Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ ՌՈՒՍՆԵՐԸ

Հուլիս 25,2008 00:00

\"\"Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների նոր մոտեցումները Սուրեն Սուրենյանցը պայմանավորում է Հայաստանում Ռուսաստանի ունեցած շահերով:

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իր պաշտոնավարության 100 օրվան նվիրված ասուլիսում հնչեցված տեսակետներն ու հայտարարություններն արդեն մեկնաբանվել եւ դեռ էլի են քննարկման առարկա դառնալու թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Ս. Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ «թարմ» մեկնաբանություններ երեկ արեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նրա կարծիքով, գործող նախագահն այդ ասուլիսում առաջին անգամ հրապարակայնորեն պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իրեն ուղղված առաջարկներին եւ «հերթական անգամ ապացուցեց, որ քաղաքական հարաբերությունների մասին իր պատկերացումները գտնվում են առնվազն միջին մակարդակի վրա»: Ս. Սուրենյանցի ասելով, աշխարհում այնպիսի երկխոսության նախադեպ, այն ֆորմատով, որի մասին խոսում էր Ս. Սարգսյանը, չկա: «Նման բան ուղղակի գոյություն չունի: Կան քաղաքական սուբյեկտներ, որոնց միջեւ երկխոսությունը կարող է հանգեցնել կամ չհանգեցնել հասարակական համաձայնության: Այսինքն՝ հասարակական համաձայնությունը քաղաքական սուբյեկտների հարաբերությունների, վարքագծի դրսեւորում կարող է լինել: Հավանաբար ինքը հասարակություն ասելով նկատի ունի այն պալատական մտավորականներին կամ դուրս գրված քաղաքական գործիչներին, որոնց հրավիրել է հասարակական խորհուրդ: Երկրորդ, ես համոզվեցի, որ Ս. Սարգսյանը շատ տպավորված է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից, որովհետեւ նա, ըստ էության, փորձեց ակնարկներ անել, որոնք Ռ. Քոչարյանի այդ հարցազրույցի տրամաբանական շարունակությունն են»,- նկատեց Ս. Սուրենյանցը՝ նկատի ունենալով երկխոսության այն նոր բանաձեւը, որի մասին հայտարարեց Ս. Սարգսյանը: Ընդդիմության ներկայացուցչի ասելով, ինքը ենթադրություն ունի, թե ինչու է կորել Ս. Սարգսյանի՝ Լ. Տեր-Պետրոսյանի թիմի հետ երկխոսելու ցանկությունը. «ԵԽԽՎ ամառային նստաշրջանից առաջ իշխանությունը երկխոսություն ասելով հասկանում էր երկխոսություն Լ. Տեր-Պետրոսյանի թիմի հետ, բայց քանի որ ԽՎ նստաշրջանն արդեն անցած փուլ է, եւ քանի որ Ս. Սարգսյանը չկարողացավ նոր համակարգ ստեղծել, նա փորձեց այս հարցազրույցով գոնե Ռ. Քոչարյանին հավատարմության ժեստ անել»:

Գործող նախագահի հայտարարությունները երկխոսության եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ Ս. Սուրենյանցը համարեց այն պատասխանը, որն ընդդիմությունը ակնկալում էր իշխանությունից ստանալ մինչեւ օգոստոսի 1-ը. «Այդ պատասխանը Ս. Սարգսյանը տվեց իր ասուլիսում: Նա հրապարակավ հայտարարեց, որ ընդդիմության առաջ քաշած խնդիրներն ու պահանջները չի բավարարելու»: Կուսակցության ներկայացուցիչը անդրադարձավ նաեւ «մեկ զանգով» քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ Ս. Սարգսյանի հայտարարությանը՝ ասելով, թե չէր կարելի այդ աստիճան խեղաթյուրել Լ. Տեր-Պետրոսյանի հնչեցրած միտքը: «Մեկ զանգով կարող ես քաղկալանավորներին ազատել՝ նշանակում է, որ ցանկության դեպքում դու կարող ես այդ խնդիրը շատ արագ լուծել: Մենք այնքան պարզունակ չենք, որ ասիական մեթոդ առաջարկեինք Ս. Սարգսյանին: Մեկ զանգ նշանակում էր, որ եթե դու իրավիճակին տիրապետում ես, եթե իշխանության օղակները քեզ սաբոտաժ չեն անում, եթե կա քաղաքական կամք ու ցանկություն, հնարավոր է այդ հարցը շատ արագ լուծել: Ավելի պարզ՝ մենք համարում ենք, որ անազատության մեջ գտնվողները փաստացի պատանդներ են իշխանության ձեռքին, իսկ պատանդներին, սովորաբար, ազատում են իբրեւ քաղաքական եւ բարի կամքի դրսեւորում, ինչն, ի դեպ, առաջարկում է նաեւ ԵԽԽՎ-ն: Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր զինակիցների ձերբակալությունն ու կալանավորումը օրինական չեն եւ քաղաքական են, ուստի, եւ բնականաբար, նրանց ազատ արձակումն էլ քաղաքական որոշման հետեւանք պետք է լինի: Այդ մեկ զանգը վերաբերում էր քաղաքական որոշմանը: Եթե մենք համոզված լինեինք, որ Հայաստանում արդարադատության համակարգը գործում է օրինական եւ իրավական դաշտում, եթե համոզված լինեինք, որ դատարաններն ու դատախազությունը կամակատարներ չեն, մենք քաղբանտարկյալների հարցով ընդհանրապես իշխանությանը չէինք էլ դիմի. կապավինեինք դատարանների եւ դատախազության արդարամտությանը»:

Ինչ վերաբերում է ընդդիմության հանրահավաքները մերժելու պրակտիկային, ապա Ս. Սուրենյանցն էլ ասաց այն, ինչ օրերս հայտարարեց ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ՝ Լեւոն Զուրաբյանը: Ըստ Ս. Սուրենյանցի, «իշխանություններն, իրոք, հակառակ Ս. Սարգսյանի հորդորին, վախենում են հանրահավաքներից, երթերից: Գուցե այդ վախը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունը լեգիտիմության ռեսուրս չունի, կամ նրանով, որ իրենք մտածում են, թե արտաքին աշխարհի առաջ էլ ծիծաղելի վիճակում են հայտնվում, երբ հանրահավաքի եկած մի քանի տասնյակ հազար մարդ իրենց իշխանությանը «ոչ» է ասում»:

«Եթե մի փոքր տեղաշարժ կա Ս. Սարգսյանի պաշտոնավարության 100 օրերի ընթացքում, ապա դա այն է, որ նրա մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների հարցում իսկապես որոշակի իմաստով տարբերվում են Ռ. Քոչարյանի վարած քաղաքականությունից»,- հանուն արդարության նշեց ընդդիմադիր գործիչը՝ միաժամանակ այդ քաղաքականությունը պայմանավորելով ՀՀ-ում ՌԴ-ի ունեցած շահերով: «Միամիտ պետք է լինել՝ չհասկանալու համար, որ այս հայտարարությունը Ս. Սարգսյանի մոսկովյան հանդիպումների հետեւանք է: Հասկանալի է, որ Ռուսաստանը, Հայաստանում ունենալով բիզնես հետաքրքրություններ, այլեւս շահագրգռված է, որպեսզի Հայաստանը բաց սահմաններ ունենա»,- ահա այն շարժառիթը, որը, ըստ Ս. Սուրենյանցի, ստիպել է Ս. Սարգսյանին, իր քաղաքական թիմում ունենալով ՀՅԴ-ի նման գործընկեր, նման հայտարարություն անել: «Ես կարծում եմ՝ ընդդիմությունը պետք է հետամուտ լինի, որ Ս. Սարգսյանի հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների մասով իմիտացիայի մակարդակի վրա չմնան»,- եզրափակեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել