Ե՛վ Հայ ազգային կոնգրեսին, ե՛ւ «մարտի 1-ի» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին «Ժառանգությունն» իր մասնակցության որոշումը կկայացնի՝ իր հարցադրումների պատասխանը ստանալուց հետո:
«Լինելով ընդդիմադիր քաղաքական դաշտի համախմբված գործելակերպի ջատագովը, կարեւորելով տարիների ընթացքում բոլոր առողջ քաղաքական ուժերի բյուրեղացած անհատական եւ հավաքական ինքնությունը, ողջունելով Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնման գաղափարը, արժեւորելով քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների եւ ժողովրդավարության համար ընդդիմադիր ուժերի կազմում մեր ծավալած համատեղ պայքարը»՝ այս նախաբանով է «Ժառանգություն» կուսակցության վարչությունն իր հուլիսի 24-ի նիստում որոշել. «ՀԱԿ-ի ծրագրային եւ աշխատակարգային փաստաթղթերի ընդունումից հետո քննարկել նրա հետ համագործակցության եւ գործընկերության բոլոր հնարավոր ձեւերը»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը երեկ ասուլիսում մի քանի անգամ շեշտեց. «Մենք համաժողովրդական շարժման մեջ ենք եւ լինելու ենք»: «Ժառանգությունը» միանում է կոնգրեսի պահանջներին՝ մարտի 1-ի իրական մեղավորների բացահայտում, խոսքի ազատության ապահովում, քաղբանտարկյալների ազատ արձակում: Եթե այս պայմաններն ապահովեն՝ նաեւ երկխոսություն, իսկ եթե չկատարվեն՝ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ: «Այս խնդիրները համարում ենք նաեւ մերը, ու դրանց լուծման ուղղությամբ «Ժառանգությունն» ամբողջությամբ տրամադրում է իր ներուժը»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Իսկ կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը հստակեցրեց, թե իրենց կարծիքով՝ ՀԱԿ-ի ծրագիրը պետք է քննարկվի, վերջնական պատրաստվի, «նոր՝ որոշումներ կայացվեն, բայց քանի որ կա ժամկետի, թայմինգի խնդիր՝ նախաձեռնողները, իմ պատկերացմամբ, կարծում են, որ ճիշտ է նախ միավորվելը, հետո միասին որոշելը, թե ինչ ծրագրերի շուրջ է կայանալու այդ միավորումը. նկատի ունեմ նաեւ կանոնակարգը եւ մնացած մանրամասները: Դրա համար այդ անհամապատասխանությունը հնարավորություն չտվեց մեզ հենց հիմա միանալ Կոնգրեսին»:
«Ժառանգությունը» քննարկել է նաեւ «մար տի 1-ի» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հունիսի 19-ի նամակը, որով նա առաջարկել էր նոր թեկնածուներ ներկայացնել՝ հանձնաժողովում ներգրավելու համար: Վարչությունը գրավոր պատասխան է ուղարկել Սամվել Նիկոյանին, որտեղ նրան առաջարկել է նախ անդրադառնալ հետեւյալ հարցադրումներին. «Արդյոք հանձնաժողովը բոլոր հարցերով որոշումներ կայացնելիս պատրաստվո՞ւմ է առաջնորդվել «խիստ կոնսենսուսի» սկզբունքով, ինչպես բանավոր հայտարարվել է», եւ եթե այո՝ պատրաստվո՞ւմ են դա գրավոր ամրագրել: Երկրորդ հարցն առնչվում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի առաջարկին՝ հանձնաժողովի փաստահավաք առաքելությունը տարանջատել հետաքննական գործառույթից. «Այդ փաստահավաք մարմինը կազմավորվելո՞ւ է… ԱԺ ներկայիս որոշումը թույլ տալի՞ս է նման մարմին ձեւավորել։ Եթե ոչ՝ պատրաստվո՞ւմ եք փոփոխություններ կատարել ԱԺ որոշման մեջ»: «Ժառանգությունը» Նիկոյանին նաեւ հիշեցրել է հանձնաժողովի անդամների հայտարարությունները, թե հանձնաժողովը չի փոխարինում նախաքննության մարմնին: Եվ հարցրել են. «Այդ դեպքում ինչպե՞ս է հանձնաժողովն իրականացնելու այլընտրանքային հետաքննություն»: Այս ամենի վերաբերյալ գրավոր պարզաբանումներ ստանալուց հետո «Ժառանգությունը» վերջնական պատասխան կտա հանձնաժողովին իր մասնակցության մասին հարցին: