Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդ ենք, բայց՝ անփող

Հուլիս 26,2008 00:00

«Բոմժերը» գտնում են, որ ջիպավորներից ոչնչով պակաս չեն, քանի որ նույն միս ու արյունից են ստեղծված

«Ըտենց էլ աշուն չսիրեցի, նստարանները խոնավությունից ճաքում են, ասֆալտը հիվանդության բուն ա, ախր սառում ենք, է, բայց ոչ մեկի պետքն էլ չի: Դառել ենք չորացած տերեւ, մարդիկ այ, ըտենց՝ տրորում են մեզ ու անցնում: Հետո՞ ինչ, որ գլխներիս տանիք չկա եւ միայն գլխարկ է, բալա ջան, հիմա սաղիս մի շիշ օղի է պետք: Գիտե՞ս, որ օղին հերս անիծեց, կնիկս հենց տենում էր՝ օղի եմ խմում, կատաղում էր, մի օր էլ շիշը խփեց ճակատիս, այ, տես, տեղը մնացել ա, տո ջհանդամը, թե չէր խփում

, զատո կողքիս էր, կնիկ էր, էլի: Չէ, էլ հետ չի ընդունի»,- «բոմժ» դառնալու իր պատմությունն այսպես ներկայացրեց մայրաքաղաքի փողոցներում՝ ծառերի տակ, շենքերի մուտքերում պատսպարվող Վլոն:

Մեզ հետ զրույցում Վլոն պատմեց, որ վերջերս մահացել է իր պես «բոմժ» ընկերը՝ Բաշը ու ինքն այս աշխարհում լրիվ մենակ է մնացել. «Ոչ ընտանիքս ա կողքս, ոչ էլ ընկերս: Վայ ես նրա ցավը տանեմ, կտանեմ՝ է, մենակ հետ գա: Գիտես, աղջիկ ջան, զիբիլանոցը, նստարանը, փող հավաքելու տարածքը առանց կռվի կիսում էինք: Մի անգամ Բաշը սառեց, հիվանդացավ, ընենց էր հազում, որ վերջը մեռավ»,- լաց եղավ Վլոն: Հետո երբ հանգստացավ՝ վրդովված ասաց. «Հա, հենց դուք ձեր անտարբերությամբ սպանեցիք ախպորս, ընենց էր նեղվում, էդ որ փող եք տալիս, ընենց քթներդ ցցած եք տալիս, ոնց որ մեղավոր ենք, որ տուն չունենք, գործի էլ չեն վերցնում, բայց խի՞: Հա, մաքուր չենք, դե թող մի ընդհանուր բաղնիք մեզ տան: Փառք տվեք Աստծուն, որ չորս պատ ունեք ու գլխներիդ տանիք: Մենք էլ ամեն իրիկուն հավաքվում ենք, ինչքան փող ունենք, դնում ենք իրար վրա ու բան-ման ենք առնում, բայց դե, ընենցներն էլ կան, որ քաշվում են մի կողմ, դրանք իրանց շեֆերն ունեն, բիզնես ա, էլի, օրվա վերջում մուծումներն անում են, գնում են տուն: Բայց մենք իսկական մուրացկան ենք, սենց ասած, կյանքից բան չենք ստացել, չիմանաք պարապ ենք, գործ-մործ ման եմ եկել, մերժում են, ստիպված լուռ ենք դարձել, մարդիկ էլ մտածում են հարբած ենք»: Վլոն վստահեցրեց, որ ինքն ու իր նմաններն էլ անկարող չեն եւ ունեն ուժեղ կամք, միայն թե իրենց մի հնարավորություն ընձեռվեր. «Ես էլ եմ տղամարդ, էդ ջպովներն էլ, երկուսս էլ նույն միսն ու արյունն ունենք, դե արի ու էդ «պուզատիներին» ասա, որ քրջոտ շալվարիս թող չնայի, ամեն հարցում էլ նույնն ենք, պրոստը ինքը փող ունի, ես՝ չէ, բայց շա՜տ բաներ ունենք, որ նույնն ա, թող բերանս բացել չտան»: Նա հույս ուներ, որ մի օր իր նպատակներն ու երազանքները կիրագործվեն:

67-ամյա Մարտինը շուրջ 2 տարի է ապրում է Նուբարաշենի աղբանոցում՝ կենցաղային աղբի միջից գտած պլաստմասսայե եւ փայտե տախտակներից սարքած տնակում: Մարտինի պատմելով՝ ժամանակին ապրել է Երեւանի կենտրոնում, սակայն կնոջ մահից հետո Ռուսաստանում գտնվող ավագ որդին, պատճառաբանելով, որ տունը վաճառում է, հորը տնից դուրս է արել. «Ասեց՝ գնա աղջկադ հետ ապրի: Ինքն էլ տունը ծախեց ու գնաց: Որոշ ժամանակ աղջկաս հետ ապրեցի, բայց մի օր թոռս ծեծ ու ջարդ սարքեց ու ինձ տնից դուրս շպրտեցին: Սկզբում ապրում էի գետնանցումներում, ապա ոստիկանների վայրի արարքներից հետո գիշերում էի՝ ուր պատահի, մինչեւ հայտնվեցի Նուբարաշենի աղբանոցում: Ստեղ ոնց էլ լինի՝ հաց կճարվի: Աղբանոցում էլ վախից չեմ քնում՝ ինչ ասես գլխովս չի եկել, էլ շուն, էլ կատու, ինչ ասես, որ կողքս չկա, վախից կուչ եմ գալիս արկղերի տակ»: Նրա խոսքերով, երբ նոր էր «բոմժ» դարձել, օրվա սնունդը հայթայթում էր բնակարաններից հաց մուրալով. «Սկզբում դռները ծեծելով հաց էի մուրում, բայց հետո մարդիկ սկսեցին դռները չբացել: Հիմա աղբանոցից եմ սնվում: Ճիշտ է՝ զզվում եմ, բայց ինչ անեմ. ուրիշ ելք չունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել