Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական կրթական խորհրդաժողովը բացվեց

Հուլիս 26,2008 00:00

Շեշտը դրվելու է Սփյուռքում հայապահպանության խնդիրների վրա

Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկեց եռօրյա Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովը, որին մասնակցում էին 31 երկրի 147 ներկայացուցիչ՝ այդ թվում արտերկրում հայեցի կրթության եւ դաստիարակության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների եւ հաստատությունների ղեկավարներ, հայկական կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ: Խորհրդաժողովի նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների խնդիրները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման եւ համագործակցության հաջորդական քայլերը: Ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը, Սփյուռքի կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ այլք:

Ս. Սեյրանյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ասաց, որ միջոցառմանը Հայաստանի, Արցախի ու Ջավախքի ուսուցիչների հետ մեկտեղ մասնակցում են նաեւ Աբխազիայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ավստրալիայի, Բելգիայի, Կանադայի, Հունգարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Սիրիայի, Լիբանանի, Թուրքիայի եւ այլ երկրների ուսուցիչներ, որոնց համախմբել է մեկ մտահոգություն՝ հայեցի կրթության եւ դաստիարակության առկա հիմնախնդիրները Հայաստանում եւ Սփյուռքում, որն իր առարկայական պայմանների ու հանգամանքների բերումով լրջորեն վտանգված է: «Արտերկրում բնակվող հայությունն իր ինքնությունը պահպանելու համար գերբնական ճիգեր է գործադրում, ուստի անհրաժեշտ է պետական լուրջ քաղաքականություն»,- փաստեց նախարարը: Ս. Սեյրանյանը նաեւ նշեց. «Ելնելով արտերկրի հայապահպանական կրթամշակութային գործունեությանն աջակցելու Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքներից եւ գործընթացին նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունից՝ նպատակադրվել ենք առաջիկայում իրականացնել մի շարք նախաձեռնություններ: Օրինակ, ծրագիր, ըստ որի՝ հայերենը պիտի լինի երկրորդ լեզու օտարախոս հայերի համար, համալիր փաթեթի ձեւավորում, բնագիտական առարկաների դպրոցական համահայկական օլիմպիադաների, հայագիտական միջազգային խորհրդաժողովների կազմակերպում եւ այլն»:

Տ. Սարգսյանը եւս, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ասաց. «Եթե ժամանակին թվում էր, թե աշխարհով մեկ սփռված հայկական Սփյուռքը շատ հեռու է ու անհասանելի, ապա այսօր մենք տեսնում ենք, որ վերջինս ներխուժել է մեր առօրյայի մեջ, դարձել մեր կյանքի անբաժանելի մասն ու մենք չենք կարող հաշվի չնստել այդ իրողության հետ»: Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովի մասնակիցներին իրենց ուղերձն էին հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ս. Սարգսյանն իր ուղերձում ասում էր. «Ուրախ եմ, որ համաժողովը Հայաստանում է մեկտեղել արտերկրում հայեցի կրթության ու դաստիարակության հարցերով նվիրյալներին, Սփյուռքում հայապահպանության առաջամարտիկներին՝ հայ ուսուցիչներին: Ես երախտագիտության խոսք եմ հղում ձեզանից յուրաքանչյուրին: Դուք իրականացնում եք հային հայ պահելու, հայրենասեր սերունդ կրթելու առաքելություն, իսկ այս գործում Հայաստանի Հանրապետությունը լուրջ անելիքներ ունի: Համոզված եմ, որ հայրենիք հաճախակի այցելությունների, նման խորհրդաժողովների, քննարկումների շնորհիվ դուք նոր գիտելիքներ, շունչ եւ հոգի եք առնելու ու հաղորդելու ձեր սաներին՝ ում վիճակված է շարունակել հայ ժողովրդի հավերժական դերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել