Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկության սրահի ստուգումները

Հուլիս 26,2008 00:00

Վարչական դատարանն իր կայացրած վճռով օրինականացրեց Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության փաստաթղթերի կեղծիքները:

2007-ի դեկտեմբերին ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը ստուգումներ է կատարել Արշակունյաց 52 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Հարություն Հարոյանի գեղեցկության սրահում: Ըստ ստուգողների կազմած ակտի, Հ. Հարոյանը չի ղեկավարվել «Գեղեցկության սրահներին ներկայացվող սանիտարական կանոնների» պահանջներով եւ թույլ է տվել որոշ նորմերի խախտումներ: ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը Հ. Հարոյանի դեմ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ 60 հազար դրամ վարչական տուգանքի գումար բռնագանձելու պահանջով: Արձանագրության մեջ գրված է, որ «Գեղեցկության սրահն իր շենքերի կազմով եւ մակերեսներով չի համապատասխանում սանիտարական կանոնների պահանջներին: Օդափոխիչ եւ ջեռուցման համակարգերը բացակայում են: Սրահի տարածքի ախտահանման աշխատանքներ չեն իրականացվում: Կտրված մազերի հավաքումը, տեղափոխումը, ինչպես նաեւ հեռացումը հաճախորդի վզից եւ դեմքից չի իրականացվում սանիտարական կանոնների պահանջներին համապատասխան»: Արձանագրվել է, որ աշխատանքի ընթացքում աշխատողները չեն կրում արտահագուստ:

Բացի դա, ստուգողներն, իբր, արձանագրել են, որ աշխատատեղերը ապահովված չեն հաճախորդների սպասարկման համար անհատական օգտագործման «պենուարներով», միանվագ օգտագործման անձեռոցիկները ոչ միշտ են օգտագործում: Իհարկե, ցանկալի կլիներ, որ վերը նշված նորմերին հետեւեին բոլոր գեղեցկության սրահները, բայց այս հարցում էլ «ընտրությունը» անհատական մոտեցմամբ է արվում: Մայրաքաղաքում եւ հատկապես մարզերում կան գեղեցկության սրահներ, որոնք, մեղմ ասած, հեռու են տարրական սանիտարական նորմերից, սակայն նրանց ոչ մի գերատեսչություն չի անհանգստացնում:

Արձանագրության մեջ նշված է նաեւ. «Հաճախորդների սպասարկումը ախտահանված գործիքներով չի իրականացվում: Օդի հարաբերական խոնավությունը գերազանցում է թույլատրելի նորմը՝ այն կազմում է 74%՝ 65-ի փոխարեն, արհեստական լուսավորությունը կազմում է 120, 160 լյուքս՝ 400 լյուքսի փոխարեն»: Գրում են նաեւ, որ 3 աշխատատեղով կանանց վարսահարդարման արտադրական տարածքը եւ մատների հարդարման (մանիկյուրի) աշխատատեղը տեղակայված են 13.5 քմ մակերեսով մեկ ընդհանուր սենյակում, մինչդեռ, ըստ նրանց, պահանջվում է 10 քմ սպասասրահի, 1.5 քմ՝ հանդերձարանի, 24 քմ՝ երեք աշխատատեղով վարսահարդարման, 6 քմ մակերեսով մեկ մանիկյուրի աշխատատեղի համար: Սակայն «Առավոտի» հետ զրույցում այլ փաստեր ներկայացրեց Հարություն Հարոյանը: Ըստ նրա՝ կազմված ակտը եւ հայցադիմումը կազմված են կեղծ, փաստերը չեն համապատասխանում իրականությանը, որի պատճառով էլ 60 հազար դրամ տուգանքը կամովին չի կատարել: Ստուգման ակտի մեջ նշված է, որ գեղեցկության սրահը գործում է 13.5 քմ մակերեսով տարածքում: Մեր տրամադրության տակ գտնվող տարածքի քարտեզի համեմատությունից կարող ենք եզրակացնել, որ ստուգողները տարածքը միտումնավոր փոքրացրել են՝ գրելով 13.5 քմ, իրականում այն 19.8 քմ է: Ավելացվել է նաեւ վարսավիրների թվաքանակը՝ 2-ը դարձրել են 3: Կա 14.6 քմ սպասասրահ, որի մասին միտումնավոր չեն նշել: Զուգարանը 2.8 քմ է, գրել են 1.5 քմ: Գրասենյակը սրահի հարեւանությամբ է՝ 22.2 քմ մակերեսով, սակայն ակտում գրել են, որ գրասենյակ չկա: Սրահում գործում է օդափոխիչ պատուհանը, իսկ վարսահարդարման սենյակը ջեռուցվում է տեղային սարքով, տեղակայված է էլեկտրական սալիկ: Իրականությանը չի համապատասխանում նաեւ այն, որ տարածքը չունի ախտահանման լուծույթ: Իսկ լուսավորությունը, ըստ Հ. Հարոյանի, ուժեղացվում է հաճախորդի առկայության դեպքում:

Նշված է նաեւ, որ Հ. Հարոյանը խուսափել է անձամբ ստանալ հանձնարարագրի մեկ օրինակը, եւ այն ուղարկվել է փոստով: Դա նույնպես չի համապատասխանում իրականությանը: «Ինչպես ստուգման ակտը, այնպես էլ ծանուցագիրը՝ առանց ստորագրությունների փորձ է արվել հանձնել ինձ, իսկ ես պահանջել եմ, որ այն պատշաճ վավերացված լինի, ինչը չի արվել»,- ասաց Հ. Հարոյանը: Ակտը ստորագրված է մեկ անձի կողմից, մինչդեռ նրանք 4-ն էին, բացակայում է նույնիսկ բժշկի ստորագրությունը, նշված չէ ստուգման օրը եւ ժամը:

Սակայն այս ամենը հաշվի չառնելով, հուլիսի 22-ին ՀՀ վարչական դատարանը, դատավոր Գալուստ Ղարիբյանի նախագահությամբ, բավարարել է Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության հայցը եւ Հարություն Հարոյանից բռնագանձել 60 հազար դրամ: «Ցանկանում եմ առողջապահության նախարարից տեղեկանալ, թե մի աթոռի համար ինչքա՞ն պիտի վճարեմ, որ ինձ հանգիստ թողնեն, հունվարից իրենց պատճառով չեմ աշխատում, դադարեցվել է անհատ ձեռներեցի իմ թույլտվությունը, ո՞վ է վճարելու իմ վնասները»,- ավելացրեց պարոն Հարոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել