Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐ ԴԵՂԵՐԸ ԴԵՖԻՑԻՏ ԵՆ

Հուլիս 26,2008 00:00

Բայց ոլորտի պատասխանատուները գտնում են, որ դրանք այնքան էլ կարեւոր չեն

Հայաստանյան դեղատներում ժամանակ առ ժամանակ մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում: Ընդ որում, այդ դեղերի բացակայությունը կարող է տեւել 1-ից մինչեւ 6 ամիս, անգամ՝ 1 տարի: Իսկ այդ ժամանակահատվածում հիվանդը կամ պետք է համբերատար, իր առողջության հաշվին սպասի՝ մինչեւ դեղատներում նորից կհայտնվի այնքան անհրաժեշտ դեղը, կամ էլ, լավագույն դեպքում, բժիշկը փոխարինող դեղ կնշանակի: Սակայն նկատենք, որ կան դեղեր, որոնք համարժեքը չեն ունենում, բացի այդ, ինչպես բժիշկ-մասնագետներն են նշում, ամեն օրգանիզմ չէ, որ տվյալ դեղի համարժեքը ընդունում է: Այդ պատճառով էլ դեղը ձեռք բերելու համար սպառողին ոչինչ չի մնում, քան դիմել արտերկրում իր ծանոթ-բարեկամների օգնությանը: Իսկ այն հիվանդները, որոնք դրա հնարավորությունը չունեն՝ բուժումը պարզապես կիսատ են թողնում:

Արդեն 1 ամիս է՝ մայրաքաղաքի բոլոր դեղատներում չկա «տոնզիլգոն» դեղամիջոցը (օշարակ): «Կոնտրատուբեկս» քսուքը, «պրեդուկտալը» 6 ամսից ավելի է, ինչ դեֆիցիտ են դարձել, մեկ տարի էլ հանրապետության դեղատներից բացակայում է «ամբենեն»: «Ռեմենս», «կանեֆրոն», «էֆֆերալգան» (մանկական մոմիկներ), «լինկոմիցին» դեղամիջոցները մոտ 3 ամիս է գոյություն չունեն: «Սիմգալ», «կորդարոն», «սինպանտիլ», «պոլիժինակս» դեղերն էլ, որոնք նույնպես մեծ պահանջարկ ունեն, շուրջ 3 ամիս է հիվանդներին անհասանելի էին. այդ դեղամիջոցները մոտ 3-5 օր է, ինչ կրկին հայտնվել են դեղատների ցուցափեղկերում:

Նշենք, որ մի քանի ամիս առաջ էլ սպառողները ոչ մի կերպ չէին կարողանում դեղատներում գտնել «վալիդոլ» դեղահաբը: Այս դեղերի դեֆիցիտի մասին հաստատեցին նաեւ մայրաքաղաքի մի շարք դեղատներում:

Մեր երկրում դեղամիջոցներ ներմուծող 2 տասնյակից ավելի ընկերություններ կան, որոնք ստանձնելով այս կամ այն դեղամիջոցի ներկրումը, պետության առաջ որոշակի պարտավորություններ ունեն: Սակայն, այդուհանդերձ, շարքային սպառողը տուժում է: «Առավոտի» հետ զրույցում մի շարք բժիշկներ վստահեցրին, որ երբ հիվանդին նշանակում են բուժում եւ նա որոշակի ժամանակահատված որեւէ դեղամիջոց է ընդունում, շատ վատ է, որ այդ կուրսը չավարտած՝ դեղի բացակայության պատճառով, այն փոխարինում են մեկ այլ դեղով: Բժիշկների վստահեցմամբ, միշտ չէ, որ համարժեք դեղամիջոցները նույն կերպ են անդրադառնում հիվանդի վրա, ինչ նրանց ընդունած դեղն էր: Բժիշկների ներկայացմամբ, հնարավոր է, որ այդ փոխարինողը լինի հայտնի ֆիրմայի արտադրանք եւ պարունակի նույն բուժիչ հատկանիշները, բայց նույն դրական արդյունքը չտա ու բուժումը ջուրն ընկնի:

Դեղ ներմուծող խոշոր ֆիրմաներից է «Նատալի ֆարմ» ընկերությունը: Այս ընկերությունը ներկրում է վերոնշյալ դեղերից գրեթե բոլորը: Մեր հարցին, թե ինչո՞ւ են դեղերը ժամանակ առ ժամանակ բացակայում, ընկերությունից հավաստիացրին, որ պատճառը վերագրանցման հետ է կապված. «Ռաստամոշկայով-բանով մի 20 օր տեւում է մինչեւ դեղերը բերում ենք»:

«Ալֆա ֆարմ» ընկերությունից էլ հայտնեցին, որ իրենք նշյալ դեղերից որոշներն են ներմուծում: Այս ընկերությունում դեղի դեֆիցիտը պայմանավորեցին վերագրանցման գործընթացով, միջպետական ճանապարհներին առաջացած խնդիրներով:

«Առավոտի» հետ զրույցում մի շարք դեղատների աշխատակիցներ նշեցին, որ դեղերի դեֆիցիտն իրենց գործին խփում է. «Մի քանի ամիս բազայում չի լինում տվյալ դեղը: Դեղատներում եղածն էլ սպառված է լինում, մեկ էլ մեր հաճախորդներից կարող է գան ու ասեն, բա ինչո՞ւ դուք չունեք, ես գնել եմ այսինչ դեղատնից: Իսկ երբ հետաքրքրվում ենք, պարզվում է՝ դա «լեւի» ներկրած դեղ է»: Թե ով է վերահսկում, որպեսզի դեղամիջոցները ժամանակին ներկրվեն եւ հասնեն սպառողին, «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց առողջապահության նախարարությունից: Նախարարի իրավական խորհրդատու Սուրեն Քրմոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ «Դեղերի մասին օրենքով» պետությունը պարտավոր է ապահովել այն դեղերի առկայությունն ու մատչելիությունը, որոնք ընդգրկված են հիմնական դեղերի ցանկում: Դրանք այն դեղերն են, որոնք առողջության համար խիստ անհրաժեշտ են: Իսկ Ս. Քրմոյանի հավաստմամբ, մեր թվարկած դեղերն իրենց համարժեք փոխարինողներն ունեն, եւ հիվանդները շատ հանգիստ կարող են դրանցից էլ օգտվել. «Հիմնական դեղերը պետությունն ապահովում է: Դեղերի դեֆիցիտ կարող է առաջանալ հենց գրանցման գործընթացի ժամանակ, քանի որ դա կարող է տեւել մեկից մինչեւ 6 ամիս: Կազմակերպությունն էլ պետք է դեղի վերագրանցման համար հայտը շուտ ներկայացնի: Շատ դեպքերում ֆիրմաները հայտերն ուշ են ներկայացնում, որպեսզի իրենց գործն էլ շուտ լինի ու ներկրման ու գրանցման ընդհատում չլինի, կամ էլ պարզապես տվյալ դեղն արտադրող գործարանն է փակվում»:

Նախարարության դեղորայքային բաժնի գլխավոր մասնագետ Մարինա Հարությունյանը վստահեցրեց, որ վերոնշյալ դեղերը հիմնական ցանկում ընդգրկված չեն: Նրա խոսքերով, գրանցման գործընթացը նպատակահարմար չէ կրճատել, քանի որ դեղերի անվտանգ որակը չեն կարող ապահովել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել