Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓՈՐՁԵԼ Է ԿԱՆԽԵԼ ԽՈՒՃԱՊԸ

Հուլիս 25,2008 00:00

\"\"Քրեագրական քննարկում

Երեկ ՀԺԿ գրասենյակում հրավիրվել էր քննարկում՝ «Մարտի 1-ի» գործով ապրիլի 10-ին կալանավորված Շանթ Հարությունյանի խնդրով: Նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 4-ին՝ իշխանությունը յուրացնելու, զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով: Մի հանցագործության համար, որն, ըստ իրավապաշտպան Ստեփան Դանիելյանի՝ հանցագործություն չէ, այլ «իրական հերոսություն», քանի որ մարտի 1-ի օրը հարթակ բարձրացած Նիկոլ Փաշինյանն (ներկայումս հետախուզվող) ու Շանթ Հարությունյանը, կրակոցներից հետո, փորձել են կանխել խուճապը, որպեսզի այլ զոհեր չլինեն:

Փաստաբան Հ. Բաղդասարյանը հավելեց, որ Շանթ Հարությունյանը մինչ օրս ցուցմունք չի տվել, չի ընդունել իրեն մեղսագրվածը, եւ ինքն է մեղադրում իշխանություններին նույն այն հոդվածով, որն իրեն են առաջադրել: Նա փոխանցեց իր պաշտպանյալի խոսքը, ըստ որի՝ նախագահի մեկ այլ թեկնածու մեկ այլ թեկնածուին զրկել է ազատությունից, իրականացրել է բռնի գործողություններ՝ «պատանդի» կարգավիճակում դնելով թեկնածուի ընտանիքը:

Շանթ Հարությունյանը դատապարտել էր այն մտավորականներին, որոնք չեն բարձրացնում «ընդդիմության երեխաներին» առնչվող հարցերը:

Անդրադառնալով Շանթի քաղաքական հայացքներին, փաստաբանը փոխանցեց ազատազրկված Հարությունյանի կարծիքը, մասնավորապես, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդա-սարյանի մասին. «Նրան նախկինում նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորությունը մեղադրանք է ներկայացրել օտարերկրյա ռեզիդենտուրայի օգտին աշխատելու համար, իսկ մեկ տարի հետո նս հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար է դառնում: Սկզբունքային հարց է ծագում. պետական դավաճանը դառնում է ազգային պետականության անվտանգության կարեւորագույն պոստերից մեկի ղեկավարը: Ըստ էության, կամ չի եղել այդ դավաճանությունը, կամ եթե եղել է՝ նախագահի պոստը զբաղեցնող անձնավորությունը կատարել է սուտ մատնություն: Այսինքն, սուտ մատնության համար պետք է պատասխանատվության կանչվեն այս մարդիկ: Քրեական օրենսգրքի 333, 292, 133 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով Շանթը մեղադրանք է առաջադրում այն ժամանակվա եւ այսօրվա իշխանություններին: Հարցը միայն ինքնապաշտպանությունը չէ: Այն ունի հասարակական հնչեղություն: Շանթն իրեն համարում է գերի: Նրա հայտարարությանը տեղյակ եք, թե ինչու չի մասնակցում իր կալանքի հետ կապված դատական պրոցեսին: Նա իրեն համարում է ռուսական գործակալությունների ստեղծած վարչախմբի կողմից գերի վերցված անձնավորություն: Դրա պատասխանը տվել է Հատուկ քննչական ծառայության պետը, որն իր հանձնարարականում նշում է, որ հանրահավաքների ժամանակ ի՞նչ էին խոսում մասնակիցները եւ, արդյոք, Հայաստանից Ռուսաստանի ներկայությունը հանելու օգտի՞ն չէին խոսում: Շանթը պնդում է, որ Հայաստանի դրածոները ռուսական կայսերապետական ուժերի արգասիքն են եւ իր պայքարը ազգային-ազատագրական է: Նա պայքարում է Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման, անկախ ինքնիշխան պետականությունը վերականգնելու համար»:

Ներկաներից շատերը տեղյակ չէին, որ Շանթ Հարությունյանը խորհրդային ժամանակաշրջանի քաղբանտարկյալի որդի է եւ Ցեղապաշտական կուսակցության առաջնորդը, բազմաթիվ հրապարակումների հեղինակ: Նա ներկայացվեց այլ կտրվածքով՝ ընթերցվեց նրա բանաստեղծությունը. «Սիրտս կապույտ ճախրանք տենչաց, կապույտ ճախրանք աշխարհի մեջ, հոգիս երգեց ճախրանքը, բայց մայրամուտ էր կապույտիս մեջ: Կապույտիս մեջ մայրամուտ էր, այլ մայրամուտ կապույտիս մեջ, հոգուս աչքը թռավ եթեր, կապույտ տենչաց կապույտիս մեջ»: Ներկա գտնվողներից Կարապետ Ռուբինյանը շշնջաց փաստաբանին. «Եկեք Հյուսիսային պողոտա՝ ելույթ ունենալու»:

Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը կանխատեսեց, որ Հարությունյանի գործը դատարան չի մտնի. «Հնարավոր է հոդվածն էլ փոխվի: Երկար կտեւի քրեական գործը, նոր հանգամանքներ ի հայտ կգան, պրոբլեմներ կլինեն քննչական խմբի հետ կապված: Այս գործընթացի արդյունքում կտուժի մեր պետությունը: Ողջունելի կլինի, որ ժամանակից շուտ ազատվեն բանտարկյալները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել