Լրահոս
Օրվա լրահոսը

Գոշավանքը պղծում են

Հուլիս 26,2008 00:00

\"\"Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, պատմամշակութային հուշարձանը իրավաբանորեն համարվում է ազգային, պետական սեփականություն, որի տնօրինումը, օգտագործումը կամ վարձակալությունը ունի օրենքով սահմանած կարգ:

Բայց արի ու տես, որ այսօրվա Հայաստանում «Պատմության ու մշակույթի պահպանության ու օգտագործման օրենքը», շատ օրենքների նման, գոյություն ունի զուտ թղթի վրա: Այլապես, ինչպես կարելի է հասկանալ, որ միջնադարյան ճարտարապետական գոհարներից մեկում, այն է՝ Գոշավանքի վանական համալիրում, ոմն տեղական «խառոշի» անմիջապես համալիրի սեղանատան պատին կից նոր կառույց է ձեռնարկել: Իսկ որ այդ դատարկ թղթի վրա գրված օրենքը ասում է, որ հուշարձանը ունի մշակութային շերտի գոտի, պոտենցիալ պեղման գոտի, լավագույն տեսադաշտի ապահովման գոտի, պատմականորեն ձեւավորված լանդշաֆտի պահպանության գոտի, եւ որ այդ գոտիները վաղուց կազմված ու հաստատված են համապատասխան իշխանական մարմիններում եւ որ այդ գոտիներում ներառված տարածքներում անթույլատրելի է որեւէ հողային աշխատանք, առանց պետական պահպանությունը իրագործող լիազոր մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնացնելու, հոգ չէ, դա ուրիշ երգից է: Իսկ որ այդ նույն նախարարության կազմում գործող Գոշավանքի «արգելոց թանգարանը» իր անձնակազմով, որը եւ պարտավոր է հսկել օրենքի կատարումը անմիջապես տեղում՝ չի տեսնում, սա արդեն լրիվ անկապ «կենսաբանություն» է: Լավ տղեքին պետք է՝ «օբյեկտ» ունենալ, էլ օրենքս ո՞րն է:

Չէ՞ որ, երբ տրակտորով փորում-հարթեցնում էին յոթհարյուրամյա պատի տակի շինհրապարակը՝ հին պատերի հատվածներ էին բացվում, ոսկորներ, խեցեղեն բեկորներ եւ Աստված գիտի, թե էլ ինչ հնագիտական նյութեր, չէին հասկանում, որ դա մեր ազգի մշակույթն է, մեր դեմքը, մեր պատմությունը, որի կենացը հաստատ բազմիցս խմել են: Հոգ չէ, հուշարձանը ոչինչ է, «օբյեկտը»՝ ամեն ինչ:

Այս համատարած վախի, անտարբերության մթնոլորտում, մի կողմ քաշվածի հոգեբանությամբ մենք արդեն հասել ենք այն կետին, որ սերունդները վաղը թքելու են մեր երեսին, ասելով՝ «լավ, նրանք հիմար էին, սրիկա, ապազգայնացված հաստավիզ իշխանավոր խաժամուժ, բայց դո՞ւք ուր էիք, ինչո՞ւ էիք լռում, չէ՞ որ հասկանում էիք, որ հուշարձանը չվերարտադրվող արժեք է, այն քանդվում ու պղծվում է մեկ անգամ եւ ընդմիշտ»: Ինչո՞ւ Գոշավանքին նայելով՝ ես պետք է անկապ օտարածին շինություն տեսնեմ, որը ոչ մի կերպ չեմ կարողանա հանել ֆոտոխցիկի օբյեկտիվից: Ինչ պատասխանեմ ինքս ինձ եւ քմծիծաղով հարցնող հազարավոր զբոսաշրջիկներին, թե ինչ գործ ունի այդ «չքնաղ օբյեկտը» հուշարձանի համալիրում: Առանց այդ էլ Գոշավանքի պատմական միջավայրը արդեն զգալիորեն խաթարում է դիմացի հրապարակում կառուցված եռահարկ շենքը: Իսկ եկեղեցու թմբուկները պսակող ապակեպատ վեղարները, որ դրվել են բարի միտումով, բայց չուղղորդված լիազոր մարմնի մասնագետների կողմից, մեկ այլ սիմֆոնիայից են…

Բավական է, նույնիսկ շատ: Կանգ առեք: Հուշարձանը «օբյեկտ» չէ: Հուշարձանի տարածքում կարող են աշխատել միայն մասնագետները, այն էլ հատուկ թույլտվությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել