Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԴԵ՛Լ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎՐԱ

Հուլիս 26,2008 00:00

\"\"Անդրադառնալով հասարակարգերի ժամանակագրական սահմաններին՝ կարելի է նկատել, որ դրանք համընկնում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների փոփոխմանը:

Եվ եթե «դասականները» դրանք տարբերակում են գույքային հարաբերություններով ու, լինելով քիչ թե շատ ճշգրիտ վաղ շրջանի վերաբերյալ, կորցրել են հատկապես հետֆեոդալական հասարակարգին հաջորդողների նկարագրության տրամաբանությունը, ապա բաժանումն ըստ ժայռապատկերների, սեպագրերի, ձեռագիր մագաղաթների, տպագիր գրքի, ռադիոյի եւ հեռուստատեսության դարաշրջանների՝ առավել համապարփակ է, անհակասական եւ ցայտուն:

Նոր դարաշրջանն ավելի ու ավելի հաճախ անվանում են «ինֆորմացիոն դարաշրջան»՝ թերեւս այն պատճառով, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաները դադարել են լինել սպասարկող եւ վերածվել են թելադրողի: Մասմեդիան, ի դեմս ինտերնետի, դարձել է ժամանակի տեխնոլոգիական օրենսդիրը: Սակայն մեզանում այն թե՛ որակական առումով է ցածր, թե՛ անմատչելի է գնի տեսակետից: Ուստի, պատահական չէ, որ ինտերնետ օգտագործողների տեսակարար թվով մենք զիջում ենք երրորդ աշխարհի շատ պետությունների:

Ստեղծված վիճակի պատճառների պարզաբանման ժամանակ միանգամից առանձնանում են քաղաքակրթականը, հոգեբանականը եւ տեխնիկականը:

Պատճառ քաղաքակրթական. Հարաբերական խաղաղ 10 տարիների ընթացքում հայ հասարակությունը գլորվեց խորը միջնադար. ռադիոն եւ հեռուստատեսությունը, լինելով իշխանական հուժկու մամլիչի տակ, զրկված են նորմալ զարգանալու հնարավորությունից, տպագիր մամուլը խիստ սահմանափակ է եւ անհասանելի անգամ Երեւանի ծայրամասերում, էլ չասած հեռավոր շրջանների մասին: Իսկ մարտի 1-ից սկիզբ առած տեռորի 20 օրերի ընթացքում, հարյուրամյակների բացակայությունից հետո, կրկին հրապարակ եկան սուրհանդակները, որոնք երբեմն փոխանցում էին բացառապես բանավոր ինֆորմացիա: 20 օր շարունակ հայրենի հատուկ ծառայությունները «ռմբահարում» էին անգամ տպագիր ինտերնետ ռեսուրսները, ամեն կերպ սահմանափակելով դրանց հասանելիությունը: Մի քանի ամիս առաջվա դեպքերից հետո մեր պատմությունը միանգամայն այլ ընթացք կունենար, եթե Հայաստանում լիներ զարգացած արագագործ ինտերնետ, որով հնարավոր լիներ կազմակերպել ձայնային եւ տեսահեռարձակում՝ հնարավորինս մեծ թվով ինտերնետ օգտագործողների համար: Իսկ դրան խանգարելու միակ հնարավոր միջոցը մասմեդիայի անհասանելի թանկ լինելն է, եւ իշխանությունները դա հաջողությամբ իրականացնում են: Այսպիսով, իշխանությունները մահու չափ վախենում են ինտերնետի հնարավորություններից: Սա՛ է, ահա, քոչարյանական կուլտուրոլոգիական եւ քաղաքակրթական պատկերացումը հասարակական հարաբերությունների վերաբերյալ:

Պատճառ հոգեբանական. Մայրաքաղաքի եւ մնացյալ Հայաստանի միջեւ ռեսուրսների անարդար բաշխման արդյունքում առաջացել է մենթալության (հոգեկերտվածքի) տարբերություն: Արդյունքում մեր հասարակությունը բնական է համարում այն, որ, ասենք, 11-ամյա գյուղաբնակ տղան, Սահմանադրությամբ երաշխավորված կրթությունը ստանալու փոխարեն, արածեցնում է գյուղի հոտը: Չստանալով անհրաժեշտ կրթություն՝ նա անդառնալիորեն կորցնում է ժամանակակից հասարակության մաս դառնալու հնարավորությունը՝ փոխարենը ինքնահաստատվում իր այդ միջնադարյան-աֆղանական դերում: Բնական է, որ նմանին բավարարում է միայն մեկ ալիք բռնող երեսնամյա իր հեռուստացույցը, այլ ոչ երբեք մասմեդիան՝ իր արագ կերպարանափոխումներով:

Մյուս կողմից, անկայուն տնտեսական դաշտում կապի ծառայություններ մատուցող մանր ու միջին օպերատորները շեշտադրումներ են անում միայն կայացած եւ կանխատեսելի թաղային շուկաներում: Որպես կանոն, դրանք բավարարում են «հարուստ թաղամաս» կարծրատիպին՝ վճարունակ եւ գործունեության ծավալմանը հարմար: Այդ «շուկաները» շատ շուտով գերհագենում են (հաշվի առնելով տեղական չափանիշները): Իրավիճակի շտկում կարող է լինել աշխարհում վաղուց ընդունելի խոշորացումների (միաձուլումների) միջոցով, սակայն հայ գործարարը դեռ պատրաստ չէ իր բիզնեսը «կիսել» մեկ ուրիշի հետ: Եվ առաջիկայում մենք կունենանք երկու «հայ ժողովուրդ», ինչպես որ այլ հատույթներում ունենք նման բաժանումներ:

Պատճառ տեխնիկական. Սա թերեւս նախորդ երկուսի հետեւանքն է: Գոյություն ունի որակյալ կապը վերջնական օգտագործողին հասցնելու տեխնիկական խնդիր («վերջին մղոնի» խնդիր), որն այսօր ի վիճակի է լուծել միայն «ԱրմենՏելը» (նոր անվանումով՝ «Բիլայնը»): Զուգահեռ տեխնիկական լուծում տալու համար անգամ միջին օպերատորների հզորությունները չեն բավարարում: Այս պայմաններում «ԱրմենՏելը» ժամանակավորապես էապես իջեցնելով կապի ծառայության մատուցման սակագինը, կիրառում է շուկայի ագահ զավթում: Սակայն անգամ այս՝ «ցածր» գների պարագայում՝ միեւնույն գնով Հայաստանում շարքային օգտագործողը կարող է ձեռք բերել 8-10 անգամ դանդաղ կապուղի, այն էլ առանց լրացուցիչ ծառայությունների (կաբելային հեռուստատեսություն, IP-հեռախոսակապ, ինտերնետի ռոումինգ եւ այլն):

Միջին օպերատորների սպասելի պատասխանն այս պահին լոբբինգի մեխանիզմի գործադրումն է՝ միտված կա՛մ «ԱրմենՏելի» տեխնիկական հնարավորությունների հավասար իրավունքներով օգտագործմանը, կա՛մ «ԱրմենՏելի» գների հրամայական մեթոդներով բարձրացմանը: Եվ եթե միջին օպերատորների մի մասն օգտագործում է համեմատաբար ազնիվ առաջին տարբերակը, որոշներն արդեն մամուլի հրապարակումներով հող են զոնդավորում «ԱրմենՏելին» գներ բարձրացնելուն ստիպելու համար:

Ամփոփելով, կարելի է փաստել, որ կապի ոլորտում առանց պետական քաղաքականության, մոտ ապագայում իրավիճակի որեւէ բարելավում սպասել չարժե: Դրա հետեւանքով մենք հերթական անգամ կորցնում ենք քաղաքակրթությանը հավասար քայլելու մեր հնարավորությունը, արգելակում ենք Հայաստանի համար կենսական՝ ամենագիտատար եւ ոչռեսուրսակիր ճյուղի  զարգացումը, բաց ենք թողնում տարածաշրջանում գեթ մեկ գործոնով մրցակից լինելու եւ թելադրող, նախահարձակ խաղացող լինելու հնարավորությունը, որոնց կողքին արդեն մանր ու կենցաղային խոսակցություններ են միջին եւ մանր օպերատորներին խրախուսելը, մի քանի աշխատատեղ ավելի կամ պակաս ունենալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել