Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ

Հուլիս 26,2008 00:00

«Ես Տիգրան Սարգսյանին ոչ պրոֆեսիոնալ եմ համարում, ոչ էլ լավ տնտեսագետ: Ավելին, դա շատ մեղմ է ասված»,- երեկ «Հայելի» ակումբում, չհամաձայնելով «Ժառանգություն» կուսակցության համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած կարծիքի հետ, նման հայտարարություն արեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Վերլուծելով Տիգրան Սարգսյանի կառավարության 100 օրը՝ Հ. Բագրատյանն ասում է, որ նույնիսկ կառավարության ներկայացրած պաշտոնական թվերը վկայում են, որ Հայաստանում «արագացված հետընթաց է արձանագրվում»: Համաշխարհային բանկի կայքէջում հրապարակված 273 էջանոց փաստաթղթով, տնտեսագետի գնահատականներով, միջազգային կառույցները նույնպես սկսում են հասկանալ, որ աղաղակվող տնտեսական աճը «բլեֆ» է, եւ սկսում են հեգնել տնտեսական աճի վերաբերյալ մեր «բլեֆը» ճիշտ այնպես, ինչպես հեգնում են մեր դեմոկրատիան: Կառավարության գործունեության 100 օրվա արդյունքում Հրանտ Բագրատյանը հանգել է համոզման, որ իշխանությունները ոչ միայն ցանկություն չունեն պայքարել տնտեսության կենտրոնացման դեմ, այլեւ է՛լ ավելի են խորացնելու կապիտալի կենտրոնացումը: Նման տնտեսական վիճակով ինչքա՞ն կարող են գոյատեւել՝ «Առավոտի» հարցին նախկին վարչապետը պատասխանեց. «Մենք շատ մոտ ենք վերջին: Հայաստանը ոչ մի տեղ չկա: 12 տարի այս մասին ասում ենք. մի հինգ տարի էլ սպասենք, որ երկիրը չլինի՝ նո՞ր հասկանանք»: Իրավիճակը շտկելու համար Հ. Բագրատյանն առաջարկներ ունի, որոնց թվում են գյուղատնտեսական շուկաների ժողովրդականացումը, Քաջարանի պղնձամոլիբդենային եւ մի շարք այլ սեփականաշնորհված գործարանների ետ վերցնելը եւ սեփականաշնորհման պայմանների վերանայումը, գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի ներդրումը եւ այլն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել