Այսօր էլ, ժամը 18-ին, գլխավոր դատախազության շենքի առջեւ տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների:
Արդեն տեւական ժամանակ է՝ քաղբանտարկյալների կանայք ու նրանց փոքրաթիվ աջակիցները պարբերաբար հավաքվում են գլխավոր դատախազության եւ պետական այլ հաստատությունների առջեւ՝ պարզում իրենց կարգախոսներն ու քաղկալանավորների նկարները, վանկարկում «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ այլ կոչեր, հանձնում հերթական դիմումը գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության, դիմումների քննարկման եւ հերթապահության ապահովման բաժնի պետ Ժաննա Կոտիկյանին: Թեեւ պատասխան այդպես էլ չի լինում. ուղղակի այդ դիմումները միացվում են քրեական գործին:
Նախորդ նման ակցիային միացան նաեւ քաղբանտարկյալների նորաստեղծ կոմիտեի ներկայացուցիչները, որոնց մեծ մասը մարտի 1-ի դեպքերից հետո նույնպես հայտնվել էր ճաղերի հետեւում: Եվ հենց նրանցից էլ հետաքրքրվեցինք, թե որքա՞ն են գնահատում նման ակցիաների արդյունավետությունը, օգտակար գործողության գործակիցը:
Կարապետ Ռուբինյան. «Սա պայքարի ձեւերից մեկն է: Եթե մեզ հաջողվի ավելի ակտիվացնել, շատ մարդ ներգրավել՝ ազդեցությունն ավելի մեծ կլինի»:
Վարդան Հարությունյան. «Նման ակցիաները շատ արդյունավետ են՝ անկախ նրանից, որ տվյալ պահին կարող է տպավորություն ստեղծվել, թե արդյունավետ չեն: Բայց նման փոքրիկ ակցիաներից են ծնվում մեծ հավաքները, որոնց ականատես ենք լինում ամիսը մեկ, եւ հաջորդը կտեսնենք օգոստոսի 1-ին: Նշեմ նաեւ, որ այս ակցիաները նախաձեռնում են քաղբանտարկյալների կանայք, մյուսներն ուղղակի միացել են՝ աջակցելով նրանց: Եթե քաղբանտարկյալների թիվը լիներ մի քանի հազար, ուրեմն՝ կլինեին մի քանի հազար կին ու նրանց աջակիցները: Իսկ հիմա քաղբանտարկյալները մի քանի տասնյակ են»:
Նորայր Նորիկյան. «Նման լոկալ ակցիաների պահանջը բխում է հասարակությունից: Այսօր քաղաքական օրակարգի ամենակարեւոր կետերից մեկը քաղբանտարկյալներն են, ու մեզ համար կարեւոր է հնարավոր բոլոր միջոցներով՝ նաեւ փոքր ու մեծ ակցիաներով, նպաստել ու հասնել նրան, որ օր առաջ ազատ արձակվեն մեր ընկերները: Ինչ վերաբերում է այս ակցիաների օգտակար գործողության գործակցին՝ հավաստիացնում եմ, որ նման գործողությունները՝ նաեւ լրատվամիջոցների օգնությամբ, իրենց լուրջ ազդեցությունն են թողնում միջազգային հանրության վրա՝ հասարակական կարծիք ձեւավորելու Հայաստանի այս վարչակազմի նկատմամբ, որը քաղաքական հայացքների համար ազատազրկել է մեր ընկերներին»:
Երջանիկ Աբգարյան. «Ես գտնում եմ, որ մեզ ուղղակի այժմ տրված չէ ուրիշ ճանապարհ՝ այլ, ավելի արդյունավետ, երբ կարելի էր պետական ապարատի, օրենքների գործադրման միջոցով հասնել մեր պահանջների իրականացմանը: Հնարավորությունները փաստորեն սպառված են: Եվ առայժմ գուցե այս ակցիաների թվաքանակն այդ աստիճան մեծ չէ, բայց սա ուղղակի ժամանակի հարց է: Ու երբ ամառային այս շոգերը մի քիչ ազդեցություն չունենան երկրում առկա դրության, քաղաքական հարցերի հնչեցման վրա՝ այդ դեպքում արդեն կհավաքվեն ավելի շատ մարդիկ»: