Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բագրատյանը ներողություն չի խնդրի

Հուլիս 25,2008 00:00

Դատարանը վճռել է, որ Հ. Բագրատյանը պարտավոր է «Առավոտ» օրաթերթում հերքում տպագրել ու ընթերցողներից

ներողություն խնդրել:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դատական հայցն ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, նպատակաուղղված քայլ էր, այսինքն՝ այս գործընթացը քաղաքական յուրատեսակ հետապնդում էր: Մինչ այդ հրապարակումը՝ մամուլում հայտնվել են շատ ավելի սուր եւ քննադատական հոդվածներ, սակայն դրանցից ոչ մեկը նման արձագանքի չի արժանացել: Երեկ «Հայելի» ակումբում այս մասին ասաց Հրանտ Բագրատյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթում (02.02.08) տպագրվել էր հոդված, որտեղ Հ. Բագրատյանը մեղադրանքներ էր ներկայացրել ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանին, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին: Մասնավորապես, ըստ Հ. Բագրատյանի, հայաստանյան 3 բանկերի՝ «Արդշինբանկի», «Ագրոբանկի» եւ «Հայխնայբանկի» սնանկացումը կատարվել է միտումնավոր՝ հենց ԿԲ-ի եւ բանկի այն ժամանակվա նախագահ Տ. Սարգսյանի անմիջական մասնակցությամբ: Ըստ Հ. Բագրատյանի. «ԿԲ նախագահը վաղուց էր «Արդշինբանկի» հետեւից ընկել: Բացառված չէ, որ նման կարգադրություն ստացել էր Ռ. Քոչարյանից: Իսկ մեր բանկային օրենսդրությունն այնպիսին է, որ եթե Տ. Սարգսյանն ուզում է՝ շատ կարճ ժամանակում սնանկացնում է ցանկացած բանկ: «Արդշինբանկում» գիտեին, որ իրենք իշխանությունների հետ խնդիր ունեն: Բանկին օգնելու փոխարեն, նա սնանկացման գործընթաց ծավալեց»:

Ըստ Հ. Բագրատյանի, նույն ճակատագրին են արժանացել նաեւ «Ագրոբանկն» ու ավելի քան 100 մասնաճյուղ ունեցող «Հայխնայբանկը», որոնց բոլոր ակտիվները հանձնվել են Ռ. Քոչարյանի մտերիմներից մեկին պատկանող «Արդշինինվեստբանկին»: Այս հարցազրույցի տպագրումից օրեր անց Տ. Սարգսյանը, որը ԿԲ նախագահն էր, իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակման համար դիմել էր Երեւանի քաղաքացիական դատարան: Վարչապետի հայցը բավարարվել է մասնակի:

Դատարանը վճռել է Հ. Բագրատյանին պարտավորեցնել 10-օրյա ժամկետում «Առավոտում» տպագրելու հոդված, որտեղ նա պետք է ներողություն խնդրի Տ. Սարգսյանից եւ ընթերցողներից՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար: Փաստաբան Ա. Գրիգորյանի հավաստմամբ, դատարանը գերազանցել է իր լիազորությունները, քանի որ նա մարդու վրա դրել է ներողություն խնդրելու պարտականություն, ինչը հասարակության աչքում նրան նվաստացնելու միտում ունի: Բացի այդ, հոդվածում նշված այն միտքը, որ բանկերի լուծարումը Տ. Սարգսյանի կողմից կատարվել է միտումնավոր եւ բազմաթիվ չարաշահումներով, Ա. Գրիգորյանի հավաստմամբ, աչքաթող է արվել. «Մասնավորեցման ընթացքում թույլ տրված չարաշահումները դատարանը չի քննարկել, այլ տառախաղով է զբաղվել՝ նշելով, որ բանկը ոչ թե լուծարվել, այլ ինքնալուծարվել է»: Փաստաբանի տեղեկացմամբ, հոդվածում նշված փաստերն ապացուցելու համար իրենք պետք է ԿԲ-ից վերցնեին այդ բանկերի վաճառքի եւ սնանկացման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, բայց քանի որ դրանք բանկային գաղտնիք են պարունակում, ուստի պատասխանող կողմը դիմել է դատարան՝ դրանք ստանալու համար, սակայն մերժվել է: Ա. Գրիգորյանի մեկնաբանմամբ. «Դատարանը նշում է, որ պատասխանող կողմը չի կարողացել ապացուցել տեղեկությունների ճշմարտացիությունը: Մի կողմից մեզ զրկում են այդ փաստերից, մյուս կողմից էլ գրում, որ ապացույցներ չունենք»: Իսկ հայցվորի այն պահանջը, թե Հ. Բագրատյանը պարտավոր է ապացուցել, որ ԿԲ նախագահը ընկել էր «Արդշինբանկի» հետեւից, դատարանը մերժել է՝ գտնելով, որ դա պարզապես գնահատական է: Փաստաբանի տեղեկացմամբ, Հ. Բագրատյանը չի պատրաստվում կատարելու դատարանի պահանջը, եւ առաջիկայում նա կդիմի վերաքննիչ դատարան, հայցը մերժվելու դեպքում՝ նաեւ վճռաբեկ դատարան:

«Առավոտի» վաղվա համարում կտպագրենք հատվածներ քաղաքացիական դատարանի կայացրած վճռից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել