Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական խճանկար

Հուլիս 26,2008 00:00

Ներկայանալի տեսք կունենանք

\"\"Օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկող ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի հավաքականներն ու անհատ մարզիկներն արդեն ճամպրուկներն են հավաքում:

Համաշխարհային այս խոշորագույն տոնահանդեսում ներկայանալի տեսք ունենալու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ժամանակին համագործակցության պայմանագրեր է ստորագրել մարզական եւ նորաձեւ հագուստներ արտադրող ֆիրմաների հետ:

Խաղերի բացման հանդիսավոր արարողության շքերթին Հայաստանի մարզական պատվիրակությունը կմասնակցի հայրենական «Կիվերա Նայնոմիս» նորաձեւության ստուդիայի դիզայներների պատրաստած հագուստով:

Օլիմպիական մրցասպարեզներում մեր մարզիկները եւ մարզիչները կկրեն «Բոսկո» ֆիրմայի արտադրած մարզազգեստները: Իսկ տարբեր մարզաձեւերի մարզիկները հանդես կգան հանրահայտ «Ադիդաս» ֆիրմայի տրամադրած մասնագիտական համազգեստներով:

Արժե օլիմպիական չեմպիոն դառնալ

Նախաօլիմպիական այս ժամանակաշրջանում Խաղերի մասնակից մարզիկներին ոգեւորելու համար ամբողջ աշխարհում խրախուսական մրցանակներ սահմանելու մի իսկական մրցավազք է սկսվել: Տարբեր երկրների մարզական կազմակերպությունները, անգամ պետությունների առաջին դեմքերը ապագա չեմպիոններին եւ մեդալակիրներին դրամական ու նյութական խրախուսական մրցանակներ են խոստանում:

Հայաստանում այդ խնդիրը պետական մակարդակով լուծվել է դեռ 2001 թվականին: Կառավարության՝ նույն տարվա մայիսի 29-ի թիվ 462 որոշումով Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող եւ մրցանակային տեղ գրավող յուրաքանչյուր մարզիկի պետության բյուջեից շնորհվում է պատկառելի խրախուսական մրցանակ հետեւյալ չափաբաժիններով. ոսկի՝ $40 հազարին համարժեք, արծաթ՝ $30 հազարին, բրոնզ՝ $20 հազարին համարժեք դրամ, իսկ նրանց անձնական եւ հավաքականների գլխավոր մարզիչներին՝ 50%-ի չափով:

Սրանից բացի, հայաստանցի օլիմպիական չեմպիոնը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից կստանա դրամական եւ նյութական մրցանակներ, որոնց ընդհանուր գումարը կկազմի $700 հազար:

Խորեն Գեւորը՝ RBU-ի տիտղոսի հավակնորդ

\"\"Բռնցքամարտի եվրոպական միությունը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գեւորին անվանել է միջին քաշային կարգում չեմպիոնի թափուր տեղի համահավակնորդ:

Հայ բռնցքամարտիկի դեմ ելնելու է պաշտոնական հավակնորդ, ֆինն Ամին Ասիկյայնենը: Կազմակերպչական բոլոր խնդիրները լուծելու վերջնաժամկետ նշանակվել է սեպտեմբերի 4-ը: Հակառակ դեպքում, EBU-ն մարտը կազմակերպելու իրավունքի համար մրցույթ կհայտարարի: Ֆիննական կողմն արդեն հասցրել է հայտարարել, որ իրենք անելու են ամեն բան, որպեսզի մարտը կայանա իրենց երկրում:

Այս քաշային կարգում չեմպիոնի տեղը թափուր է մնացել այն բանից հետո, երբ տիտղոսակիր Սեբաստյան Սիլվեստրը WBA-ի վարկածով չեմպիոն Ֆելիքս Շտուրմի հետ հանդիպելու նպատակով հրաժարվեց գոտուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել