Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՓՈՂՈՑՆԵՐ՝ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ

Հուլիս 25,2008 00:00

\"\"«Լուսանշան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որը զբաղվում է լուսացույցերի, երթեւեկության կանոնները սահմանող նշանների տեղադրման եւ սպասարկման, փողոցային գծանշումների եւ նմանօրինակ աշխատանքներով, տարիներ շարունակ գործում էր ոստիկանության համակարգում:

Երկու տարի առաջ, կառավարության որոշմամբ, այն տեղափոխվեց Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո: Կազմակերպության ղեկավար Էդիկ Սաֆարյանի հավաստմամբ, այս երկու տարիների ընթացքում կազմակերպությունն աշխատել է իր հնարավորությունների շրջանակներում՝ ամենօրյա եւ ինտենսիվ: Մինչդեռ, ինչպես պնդում է Է. Սաֆարայնը.«Մինչ այդ մենք ընդամենը վերակենդանացման մակարդակով էինք պահում եւ պահպանում մեր տնտեսությունը: Հատկապես էներգետիկ սղության տարիներին լուսացույցերը չէի աշխատում ոչ միայն հոսանքի բացակայության պատճառով, այլ մարդիկ լուսացույցերի կորպուսներն օգտագործում էին իբրեւ վառելիք»: 1995-ից սկսած, կազմակերպությունը զրոյական վիճակից փորձում էր քայլեր անել, սակայն հեշտ չէր ոտքի հանել եւ պահպանել 40 տարվա մաշվածությամբ լամպային լուսացույցերը, որոնք ամենօրյա սպասարկում էին պահանջում: Էական դեր ուներ նաեւ լամպերի արտադրության խաթարումը. դրանք, իհարկե, ներկրվում էին, սակայն այն տարիներին դա էլ հեշտ չէր: «Կարճ ասած՝ մենք շունչ քաշեցինք «Լուսանշան» անունով եւ քաղաքապետարանի կազմի մեջ»,- ասում է կազմակերպության ղեկավար Էդիկ Սաֆարյանը:

2007-ից արդեն համակարգում խոշոր ծրագրեր են իրականացվում: Հենց 2007-ին մայրաքաղաքում կառուցվեց 23 լուսացուցային օբյեկտ եւ 1500 նշան տեղադրվեց, ինչպես նաեւ իրականացվեցին 650 հազար գծամետր փողոցային նշագծման աշխատանքներ: Անցյալ տարեվերջին արդեն մայրաքաղաքում նշագծման հիմնական աշխատանքներն ավարտված էին: Համանման, բայց մի փոքր լայն ծավալի ծրագիր է իրականացվում նաեւ այս տարի: Կկառուցվի 27 լուսացուցային օբյեկտ: Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ քաղաքի կենտրոնում այլեւս ամբողջությամբ նոր՝ դիոդային եւ մոդուլային լուսացույցեր են, որոնք ե՛ւ արտաքին տեսքն են ապահովում, ե՛ւ անխափան աշխատում են: Հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է ամբողջական անցում նոր համակարգի լուսացույցերի: Կտեղադրվի 200 փողոցային երթեւեկության նշան: Որոշակի, այսպես ասած, վերապահումներ կան նշագծման աշխատանքներում, քանի որ մի շարք տրանսպորտային հանգույցներում շինարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Այդ եւ հարակից տարածքներում նույնպես մինչեւ սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օրը, շինարարությունների ավարտից հետո, կիրականացվեն համապատասխան աշխատանքներ: Կկատարվի մոտ 700 հազար գծամետր նշագծման աշխատանք:

ՊՈԱԿ-ում դժգոհ չեն քաղաքապետարանի, հատկապես՝ քաղաքապետի ուշադրությունից: Տրամադրվող ֆինանսներից էլ չեն դժգոհում. ոստիկանության համակարգում եղած ժամանակաշրջանի համեմատությամբ ներկայումս տրամադրվող գումարները նույնիսկ «աստղաբաշխական» են համարում: Համակարգի թիվ մեկ խնդիրը Էդիկ Սաֆարյանը համարում է տեխնիկական հագեցվածությունը: Քաղաքապետին համապատասխան առաջարկներ արվել են այդ ուղղությամբ եւ ակնկալվում է, որ մոտ ապագայում ձեռք կբերվի ժամանակակից նշագծող մեքենա, ինչպես նաեւ համապատասխան ջնջող-մաքրող տեխնիկա, որը նախապատրաստում է փողոցի մակերեւույթը՝ նշագծման համար: Տեխնիկական այդ հնարավորությունները ոչ միայն կհեշտացնեն աշխատանքները, այլ նաեւ կնպաստեն դրանց որակի բարձրացմանը: Առաջարկություններ են ներկայացվել նաեւ փողոցային երթեւեկության նշանների տեղադրման կանոնների վերաբերյալ: Դրանք նույնպես ժամանակի ընթացքում լուծումներ կստանան: Ի դեպ, քանի որ ընթացող շինարարությունների արդյունքում մայրաքաղաքի փողոցները ծանրաբեռնված են, լրացուցիչ խոչընդոտներ չստեղծելու համար՝ կազմակերպությունն իր աշխատանքների մի մասն իրականացնում է գիշերային ժամերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել