Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՐԵԱԿԱՆԱՑՎԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ»

Հուլիս 26,2008 00:00

Ասում է Գագիկ Ջհանգիրյանը

Երեկ վարչական դատարանի դատական նիստերի դահլիճի փոխարեն քրեական վերաքննիչ դատարանում սկսվեց ՀՀ դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա ներկայացուցիչների հայցի քննությունը՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Վերջինս բավարարել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունները եւ Գ. Ջհանգիրյանին հետընտրական հանրահավաքների ժամանակ՝ փետրվարի 22-ին, Ազատության հրապարակում ելույթ ունենալու եւ կարծիք հայտնելու համար պաշտոնանկ էր արել՝ զրկելով արդարադատության խորհրդականի դասային աստիճանից: Նշենք, որ պատասխանող կողմը չէր ներկայացել՝ դատարանին գրությամբ հայտնելով, որ առանց իրենց ներկայության էլ կարող են հայցը քննել:

Հայցվոր Գ. Ջհանգիրյանի ներկայացուցիչները՝ Հովհաննես Գալյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Տիգրան Սաֆարյանը, ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրերը անվավեր ճանաչելու նպատակով հանդես եկան մի շարք միջնորդություններով, որոնք բոլորն էլ մերժվեցին դատավոր Արծրուն Միրզոյանի կողմից: Փաստաբանները եւ Գ. Ջհանգիրյանը դատավորի որոշումները համարեցին անհիմն՝ նշելով, որ դրանք ուղղակիորեն հակասում են անգամ դատավորի բերած Վարչական օրենսգրքին: Տեղեկացնենք, որ դատավորն արգելեց «Ա1+»-ի օպերատորին տեսաձայնագրել քննությունը՝ պատճառաբանելով, որ պատասխանող կողմ չկա եւ նկարահանումը չի բխում արդարադատության շահերից: Դատավորն անգամ չհարցրեց, թե հայցվորը ցանկանու՞մ է տեսաձայնագրվել, թե՞ ոչ: Ա. Միրզոյանը նախ մերժեց հայցվորների այն միջնորդությունը, որի շնորհիվ գլխավոր դատախազը (գլխավոր դատախազությունը)՝ որպես երրորդ անձ, պետք է ներգրավվեր գործի քննությանը: Դատավորը մերժեց նաեւ գլխավոր դատախազին գործի քննությանը որպես վկա ներգրավելու մասին միջնորդությունը, այն հիմնավորմամբ, որ պատասխանողը ՀՀ նախագահն է: Դատարանը մերժեց հայցվորի այլ միջնորդություններ եւս:

Գ. Ջհանգիրյանի շահերի ներկայացուցիչներ Հ. Գալյանը եւ Լ. Սահակյանը բացարկ հայտնեցին դատարանին եւ առաջարկեցին 10 օր ժամկետ տալ՝ բացարկը փաստարկված եւ գրավոր ներկայացնելու համար: Ա. Միրզոյանն այս միջնորդությունն ընդունեց մասնակի՝ բացարկը կազմելու համար 30 րոպե ժամանակ տալով: Ի դեպ, Գ. Ջհանգիրյանը եւ հայցվորները բացարկը հիմնավորում էին նրանով, որ դատավորն անկողմնակալ չէ եւ հանդես է գալիս պատասխանողի դիրքերից: Ընդմիջումից հետո հայցվորները հայտարարեցին, որ հնարավոր չեղավ մեկուկես ժամ տեւողությամբ դատական նիստին պատրաստել բացարկի գրավոր տեքստը: Դատավորն էլի ժամանակ տվեց, իսկ երբ բացարկը պատրաստ էր, մերժեց այն՝ որակելով անհիմն: Գ. Ջհանգիրյանի շահերի ներկայացուցիչները միջնորդեցին, որ դատավորը լրացուցիչ ժամանակ տա, որպեսզի օրենքով սահմանված կարգով նոր բացարկով հանդես գալու հնարավորություն ունենան:

Հ. Գ. Ի դեպ, հայցի քննության սկզբին դատավորը հարց տվեց՝ «Ոտնաշղթաներ կա՞ն Ձեր ոտքերին», Գ. Ջհանգիրյանը պատասխանեց. «Հո՜ թուրքի պլեն չե՞նք, որ շղթայեն»: Լեցուն դահլիճը եւ դատարանի բակում հավաքված բազմությունը մերթընդմերթ վանկարկում էին. «Ազատություն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ մյուս հայտնի կարգախոսները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել