Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ ՔԱՅԼԵՐ ԱՆԵՆՔ»

Հուլիս 25,2008 00:00

Այս տեսանկյունից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ողջունում է Թուրքիային արած Սերժ Սարգսյանի առաջարկը

«Քանի որ Մինսկի խմբի շրջանակներում որեւէ գործընթաց չի ընթանում, Ղարաբաղի խնդիրը մեր հասարակությանը պետք է հուզի հետեւյալ տեսանկյունից՝ մեծ է հավանականությունը, որ հարցը լուծում կստանա ուժային տարբերակով»,- կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նման մտավախության հիմք մեր զրուցակցին տվել է այն, որ ԼՂՀ հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, եւ Սերժ Սարգսյանը շարունակում է վարել Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանը հաջողեց միջազգային ատյաններում ամրապնդել հարցի վերաբերյալ իր քաղաքական դիրքերը՝ ՄԱԿ-ում եւ ԵԽԽՎ-ում այս տարվա ընթացքում ընդունված բանաձեւերի տեսքով: Ելնելով այս ամենից՝ քաղաքագետը կարծում է, որ հիմա, երբ աշխարհում վեճ է գնում՝ ինքնորոշման սկզբո՞ւնքն է գլխավորը, թե՞ տարածքային ամբողջականությունը, մենք պետք է ճանաչենք Կոսովոյի անկախությունը, քանի որ Կոսովոն անկախացավ հենց ինքնորոշման սկզբունքով. «Այսպիսով, մենք կարող ենք կանխել ռազմական զարգացման ճանապարհը: Նման քայլերն աշխարհին կստիպեն ԼՂՀ հարցին ավելի լուրջ նայել: Եկեք իրար չխաբենք. Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանն այսօր բավականին թուլացած է: Քանի որ նաեւ նավթային ու գազային գործարքների արդյունքում Ադրբեջանն այսօր այլ առավելություններ ունի, ուրեմն մենք պետք է անսպասելի քայլեր անենք: Իսկ Կոսովոյի անկախությունը ճանաչելուց հետո՝ ի դեմս մի շարք գերտերությունների, Հայաստանը ձեռք կբերի բարեկամներ»:

Արտաքին քաղաքականության ոլորտում վերջին շրջանում իշխանությունների քայլերը, ըստ մեր զրուցակցի, ցույց են տալիս, որ անսպասելի քայլեր անելու ընկալումը կա, եւ այդ քայլերը միտված են երկրի արտաքին հեղինակության բարձրացմանը: Մեր զրուցակիցը հենց այս համատեքստում է դիտարկում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները. «Կարեւոր եւ դրական են այսօր նման քայլեր անելը, մանավանդ որ, Հայաստանը հետընթաց ապրեց ժողովրդավարական ոլորտում, մասնավորաբար՝ այնպիսի իրավիճակ է, երբ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ կուսակցության լիդեր Արարատ Զուրաբյանը գտնվում են բանտերում: Պարզ է, որ իշխանությունները պարտավոր են արագ վերականգնել ներքին ժողովրդավարության մակարդակը եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Թուրքիային բավարար չէր առանց նախապայմանների բանակցություններ սկսելու հայկական կողմի պատրաստակամությունը, բայց երբ ասում ենք, որ պատրաստ ենք պատմաբանների հանձնաժողով ստեղծել՝ դա մեծ զիջում է եւ նշանակում է, որ պատրաստ ենք ուսումնասիրել մեր մեջ եղած բոլոր խնդիրները: Այս առաջարկը քայլ առաջ է առանց նախապայմանների առաջարկից եւ համընկնում է տարիներ առաջ Թուրքիայի արած առաջարկին»: «Առավոտի» դիտարկմանը, որ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, ինչպես նաեւ կոալիցիոն ՀՅԴ-ն եւ իշխանամետ այլ ուժեր ընդդիմախոսեցին այդ հայտարարությանը, քաղաքագետը պատասխանեց. «Ես հարցին չեմ նայում պատմական փաստերը վերանայելու տեսանկյունից: Ի՞նչ քայլ պետք է արվեր, որը միջազգային հանրության ուշադրությունը սեւեռեր Հայաստանի, հայ-թուրքական հարաբերությունների վրա եւ դրական ընկալվեր Թուրքիայի կողմից. անսպասելի քայլ: Դա սա էր: Ի վերջո, բոլոր պատմաբաններն էլ ընդունելու են ցեղասպանության փաստը, քանի որ փաստերը ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ հայկական, ե՛ւ միջազգային արխիվներում կան»:

Պարոն Գրիգորյանը մտահոգված է նաեւ՝ երկրի անվտանգության հետ կապված խնդիրները առաջնային պլանում չեն. «Մեդվեդեւի՝ Ադրբեջան այցելությունից հետո պարզ երեւաց, որ ՌԴ-ն կարող է կորզել Ադրբեջանից զիջումներ՝ տարբեր հարցերում, ու պարզ է, թե դրա փոխարեն Ադրբեջանն ինչ է պահանջելու: Հույս դնել մեկ, այն էլ չաշխատող՝ Կոլեկտիվ անվտանգության համակարգի վրա, սխալ է: Փոքր քայլերով բավարար չէ գնալ: Ռուս-վրացական հարաբերությունների վերջին սրումը խաչ դրեց բոլոր ծրագրերի վրա, որոնք մենք ցանկանում էինք Վրաստանի տարածքով իրականացնել: Ուրեմն, մեր միակ ճանապարհը հայ-թուրքական սահմանի բացումն է՝ ՆԱՏՕ-ի ուղղությունը, դեպի Արեւմուտք, Եվրամիություն»: Այս համատեքստում նա հետաքրքիր է համարում Եվրոպական նոր հարեւանության ծրագրի շրջանակներում Եվրոպայում ընթացող անհամաձայնությունները եւ բանավեճերը. «Որտե՞ղ ենք մենք լինելու: Հիմա է որոշվում մեր ապագան եւ տեղը՝ տարածաշրջանային, անվտանգության համակարգի իմաստով, եւ այդ հարցերի լուծման ժամանակ էլ կլուծվի ԼՂՀ հարցը: Եթե այդ մարտահրավերներին պատրաստ չլինենք՝ մեր վիճակը կլինի վատ»: Իսկ գերտերությունները հանգիստ կնայե՞ն, թե ինչպես է Ադրբեջանը ռազմական տարբերակով լուծում ԼՂՀ հարցը: «Այսօր ՌԴ-ին ձեռնտու չէ «ստատուս-քվոն» փոփոխելը, բայց ես համոզված չեմ, այն պահից հետո, երբ Ադրբեջանը որոշում ընդունի իր գազը Ռուսաստանով մատակարարել, ՌԴ-ին ձեռնտու կլինի՞, որ «ստատուս-քվոն» պահպանվի»,- ասում է Ստեփան Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել