Լրահոս
Օրվա լրահոսը

Տ. ՍԱՐԳՍՅԱՆ-Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ ԲԱՆԱՎԵՃ

Հուլիս 26,2008 00:00

\"\"Դատական փաստարկներ

Այս տարվա փետրվարի 18-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել քաղաքացիական դատարան, ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանը դատարանին հայտնել է հետեւյալը. «Փետրվարի 2-ին «Առավոտ» օրաթերթում «Որոշումները պետք է վերանայվեն. վստահ է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը» վերնագրով հրապարակված հարցազրույցում տարածվել են տեղեկություններ, որոնք իրականությանը չհամապատասխանելու հիմքով արատավորում են ՀՀ ԿԲ-ի գործարար համբավը եւ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը: Հ. Բագրատյանը նշել է, որ «ԿԲ նախագահը վաղուց էր բանկի հետեւից ընկել: Բացառված չէ, որ նման կարգադրություն էր ստացել Ռոբերտ Քոչարյանից: Իսկ մեր բանկային օրենսդրությունն այնպիսին է, որ եթե Տ. Սարգսյանն ուզում է, շատ կարճ ժամանակում սնանկացնում է ցանկացած բանկ: «Արդշինբանկում» գիտեին, որ իրենք իշխանությունների հետ խնդիր ունեն: Բանկին օգնելու փոխարեն, նա անմիջապես սնանկացման գործընթաց հայտարարեց: Այս աշխատանքները հանձնարարվեցին նրա կողմից նշանակված ժամանակավոր ադմինիստրացիային, որի ղեկավարը ԿԲ աշխատակից էր»: Պատասխանողն առնվազն պետք է բացատրի, թե ինչ է նշանակում «բանկի հետեւից ընկնել» արտահայտությունը եւ ապացույցներ ներկայացնի այդ մասին: Համաձայն ՀՀ բանկային օրենսդրության, բանկը կարող է անվճարունակ ճանաչվել միայն ԿԲ խորհրդի որոշմամբ, օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: ԿԲ խորհրդի որոշմամբ է նշանակվում նաեւ անվճարունակ ճանաչված բանկի ժամանակավոր ադմինիստրացիան: ՀՀ օրենքի 18-րդ հոդվածում սահմանված են ԿԲ նախագահի լիազորությունները, որտեղ բացակայում են ինչպես որեւէ բանկի անվճարունակ կամ սնանկ ճանաչելու, այնպես էլ «բանկի հետեւից ընկնելու» լիազորությունները: Հետեւաբար, ԿԲ նախագահը չէր կարող իր որոշմամբ անվճարունակ կամ սնանկ ճանաչել որեւէ բանկի: ԿԲ նախկին նախագահի հասցեին նման արտահայտություններ անելն արատավորում է նրա պատիվն ու արժանապատվությունը, քանի որ հոդվածը կարդացողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա պարբերաբար չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, խախտել է ՀՀ օրենքները եւ դրսեւորել է կամայական վերաբերմունք բանկերի նկատմամբ: Հ. Բագրատյանը մոլորության մեջ է գցել ընթերցողներին նաեւ «Հայագրոբանկի» «սնանկության» վերաբերյալ: Խնդիրն այն է, որ «Հայագրոբանկը» ԿԲ խորհրդի կողմից անվճարունակ չի ճանաչվել եւ անվճարունակության կամ սնանկության գործընթաց վերջինիս նկատմամբ չի ծավալվել: «Հայագրոբանկը» մինչ այսօր գտնվում է ինքնալուծարման գործընթացում: Այս հայտարարության մասով նույնպես ընթերցողը մոլորության մեջ է ընկնում եւ բացասական կարծիք կազմում ԿԲ-ի մասին: Հ. Բագրատյանը նշել է նաեւ, որ «քոչարյանական Ազգային ժողովը օրենք է ընդունում եւ «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը հանձնարարում է ԿԲ-ին, որն էլ այդ բանկը սեփականաշնորհում է: Հայաստանի ամենամեծ բանկը, ավելի քան 100 մասնաճյուղերով, վաճառվում է «Միկային»՝ 400 հազար դոլարով»: Նախ ՀՀ Ազգային ժողովը «Հայխնայբանկի» սեփականաշնորհման մասին օրենք չի ընդունել, որով այդ գործընթացը հանձնարարվի ԿԲ-ին: Երկրորդ, «Հայխնայբանկը» սեփականաշնորհվել է կառավարության 08.09.2001-ի թիվ 835 որոշմամբ, եւ այդ գործընթացը հանձնարարվել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը: ԿԲ-ն «Հայխնայբանկի» սեփականաշնորհման հետ ոչ մի կապ չի ունեցել եւ որեւէ գործարքի չի մասնակցել: Նման տեղեկությունների տարածման արդյունքում արատավորվում է ՀՀ ԿԲ-ի գործարար համբավը, քանի որ բանկի հետ գործարար հարաբերությունների մեջ գտնվող բազմաթիվ միջազգային եւ օտարերկրյա կազմակերպություններ եւ այլ սուբյեկտներ, նշված տեղեկությունները կարդալուց հետո, ԿԲ-ի վերաբերյալ կարող են ձեւավորել բացասական կարծիք եւ տպավորություն, որ նա կարող է իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ սնանկացնել եւ իր ուզած գնով վաճառել ՀՀ-ում գործող ցանկացած բանկ, ինչպես նաեւ վատնել պետության միջոցները»:

Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը դատարանին հայտնել է հետեւյալը. «Հայցն անհիմն է եւ ենթակա մերժման՝ հետեւյալ հիմնավորմամբ: Հայցվորները նշել են, որ պատասխանողն առնվազն պետք է պարզաբանի, թե ինչ է նշանակում «բանկի հետեւից ընկնել» եւ ապացույցներ ներկայացնի այն մասին, որ ԿԲ նախագահը «ընկել» է «Արդշինբանկի» հետեւից»: Պարզաբանում ենք, որ այս արտահայտությունը տվյալ դեպքում հարկ է մեկնաբանել այդ դարձվածքի բուն իմաստով, այսինքն՝ այն իմաստով, որ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ունենալով շահագրգռություն «Արդշինբանկին» սնանկ ճանաչելու մեջ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում, ի վերջո, հանգեցրել են նշված բանկի սնանկության: Պատասխանող կողմը դատարանի ուշադրությունն արդեն հրավիրել է այդ հարցի կապակցությամբ տարբեր թերթերում սրանից մի քանի տարի առաջ տեղ գտած հրապարակումների վրա: Դրանցից ուշադրության է արժանի «Հայկական ժամանակ» օրաթերթում (27.11.2003) տպագրված «Պտույտներ բանկային համակարգի շուրջ» վերնագրով հոդվածը, որում հեղինակը, ի թիվս այլ մանրամասների, ավելի քան հստակ նշել է, որ Լեւոն Ֆարմանյանին «Արդշինբանկի» նախագահի պաշտոնից ազատելը, ասում են, բացասաբար է ազդել բանկի վրա, որտեղ նրանից հետո անհասկանալի դեպքեր են ծավալվել: Չենք կարող չնշել նաեւ, որ օրենքով՝ բանկային համակարգի բնականոն գործունեության թիվ 1 պատասխանատուները Կենտրոնական բանկն ու նրա նախագահն են, որոնք այս մութ պատմությունների ու քրեական գործերի առատության պարագայում մի տեսակ ստվերում են մնացել: Սակայն պետք չէ մոռանալ, որ մեզանում պատասխանատվության հարցը, որպես կանոն, բարձրացվում է պաշտոնաթողությունից հետո: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ կետի եւ 179 հոդվածի համաձայն, հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումները քրեական գործ հարուցելու առիթ են հանդիսանում: Այն հանգամանքը, որ հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը երբեւիցե որեւէ միջոց չեն ձեռնարկել «Արդշինբանկի» սնանկության բուն պատճառների վերաբերյալ՝ ինչպես նախկինում, այնպես էլ պատասխանողի կողմից հետագայում հրապարակված հաղորդումները ստուգելու ուղղությամբ, այժմ որեւէ պարագայում չի կարող մեկնաբանվել իբրեւ այդ հաղորդումների՝ իրականությանը չհամապատասխանելու ապացույց, իսկ առավել եւս, իրավապահ մարմինների՝ այս առթիվ ցուցաբերած շարունակական անգործության հետեւանքները չեն կարող բարդվել սույն գործով պատասխանողի վրա»:

«Ագրոբանկի» մասով պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ քննարկվող հոդվածում նրա հայտնած դիրքորոշումը հանգել է ոչ թե ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից օրենքի պահանջների ձեւական խախտումներ թույլ տալուն, այլ «Ագրոբանկն» ամեն կերպ սնանկացնելու նպատակին, որպեսզի հետագայում այդ բանկի ակտիվների հիմնական մասն անցնի «Արդշինինվեստբանկին»: Հատկանշական է, որ հայցվորները չեն վիճարկել «Ագրոբանկի» ակտիվները հետագայում «Արդշինինվեստբանկին» անցնելու փաստը, ինչից հարկ է եզրակացնել, որ նրանք լռակյաց ընդունել են, որ նշված տեղեկությունները, համենայնդեպս, հեռու չեն իրականությունից:

«Հայխնայբանկի» վերաբերյալ Ա. Գրիգորյանը պնդել է, որ ԿԲ նախագահը անմասն չի եղել այս բանկի մասնավորեցման գործընթացից, հիմնավորվում է ՀՀ կառավարության 07.02.2001-ի որոշմամբ, որի թիվ 1 հավելվածից երեւում է, որ նշված բանկի բաժնետոմսերի տեղաբաշխման հանձնաժողովը ստեղծվել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի համաձայնությամբ: Էականը թերեւս այն է, որ հայցվորները դարձյալ լռակյաց ընդունել են պատասխանողի այն պնդումները, որ «Հայաստանի ամենամեծ բանկային համակարգը, ավելի քան 100 մասնաճյուղերով, վաճառվում է նույն «Միկային»՝ ընդամենը 400 հազար դոլարով»:

Հայցը բավարարելու դեպքում կխախտվի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածով երաշխավորված պատասխանողի՝ արտահայտվելու ազատության իրավունքը:

Դատարանի իրավական վերլուծությունները: Դատարանը գտնում է, որ հայցը հիմնավոր է եւ բխում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 14-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածների պահանջներից, սակայն ենթակա է բավարարման մասնակիորեն՝ հետեւյալ պատճառներով: Շարադրելով «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի սնանկության վերաբերյալ փաստերը, Հ. Բագրատյանը պնդել է, որ ԿԲ-ն թույլ է տվել բանկային գործունեության հետ կապ չունեցող մեկին դառնալ բանկի սեփականատեր, ԿԲ-ն դա արել է մտածված, այնուհետեւ շարունակելով, նշել է. «Ամեն ինչ արված էր, որպեսզի «Ագրոբանկը» նույնպես սնանկանա»: Հրապարակված արտահայտությունների համադրմամբ, փաստորեն, պնդում է արվել, որ «Ագրոբանկի» նկատմամբ սնանկության գործընթացն իր նախաձեռնությամբ ծավալել է ԿԲ-ն, մինչդեռ այդ պնդումն իրականությանը համապատասխանելու վերաբերյալ պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը որեւէ ապացույց չեն ներկայացրել: Ինչ վերաբերում է նրան, թե այդ տեղեկություններն արատավորո՞ւմ են, արդյոք, ՀՀ ԿԲ-ի գործարար համբավը, ԿԲ նախագահի պատիվն ու արժանապատվությունը, ապա դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տարածված տեղեկությունների այդ հատկանիշը եւս առկա է: Պատասխանողի ներկայացուցչի այն փաստարկը, թե հայցվորները չեն վիճարկել «Ագրոբանկի» ակտիվները հետագայում «Արդշինինվեստբանկին» անցնելու, հետեւաբար եւ հրապարակված տեղեկություններն իրականությունից հեռու չլինելու փաստը, սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի: Հիմնավոր չէ նաեւ պատասխանողի ներկայացուցչի այն պատճառաբանությունը, թե «Ագրոբանկի» լուծարումը կամ ինքնալուծարումը տվյալ դեպքում էական հանգամանք չէ: Այդ էական է այնքանով, որ հրապարակման մեջ ԿԲ-ին եւ նրա նախագահին վերագրվել է «մտածված» կերպով «Ագրոբանկը» լուծարելու եւ նրա ակտիվները չարաշահումներով «Արդշինինվեստբանկին» փոխանցելու նախաձեռնություն, մինչդեռ ԿԲ-ի կամ նրա նախագահի կողմից նման նախաձեռնություն դրսեւորելու կամ նման նպատակ ունենալու փաստերը՝ պատասխանողի կողմից չեն ապացուցվել: Հ. Բագրատյանը պնդել է, որ քոչարյանական Ազգային ժողովը, օրենք ընդունելով, «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը հանձնարարել է ԿԲ-ին: Նշված պնդումները իրականությանը համապատասխանելու վերաբերյալ ապացույցներ եւս դատարան չի ներկայացվել: Պատասխանողի ներկայացուցչի միջնորդությամբ, հայցվորից պահանջած ապացույցներով հիմնավորվեց, որ «Հայխնայբանկ» ՓԲԸ-ն մասնավորեցվել է ՀՀ կառավարության 07.02.2001-ի թիվ 88 որոշմամբ, ընդ որում, այդ բանկի մասնավորեցման հետ կապված հնարավոր ներդրողների հետ բանակցություններ վարելը հանձնարարվել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը: Դատարանը գտնում է, որ հրապարակված հարցազրույցում Հ. Բագրատյանը բարձրացրել է ՀՀ բանկային համակարգի, մասնավորապես՝ ԿԲ-ի, նրա նախագահի գործունեության վերաբերյալ հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, սակայն հենց այդ հարցերի կարեւորությունը պայմանավորում է այն անհրաժեշտությունը, որպեսզի տարածված տեղեկատվությունը համապատասխանի իրականությանը, հակառակ դեպքում՝ քննադատությունը չի կարող ծառայել իր նպատակին: Ավելին, ԿԲ-ի եւ նրա նախագահի գործունեության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար բացասական հետեւանքների: Դատարանը վճռել է. «Հայցը բավարարել մասնակիորեն: Պատասխանող Հրանտ Բագրատյանին պարտավորեցնել տասնօրյա ժամկետում «Առավոտ» օրաթերթում ստորագրելու եւ հրապարակելու հետեւյալ տեքստը. Ես՝ Հրանտ Բագրատյանս, ՀՀ կենտրոնական բանկից, ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանից եւ ընթերցողներից ներողություն եմ խնդրում «Առավոտ» օրաթերթի 02.02.2008թ. համարում տված իմ հարցազրույցում բերված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար: Մասնավորապես, ընդունում եմ, որ «Ագրոբանկը» ԿԲ-ի կողմից անվճարունակ է ճանաչվել, այն ինքնալուծարվել է, իսկ «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը ԿԲ-ի կողմից չի կազմակերպվել եւ Ազգային ժողովը նման հանձնարարություն ԿԲ-ին չի տվել: Հայցապահանջը մնացած մասով մերժել»:

Հ. Գ. Նշենք, որ հոդվածում ներկայացված փաստերն ապացուցելու համար՝ պատասխանող կողմը պետք է բանկերի սնանկացման եւ մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրելու հնարավորություն ունենար: Սակայն դատարանը մերժել է փաստաթղթեր տրամադրելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ ԿԲ-ում պահվող այդ փաստաթղթերը բանկային գաղտնիք են պարունակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել