Լրահոս
Օրվա լրահոսը

Ապացուցեք, որ վստահելի եք

Հուլիս 25,2008 00:00

ԵԽԽՎ նախագահի այցը Հայաստան՝ ավարտվեց

ԵԽԽՎ նախագահը երեկ առավոտյան հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Նրա գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Լյուիս Մարիա դե Պյուչը նշել է. «Եթե անգամ մեկ մարդու նկատմամբ հարուցված քրեական գործում մեղադրանքները անհիմն են եւ կարող են պայմանավորված լինել նրա քաղաքական գործունեությամբ, ապա դա պետք է բացառվի ԵԽ պետություններում»: Նաեւ նշել է. «ԱԺ-ում ստեղծված մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը ԵԽԽՎ հայտնի բանաձեւերի համապատասխան դրույթի կատարման լավագույն տարբերակը չէ», եւ այդ առումով ԵԽԽՎ նախագահը կարեւորել է ԵԽ Գլխավոր հանձնակատար Համմարբերգի առաջարկությունը փաստահավաք առաքելության ստեղծման վերաբերյալ»: Իսկ Արմեն Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է. «Նա ուղղակիորեն նշեց, որ այն հեղինակությունը, որ այսօր հասարակությունում ունի Ազգային ժողովը, հավատ չի ներշնչում այդ հանձնաժողովի նկատմամբ՝ նույնիսկ եթե նրանք ցանկանում են լավ գործ անել»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի քննչական հանձնարարականի իրավաչափության հարցը, որի կապակցությամբ պրն Պյուչը մտահոգություն է հայտնել:

Հաջորդ հանդիպումն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ էր, որին ԵԽԽՎ նախագահն իր մտահոգությունն է հայտնել ԵԽԽՎ բանաձեւերի կատարման տեմպերի առնչությամբ: Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ նա հայտնել է, որ իր այցի արդյունքում պիտի նախապատրաստի զեկույց, որը ներկայացնելու է սեպտեմբերի 11-ին մոնիտորինգի հանձնաժողովի նիստում. «Արդեն այդ ժամանակ անհրաժեշտ են վստահելի ապացույցներ, որ Հայաստանում իրավիճակը շտկվում է, եւ ժողովրդավարության ճանապարհն անշրջելի է երկրի համար»:

ԵԽԽՎ նախագահն անդրադարձել է նաեւ հանրահավաքների անցկացմանը եւ նշել, թե ողջունելով օրենքի ընդունումը՝ կարեւորում է դրա կատարումը, որից բողոքում է ընդդիմությունը. «ԵԽ-ն անընդունելի է համարում, որ հանրահավաքների առնչությամբ բանտում հայտնվեն մարդիկ, ովքեր բռնություններով ուղեկցված հանցագործություններ չեն կատարել: Ստրասբուրգը Հայաստանից ակնկալում է արագ փոփոխություններ այս երկու հարցերում՝ մինչեւ սեպտեմբերի 11-ը: Սա Հայաստանի համար խիստ կարեւոր ժամկետ է: Պարոն Պյուչը ուրախ կլինի վեհաժողովին տեղեկացնել, որ Հայաստանում ամեն ինչ արվում է մարտյան իրադարձությունների ամբողջական պատկերն ունենալու եւ լուրջ հանցանքներ չգործած ձերբակալվածների ազատ արձակման ուղղությամբ»:

Իսկ ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունից ԵԽԽՎ նախագահի հետ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպման մասին կարելի է տպավորություն ստանալ, թե Լյուիս Մարիա դե Պյուչը, ի տարբերություն այլ հանդիպումների, միայն հաճոյախոսություններ է շռայլել ու քննադատել բացառապես ընդդիմությանը: Ըստ այս հաղորդագրության՝ ԵԽԽՎ նախագահն ասել է. «Պարտավորություններ ունեն եւ երկրի ապագայի համար պատասխանատվություն են կրում ինչպես իշխանությունները, այնպես էլ՝ ընդդիմությունը: Լյուիս Մարիա դե Պյուչն ասել է, որ Եվրախորհուրդը հարգանքով է վերաբերում Հայաստանի ժողովրդի ընտրությանը՝ նույնն առաջարկելով ընդդիմությանը՝ ճանաչել ընտրությունների արդյունքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել