Համոզված է հայոց լեզվի հանձնաժողովի նախագահ Յուրա Ավետիսյանը, որի կարծիքով՝ դիմորդները տարեցտարի ավելի «մտածական ու ինտելեկտուալ» են դառնում:
Երեկ Տնտեսագիտական համալսարանում ընթանում էր հայոց լեզվի հերթական բանավոր քննությունը: Քննական հանձնաժողովի նախագահ Յուրա Ավետիսյանն «Առավոտին» հայտնեց, որ հայոց լեզվի բանավոր քննություն երրորդ անգամ են ընդունում, ու առայժմ ամեն ինչ նորմալ հունով է ընթանում: Ինչ վերաբերում է բացակայություններին, ապա, պարոն Ավետիսյանի փոխանցմամբ, օրական քննություն հանձնող 74 հոգուց բացակայում է 3-4 հոգի, ու որքան իրեն է հայտնի՝ հարգելի պատճառներով:
Դիմորդների ընդհանուր պատրաստվածության մասին խոսելիս Յ. Ավետիսյանն ասաց, որ ինքը սպասում էր, որ այս տարի նրանք ավելի հաջող կհանձնեին բանավոր քննություն. «Դպրոցի հայոց լեզվի միասնական քննության ժամանակ քննաթերթիկներում առկա էին նաեւ գրականությանը վերաբերող հարցեր ու, այսպես թե այնպես, դիմորդները պարտավոր էին որոշակի չափով գրականություն ուսումնասիրել, բայց այժմ հուսախաբություն եմ ապրում: Նախորդ տարվա համեմատ գրեթե պատկերը չի փոխվել ու միասնական քննության ժամանակ գրականության հարցերի ներառումը կարծես թե առանձնապես չնպաստեց, որ մեր երեխաները, այնուամենայնիվ, գրականություն կարդան: Այժմ շատ քիչ են կարդում, այդ թվում նաեւ բանասիրական ֆակուլտետ դիմողները, սակայն կան նաեւ լավ պատրաստված երեխաներ, որոնց պատասխանները մեզ ուրախացնում են: Երբեմն պատահում են այդպիսի տղաներ, օրինակ՝ այսօր էլ մի տղա փայլուն պատասխանեց, բայց, ցավոք, այդպիսիք քիչ են»: Յու. Ավետիսյանը հայտնեց, որ առայժմ ամենաբարձր միավորը եղել է 18-ը: Նրա խոսքերով, ընդհանրապես քչերն են կարողանում 18 ստանալ, իսկ այս օրերի ընթացքում ընդամենը 5-6 հոգու է հաջողվել: Հանձնաժողովի նախագահը անդրադարձավ նաեւ անբավարար ստացող դիմորդներին. «Մեզ մոտ սովորաբար անբավարար ստանում է նա, ով ընդհանրապես ոչինչ չգիտի»:
«Առավոտն» ականատես եղավ նրան, թե ինչպես է հանձնաժողովի անդամը հուշում երեխային, որպեսզի նա կողմնորոշվի ճիշտ պատասխանի հարցում: Այս փաստի մասին էլ պարոն Ավետիսյանը ասաց. «Կան երեխաներ, որոնց հարկավոր է մի քիչ խոսեցնել, որ սկսեն բացվել: Պատահում է, որ այդ երեխան լավ պատրաստված է, բայց կան նաեւ դեպքեր, որ ինչքան էլ չարչարվում ենք, մեկ է՝ համառորեն լռում են: Երեխաներն ամեն կերպ փորձում են ցույց տալ իրենց գիտելիքները, իսկ հանձնաժողովի անդամների տրամադրվածությունը նրանց հանդեպ շատ լավ է: Հանձնաժողովը դիմորդի պատասխանը լսելուց հետո նրան ասում է գնահատականը, իսկ եթե լինում են դժգոհություններ, երեխան չի համաձայնում գնահատականի հետ, ապա տեղում կարող է պահանջել հանձնաժողովի նախագահին կամ տեղակալին, որ նորից իրեն լսեն: Բացի այդ, ծնողներն իրենք էլ մոնիտորից տեսնում ու լսում են, թե ինչպես է պատասխանում իրենց երեխան»:
Յու. Ավետիսյանը նշեց, որ հատկապես վերջին տարիներին մի միտում է նկատվում՝ բոլոր ֆակուլտետներում լուրջ բեւեռացում կա. «Կան հրաշալի ուսանողներ, որոնք իրենց ուժերով գերազանց գնահատականներ են ստանում ու կան ծույլիկներ, որոնք մի կերպ են ավարտում: Եվ, ընդհանրապես, ես այն կարծիքին չեմ, որ տարեցտարի մեր սերունդն ավելի անգրագետ է դառնում, ընդհակառակը՝ մտածական, ինտելեկտուալ առումով մեր երեխեքը առաջ են գնում: Այնպես որ՝ խելոք երեխեք էլ ունենք»: Յու. Ավետիսյանը փաստեց, որ այս տարի հատկապես բանասիրական ու ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմողների հիմնական մասը աղջիկներ են: Կրկին անդրադառնալով մոնիտորների առկայությանը, հանձնաժողովի նախագահը նշեց, որ մի կողմից լավ է ու օբյեկտիվ, որ ծնողներին հնարավորություն է ընձեռվել հետեւել իրենց երեխաների պատասխաններին, մյուս կողմից էլ վատ է, որովհետեւ երեխաները շեղվում են, հուզվում, որ դրսում իրենց տեսնում ու լսում են: