Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐՆԵՐ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ

Հուլիս 26,2008 00:00

\"\"Արմեն Աշոտյանի հոռետեսական սպասելիքները Կոնգրեսի վերաբերյալ կարող են չարդարանալ

Երեկ Մամուլի ազգային ակումբում ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքը դրական է վերաբերվում Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարին: Հիշեցնենք, որ այդ մասին մայիսի 2-ին հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր վերաբերմունքով հանդերձ, Աշոտյանը կասկածներ ունի Կոնգրեսի կայացման վերաբերյալ, քանի որ համոզված է՝ առաջին նախագահին սատարող ուժերի գաղափարական տարաձայնությունները եւ այդ ուժերի լիդերների անձնական հավակնությունները լուրջ խոչընդոտ կարող են հանդիսանալ: Այս տրամաբանությամբ, Արմեն Աշոտյանը կարծում է, որ ընդդիմության ներսում այժմ պայքար է ընթանում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդը լինելու համար: Եվ հենց այդ «պայքարի» շրջանակներում է բանախոսը դիտարկում «Ժառանգություն» կուսակցության առայժմ ձեռնպահ կեցվածքը. «Քանի դեռ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ստացել ընդդիմության դաշտում Լեւոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդը դառնալու երաշխիքներ՝ «Ժառանգությունը» չի միանա Հայ ազգային կոնգրեսին»: Աշոտյանի համոզմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի 2012-2013 թվականներին ընդդիմության առաջնորդը դառնալու հավակնություններ:

Ի հեճուկս Աշոտյանի համոզմունքների, Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Տեսակետ» ակումբում երեկ մեկ անգամ եւս հստակեցրել է Կոնգրեսի կառուցվածքը՝ «Դա մեկ կուսակցություն չէ: Կոնգրեսում ընդգրկված կուսակցությունները, ինչպես եւ առաջարկելիս նշել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, պահպանելու են իրենց լիակատար ինքնուրույնությունը՝ բոլոր առումներով»: Խոսնակը մեկ անգամ եւս հստակեցրել է, որ այդ նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան՝ «ավազակապետության դեմ պայքարող ուժերի կոնսոլիդացիայի քայլ»:

2008 թվականի նախագահական ընտրություններում առաջին նախագահին սատարող Հայաստանի ժողովրդական կուսակցության մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը օրերս հայտարարել էր, որ ՀԺԿ-ում խնդիր չեն տեսնում ձեւավորվող Կոնգրեսի մաս կազմելու առումով, քանզի կարծում են, որ այդ կառույցն արդեն գոյություն ունի Համաժողովրդական շարժման տեսքով: Կոնգրեսի մաս կազմելու մասին պաշտոնապես հայտարարել է նաեւ ՍԴՀԿ-ն: Երեկ «Առավոտի» հետ զրույցում այս հարցի առիթով «Հանրապետություն» կուսակցության պաշտոնական տեսակետը ներկայացրեց կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը. «Հանրապետություն» կուսակցությունը միանալու է ՀԱԿ-ին՝ ցանկացած ձեւաչափով»: Այս տեսակետը կիսում են նաեւ Հայոց համազգային շարժում կուսակցությունում։ «Նոր ժամանակներ» կուսակցությունում պարզաբանեցին, որ սեպտեմբեր ամսին կայանալիք կուսակցության հերթական համագումարում՝ ի թիվս այլ հարցերի, կտրվի նաեւ այս հարցի պատասխանը:

Նախաձեռնությանը միանալուն դեմ չեն նաեւ անցած նախագահական ընտրություններում առաջին նախագահին սատարած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սակայն քանի որ մայիսի 2-ին հնչած առաջարկը ուղղված էր կուսակցություններին, իսկ հասարակական կազմակերպություններին դեռ պաշտոնական առաջարկ չի արվել, ուստի դրանց ղեկավարներն առայժմ ձեռնպահ են մնում թեմայի շրջանակներում կարծիք հայտնելուց: «Եթե նման առաջարկություն լինի՝ ուրախությամբ կմասնակցեմ»,- «Առավոտի» հարցին պատասխանեց «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը: Սակայն այնքանով, որքանով Հայ ազգային կոնգրեսը լինելու է «ավազակապետության դեմ պայքարող ուժերի կոնսոլիդացիա»՝ առաջին նախագահին սատարած թե հասարակական կառույցները, թե անհատները իրենց դերակատարումն ունենալու են:

Նախորդ օրն ուշ երեկոյան կայացած «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության ժողովի քննարկման հիմնական թեման եւս եղել է Համաժողովրդական շարժմանն աջակցելն ու Հայ ազգային կոնգրեսին միանալը: Համակարգող խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ Հայաստանում չկա քաղաքական դաշտ, եւ հնարավոր չէ որեւէ երկխոսություն վարել այս ռեժիմի առկայության դեպքում. «Մենք հայկական կառավարման մոդելը ձեւավորելու շեմին ենք: Այն ողբերգությունը, որի մեջ մենք ապրում ենք այսօր՝ վաստակել ենք: Այսինքն՝ այսօր քոչարյանների, հրեշների գոյությունը, սերժիկների համակարգի գոյությունը մեր մեղքն է, մեր նախորդ սերունդների մեղքը: Մարտի 1-ից հետո մեր խնդիրը դարձել է արժանապատվության խնդիր: Այս հարցում մենք պետք է միակարծիք լինենք, հակառակ դեպքում՝ զուր ենք ապրում»: Նա կողմ է այս համակարգը տապալելու համար ստեղծվող ցանկացած կառույցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել