Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առաջին դեմքի հետ նկարվելը բավարար չէ»

Հուլիս 25,2008 00:00

\"\"Ըստ երաժշտական ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի՝ մշակութային քաղաքականության առումով հողը խոպան է:

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի՝ բեմական խոսքի եւ մեներգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Կամերային երաժշտական թատրոնի 1996- 2006թթ. գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե փառք է տալիս տիրոջը, որ վերջապես վարչապետի մակարդակով սկսել են հետաքրքրվել մեր երկրի մշակութային քաղաքականությամբ: Երաժշտական ռեժիսորի համոզմամբ, այսօր մշակութային քաղաքականություն, որպես այդպիսին, չի տարվում, ու դաշտն էլ խոպան է: Եթե վարչապետը հռչակել է, որ պիտի ամրապնդենք ազգային մշակութային հիմքերը, դառնանք ԵՄ տարածաշրջանային մշակութային զարգացման կենտրոն, ապա, մեր բանախոսի համոզմամբ, այս ամենը նման մեծ շառավղով իրականացնելու համար պիտի համապատասխան դաշտ ունենանք:

«Այդ դաշտը ղեկավարում է մշակույթի նախարարը… Իսկ եթե ունենք գավառամիտ մշակույթի նախարար, ուրեմն այս բոլոր պայմանները հնարավոր չէ իրագործել: Եթե ուզում ենք եղեռնի ճանաչման փաստը իրականություն դառնա, ապա մեր մշակույթը պիտի հավուր պատշաճի աշխարհին ներկայացնենք ու ապացուցենք, որ, ա՛յ, այսպիսի ժողովուրդ էին ուզում աշխարհի երեսից վերացնել…Ախր չի կարելի պետության գումարները շռայլորեն վատնել անգլուխ ու ան… փառատոների եւ միջոցառումների վրա, որոնք փուչիկ են, օդ… Եվ սա այն դեպքում, երբ Մնջախաղի թատրոնը չունի շենք, օպերայինը կաթվածահար է, որովհետեւ չկան ռեսուրսներ, որ բեմադրություններ կատարվեն… Չկա մշակութային քաղաքականություն հատուկ օպերային թատրոնի համար… այն մարդիկ՝ նվագախումբը, երգչախումբը, դերասանները, ովքեր հիմա անգործ են օպերային թատրոնում, պետք է աշխատեն ամեն օր, պետք է պարարտացվի հողը, թե չէ՝ ճանապարհներ են փնտրելու Հայաստանից հեռանալու, իրենց ապագան այլ երկրներում որոնելու համար… Մի ուրիշ բան եւս՝ մշակույթի նախարարը պիտի ներկայացուցչական լինի. վերցնենք թեկուզ մեր հարեւանների մշակույթի նախարարներին: Շատերն իրենց չունեցածն են ներկայացնում աշխարհին, իսկ այն, ինչ այսօր ներկայացվում է՝ Հայաստանում ընդամենը PR է, փուչիկ, որ մի օր կպայթի»,- համոզված է Ա. Մելիքսեթյանը:

Նա մի նկատառում էլ արեց. «Չճշտված տվյալներով, ադրբեջանցիներն արդեն մի 3 բալետ եւ օպերա են բեմադրել Ղարաբաղի մասին, իսկ մե՛նք չունենք: Ինչո՞ւ այդ թեմայով մրցույթներ չեն հայտարարվում, մեր տաղանդաշատ կոմպոզիտորներին ոչինչ չեն պատվիրում, չեն վճարում: Այ, սա պիտի լիներ մշակութային քաղաքականության քաղաքականությունը, ոչ թե միջոցառումների ժամանակ առաջին դեմքի կողքին տարբեր պոզաներով կանգնել-նկարվելը, որ հետո TV-ները խոշոր պլանով ցույց տան»:

Խոսելով Կամերային երաժշտական թատրոնի՝ նախարարի մի գրչի հարվածով ոչնչացվելուց եւ իր գործունեությունից, պարոն Մելիքսեթյանը հայտնեց, որ սեպտեմբերից Համազգային թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնվի իր ներկայացումը՝ «Հյուրանոցի տիրուհին»՝ ըստ Գոլդոնի, որը համեմված է երգերով, պարերով, շատախոսություններն էլ առավելագույնս կրճատվել են: Եվ եթե համապատասխան պայմաններ ու բարեհաճություն լինի, երաժշտական ռեժիսորի նման ձեռնարկները շարունակական կլինեն, որովհետեւ, ըստ Մելիքսեթյանի, անթույլատրելի է, որ այն դերասանները, որոնց ուսման վրա ժամանակին պետությունը գումարներ է ծախսել, թողնեն- հեռանան, միջոցներն էլ փոշիացվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել