահանն ասաց՝ «ասում եմ՝ չմոռանաս գրքիդ մեջ իմ մասին գրես», եւ ես ժպտացի ու ասացի՝ «չեմ մոռանա, Ջահան ջան», եւ երբ Ջահանից անցանք, Նվերը ժպտաց ու ասաց՝ «քու պատճառով սաղ գիրք կարդացող են դառել», եւ ես ժպտացի ու ասացի՝ «Ջահանը համ էլ գրում ա», եւ Նվերը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ա գրում», եւ ես ասացի՝ «ոտանավոր», եւ Նվերը հարցրեց՝ «կարդացե՞լ ես», եւ ես ասացի՝ «խոստացել ա տա՝ կարդամ», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «երանի՜ քեզ», եւ ես ասացի՝ «իրա գրածներով կասետ էլ ա թողել», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «էս վերջին դուս գալուցս հետո գրողներն աչքիս շատացել են», եւ ես ժպտացի ու ասացի՝ «միշտ էլ շատ են էղել. դո՛ւ ես նոր իմանում», եւ Նվերն ասաց՝ «լսել եմ՝ Գագոն էլ ա գրում», եւ ես հարցրի՝ «ո՞ր Գագոն», եւ Նվերն ասաց՝ «փոքր քեռիդ՝ Գոքորի ախպերը», եւ ես ասացի՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, Գագոն սաղիցս ուժեղ ա գրում», եւ Նվերն ասաց՝ «խմած վախտ տղերքի մոտ արտասանել ա», եւ ես ասացի՝ «ինքը չի արտասանում», եւ Նվերն ասաց՝ «տղերքը լսել են», եւ ես ասացի՝ «խմած վախտ հնարավոր ա», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «մի գժանոցից դուս ես գալի, մի ուրիշ գժանոց ես ընկնում», եւ ես ասացի՝ «ուզում ես ասես՝ ոտանավոր գրողները գիժ ե՞ն», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ գաղութում էլ ոտանավոր գրող կար», եւ ես հարցրի՝ «ո՞վ էր», եւ Նվերն ասաց՝ «Շենգավիթի Վլեն. ինքը համ ոտանավոր էր հնարում, համ էլ էդ ոտանավորների վրով երգեր էր երգում» եւ ժպտալով ավելացրեց՝ «առավոտից իրիկուն զահլեքս տանում էր», եւ ես ժպտացի ու հարցրի՝ «դու չես գրո՞ւմ», եւ Նվերն ասաց՝ «ես հեչ չեմ էլ կարդում» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «էդ գրածդ առաջին կարդացածս ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ մի հատ էլ կարդաս, կարող ա դու էլ սկսես գրել», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա» եւ ժպտալով ավելացրեց՝ «ոչ մի անգամ չեմ գրել, բայց որ կյանքիցս մի քանի հատ դեպք պատմեմ՝ ափալթափալ կգրես» եւ ծիծաղելով ասաց՝ «բայց չեմ պատմի», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «մարդու խայտառակ ես անում», եւ ես ասացի՝ «էլ չեմ գրի», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «արդեն գրել ես», եւ ես ասացի՝ «մտքովս չի անցել, որ քեզ խայտառակ եմ անում», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «ամենասկզբում անունս որ կարդացի, մի տեսակ անսովոր էր», եւ ես ասացի՝ «էլ չեմ գրի», եւ Նվերը մեծահոգաբար ժպտաց ու ասաց՝ «հարմարությանդ նայի», եւ ես ասացի՝ «էլ քո մասին ոչ մի բան չեմ գրի», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «էլ գրելու բան չես էլ թողել», եւ ես մեղավոր ժպտացի ու ասացի՝ «էլ չեմ անի», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «արդեն արել ես» եւ լրջանալով ավելացրեց՝ «մի քիչ համբերի՝ տենանք ինչ ա ըլնում»:

Նվերն ինձ ասաց՝ «մի քիչ համբերի, բայց ես արդեն չէի համբերում, որովհետեւ Սառաջովի «Տոտոյում» խաղադրույքս Նադալի վրա օնլայն դրել ու դուրս էի եկել մազերս սարքելու, եւ վարսավիրանոցից մազերս սարքած դուրս գալով՝ նախ Հրուշին էի հանդիպել, այնուհետեւ՝ Ջահանին, ու Ջահանից հետո էլ՝ Նվերին, եւ Նվերի հետ սուրճ խմելուց ու ահագին խոսելուց հետո շտապում էի «Ռոլան Գարոսի» էդ Նադալ-Ֆեդերեր հանգուցալուծմանը, եւ չնայած էդ պահի դրությամբ թիվ մեկ ռակետը Ֆեդերերն էր, բայց խաղադրույքս Նադալի վրա էի դրել, որովհետեւ գիտեի, որ գրունտի վրա Նադալն է անգերազանցելի, եւ Նվերին հրաժեշտ տալով՝ շտապ վերադարձա «Տոտո», ուր բոլոր էկրաններին Նադալն արդեն ծնկաչոք ցնծում էր, եւ արդեն պարզից էլ պարզ էր, որ դրածս քսան հազար դրամը երեսունվեց հազար էր դառել, եւ տղերքն ինձ տեսնելով՝ աչքալուսանք տվին, ու ես էլ իրենց շնորհավորեցի, որովհետեւ բոլորս էլ Նադալի վրա էինք մեր խաղադրույքները դրել ու բոլորս էլ նախապես հույսով լեցուն էինք, որովհետեւ Ֆեդերերը՝ Ֆեդերեր, բայց գրունտի վրա Նադալն իսկապես հավասարը չունի, ու երեսունվեց հազարս ստանալով՝ շտապեցի Կայարանի իմ տուն, որպեսզի աչքովս տեսնեմ ու համոզվեմ, որ տանս վերանորոգման գործերը տեղից շարժվում են, եւ տանս վերանորոգումն ստանձնած Աբոյին տեղում տեսնելով ու համոզվելով, որ, այնուամենայնիվ, որոշ տեղաշարժ կա, անմիջապես վերադարձա Սառաջովի «Տոտո», ուր չորսից հինգը պիտի Վիոլետին սպասեի, որպեսզի հարցազրույց տայի «Panorama» շաբաթաթերթի համար, եւ չնայած ասելիք բացարձակապես չունեի ու հինգ տարի հարցազրույց չէի տվել, բայց Վիոլետին մերժելն անշնորհքություն կլիներ, մանավանդ որ՝ ինքը նոր-նոր էր Գալստյան Հրաչի «Panorama»-ում աշխատանքի ընդունվել, եւ իր հետ հենց «Տոտոյում» պայմանավորվեցի, որովհետեւ Հրաչի «Panorama»-ն Սառաջովի «Տոտոյի» հենց բակում՝ սեփական տներից մեկի մեջ էր տեղակայված, եւ երբ վերադարձա «Տոտո», արդեն չորսն անց կես էր, եւ արդեն նույն էդ «Ռոլան Գարոս-2007»-ի կանանց եզրափակիչն էր սկսվում, եւ Էնինն ու Մորեսմոն դեռեւս նախավարժանքը չէին ավարտել, եւ չնայած Էնինը չտեսնված մարզավիճակում էր, բուքմեյքերներն Էնինին սեթի համար մեկ ամբողջ յոթանասունհինգ տասնորդական էին տվել, իսկ ամբողջ խաղի համար՝ մեկ ամբողջ հինգ տասնորդական, ու ես ստացածս երեսունվեց հազարը դրեցի մեկ ամբողջ հինգ տասնորդականի տակ ու մինչ կհիշեի, որ «Ռոլան Գարոսը» Ֆրանսիայում է տեղի ունենում, ու ֆրանսիացի հանդիսականն իր Մորեսմոյին է աջակցելու, Արթուրն արդեն խաղադրույքիս կտրոնը տպել էր, եւ մինչ մեկը մյուսից գեշ էդ երկու աղջկերքը կշարունակեին նախավարժանքը, ես կտրոնս վերցրի, դուրս եկա ու մտա խմբագրատուն, ուր խմբագրապետ Հրաչն աջուձախ բոլորի վրա գոռգոռում էր, որովհետեւ թերթն էդ իրիկուն տպարան պիտի հասցվեր, բայց նյութերի մեծ մասը դեռեւս պատրաստ չէր, եւ չնայած Հրաչն ընդամենը մի քանի ամսվա խմբագիր էր, բայց էնքան պրոֆեսիոնալ էր գոռգոռում՝ ասես «Թայմսը» տպելիս լիներ, եւ չնայած Հրաչն ընդամենը մի քանի ամսվա խմբագիր էր, զգացվում էր, որ իր գոռգոռոցին խմբագրության աղջկերքն արդեն վարժված էին ու չէին նեղանում, որովհետեւ ամեն գոռգոռոցից հետո Հրաչը աղջկերքին Մերուժի պես ասում էր՝ «բալես» ու «սիրուն ջան», բայց Հրաչի էդ համանունները Մերուժինից էականորեն էին տարբեր՝ ինչքանով որ Հրաչն ինքն է Մերուժից էականորեն տարբեր, եւ երբ խմբագրություն մտա, էդ պահին լուսանկարչուհի Հայրապետյան Անոն էլ էր Հրաչի մոտ, եւ իրեն լուսանկարչուհի եմ ասում, որովհետեւ դրանից ընդամենը մի քանի օր առաջ Անոյին ոչ թե բանաստեղծության գծով էին նախագահի մրցանակ տվել, այլ՝ լուսանկարչության գծով, ու Անոյին շնորհավորելով՝ նաեւ բացատրեցի, որ իրեն պոեզիայի մրցանակը չէին տա, որովհետեւ ինքն իսկապես լավ բանաստեղծ է, եւ երբ էդ բանն ասացի, Հրաչը գոռալով Անոյին հարցրեց՝ «էդ ի՞նչ մրցանակ ա շնորհավորում», եւ Անոն պատասխանեց ու ասաց՝ «հեչ», եւ Հրաչն ինձ վրա գոռաց՝ «էս որոշել ես խմբագրության աշխատանքը պարալիզացնե՞ս», եւ ես ասացի՝ «չհասկացա», եւ Հրաչն ինձ ասաց՝ «բա չէինք պայմանավորվե՞լ, որ վերջին էջի համար հումոր պիտի գրես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հումոր», եւ Հրաչն ասաց՝ «որ մի վախտ «Առավոտի» վերջին էջին գրում էիր», եւ ես ասացի՝ «էդ մի վախտ էր», եւ Հրաչն ասաց՝ «նորմալ հոնորար կտամ», եւ ես ասացի՝ «պարզ ա, որ նորմալ հոնորար կտաս», եւ Հրաչը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց ա պարզ», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «էսքան սիրուն աղջիկ որ հավաքվել են գլխիդ, կարող ա՞ սիրուն աչքերիդ համար են հավաքվել», եւ Հրաչը հարցրեց՝ «հիմի ի՞նչ ես ասում. չես գրելո՞ւ», եւ ես ասացի՝ «չգիտեմ», եւ Հրաչն ասաց՝ «որ չգիտես՝ խի՞ ես էկել», եւ ես ասացի՝ «Վիոլետի հետ եմ պայմանավորված», եւ Հրաչը հարցրեց՝ «Վիոլետի հե՞տ խի ես պայմանավորված», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ձեր թերթին հարցազրույց պիտի տամ», եւ Հրաչը մի քիչ մտածեց, խորամանկ ժպտաց ու ասաց՝ «որ վերջին էջի հումորները գրես՝ հարցազրույցիդ մի ամբողջ բացվածք կտամ», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «որ հարցազրույցս չտպես՝ էդ հումորներն ավելի շուտ կգրեմ», եւ Հրաչն իր բջջայինի կոճակները սեղմեց ու մի քանի վայրկյան անց բջջայինի մեջ գոռաց՝ «ա՛յ Վիոլետ, մարդկանց հետ որ ժամադրվում ես՝ խի՞ ես ուշանում» եւ Վիոլետին մի քանի վայրկյան լսելուց հետո վերստին գոռաց՝ «հա՛. էկել ա հերիք չի՝ խմբագրության աշխատանքը լրիվ պարալիզացրել ա» եւ բջջայինն անջատեց ու ինձ ասաց՝ «ինքը Աբովյանից նոր-նոր ա դուրս գալիս. ամենաշուտը կես ժամից էստեղ կըլնի», եւ ես ասացի՝ «գնամ՝ կես ժամից կգամ», եւ Հրաչն ասաց՝ «հա. մի կես ժամ էդ տոտալիզատորների հետ ուժդ չափի՝ մինչեւ ինքը գա» եւ էդ ասելով՝ Հրաչը չափազանց բարի ժպտաց՝ էդպիսով ինձ հասկացնելով, որ իր էդ ճվճվոցները լրիվ ձեւականություն էին, եւ առանց իր ժպտալու է՛լ էր դա ակնհայտ, ու նաեւ ակնհայտ էր, որ խմբագրի դերը Հրաչի սրտով էր, եւ չնայած մեր օրերի խմբագրի դերը չափազանց բարդ դեր է, Հրաչը հնարավորինս պարզեցրել ու միանգամայն սրտանց էր խաղում. մինչդեռ ես շատ կուզեի, որ իր զայրույթն ու բղավոցներն իրական ու բնական լինեին, որովհետեւ էդ օրն ու էդ պահին էդ հարցազրույցից ճողոպրելու հիմնավոր պատճառ էի փնտրում, բայց թարսի պես Հրաչը վերջին պահին ժպտաց, եւ պատճառս անմիջապես ու ամբողջովին տարրալուծվեց իր ժպիտի մեջ, ու հարցազրույցից խուսափելուս պատճառը ոչ միայն ասելիք չունենալս էր, այլեւ այն, որ բանաստեղծությունը թարգելուց հետո, արդեն հինգ տարի էր, հարցազրույց տված չկայի, որովհետեւ գլխումս ինչ միտք ծագում էր՝ արձակիս մեջ էի խցկում, բայց, մյուս կողմից էլ, Վիոլետին մերժելն էր անշնորհքություն, որովհետեւ էդ հարցազրույցը Վիոլետի համար աշխատանք ու աշխատավարձ էր, եւ, բացի այդ, Հրաչն իսկական պրոֆեսիոնալ խմբագրի պես ճիշտ ժամանակին դադարեցրեց գոռգոռոցը, մինչդեռ ես նախընտրում էի մնալ ու Հրաչի գոռգոռոցները լսել, քան՝ Էնինի ու Մորեսմոյի հառաչներն ու բառաչները, եւ ոտս կախ գցելով՝ սկսեցի խմբագրատան բակի կեռասենու վերջին կեռասները ոչնչացնել, եւ Հրաչը մի պահ բակ դուրս գալով ու ինձ ճյուղերը պռճոկելիս տեսնելով՝ ծիծաղեց ու ասաց՝ «էդ ծառին գիլաս մնացե՞լ ա, որ քեզ ըտենց կոտորում ես», եւ ես ասացի՝ «մի քանի հատ կա», եւ Հրաչն ամենավերեւի ամենակարմիր կեռասը ցույց տալով ժպտաց ու ասաց՝ «որ մի քիչ բոյ ունենայիր՝ էն ամենավերեւի ամենակարմիրին կհասնեիր», եւ ես ասացի՝ «Աստված ինձ քո բոյը չի տվել, որ էդ ամենավերեւինին հասնեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել