Հռիփսիմեն կփոխարինի Մելինեին
Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում ծանրամարտի կանանց պայքարում Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանի փոխարեն Հայաստանը ներկայացնելու է Հին Աշխարհամասի մեր մյուս չեմպիոնուհին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը:
Սեպտեմբերի 15-ին կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ Պոդոլսկ՝ նախաօլիմպիական վերջին ուսումնամարզական հավաքի մեկնած Մելինե Դալուզյանը, որ 63 կգ քաշային կարգում համարվում էր օլիմպիական մեդալի ամենահավանական թեկնածուներից մեկը, հիվանդացել է: Բժիշկներն ախտորոշել են ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում եւ մարզչին խորհուրդ տվել Պեկին ուղարկելու փոխարեն զբաղվել մարզուհու ստացիոնար բուժումով, ինչը հիմա կատարվում է:
Այս լուրի իսկությունը ճշտելու նպատակով «Առավոտը» երեկ դիմեց մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին: «Ցավոք, դա իրականություն է,- ասաց նա:- Մելինեն միշտ էլ դժգոհել է ստամոքսի շրջանի ցավերից: Ես անձամբ եմ խոսել Մոսկվայի բժիշկների հետ: Նրանք ասում են, որ դա սովորական եւ տարածված հիվանդություն է: Պարզապես, սրացման ժամանակ մարդուն չի կարելի ֆիզիկապես ծանրաբեռնել: Եվ քանի որ ծանրամարտում առանց դրա հնարավոր չէ, բնականաբար, ֆեդերացիայի խորհուրդը որոշեց Մելինեին Պեկին գործուղելուց հրաժարվել: Ավելի լավ է նա լիարժեք բուժվի: Մեզ համար ամենակարեւորը մարզիկների առողջությունն է»:
– Այսինքն՝ Հայաստանը Խաղերի կին մասնակից չի՞ ունենալու:
– Բժշկի հետ զրուցելուց անմիջապես հետո կապվել եմ միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանի հետ եւ ներկայացրել ստեղծված իրավիճակը: Նրա հետ պայմանավորվեցինք, որ Պեկինում Մելինեի փոխարեն հանդես կգա Հռիփսիմե Խուրշուդյանը: Դոկտոր Այանը արդեն համապատասխան միջնորդագիր է ուղարկել ՄՕԿ, որում մանրամասն շարադրված է, թե ինչն-ինչոց է: Շտապ կարգով Հռիփսիմեի համար Մոսկվայի տոմս ենք գնել, ու նա վաղը (Սամվել Խաչատրյանի հետ զրույցը եղել է երեկ ուշ երեկոյան- Ա. Հ.) մեկնում է Պոդոլսկ՝ արագացված կարգով մարզվելու:
– Իսկ Հռիփսիմեն դրան պատրա՞ստ է:
– Նա այս ամբողջ ընթացքում շարունակել է մարզվել: Ճիշտ է, ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ՝ օլիմպիական խաղերի համար: Նա այս պահին իր մարզավիճակի 60 տոկոսի շրջանում է: Պիտի անենք ամեն բան, որպեսզի Հռիփսիմեն մինչեւ իր քաշային կարգի մեկնարկի օրը եղած պակասը հնարավորին չափ արագ լրացնի:
– Դա մեդալների համար պայքարելուն կբավականացնի՞:
– Անչափ դժվար է: Բայց պիտի փորձենք: Այլ ելք չկա: Ու մի մոռացեք, որ Հռիփսիմեն ծագումով ապարանցի է, համառ ու պայքարող մարզուհի: Բացառված չէ, որ նա անակնկալ մատուցի անգամ մեզ: Տա Աստված, որ այդպես լինի:
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ