Անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե Հանրային հեռուստաընկերությունը հուլիսի 13-ին առանց նախազգուշացման ընդհատել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողության ուղիղ հեռարձակումը, երբ կինոռեժիսոր Ռոման Բալայանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ին զոհվածների հիշատակը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն «Առավոտին» ասաց. «Սա անհեթեթություն է: «Ոսկե ծիրանի» ուղիղ հեռարձակումը Հ1-ով ընթացել է արարողության սկզբից մինչեւ այն պահը, երբ ավարտվեց նախագահի ողջույնի ուղերձի ընթերցումը, եւ դրանից հետո է դադարեցվել: Ռոման Բալայանը դրանից ահագին հետո է խոսել, եւ ես չէի կարող ենթադրել, թե նա ինչ է ասելու: Բացի այդ՝ հեռարձակումը շարունակվել է արբանյակային հեռարձակմամբ, «Նոր ալիք»-ով՝ մինչեւ վերջ: Եվ այդ ամենը տեսագրվել է՝ այդ թվում, Ռոման Բալայանի ասածը, ու նույն օրվա երեկոյան՝ ավելի ուշ, ամբողջությամբ ցուցադրվել Հ1-ի եթերով»:
Անդրադառնալով պատճառներին, թե, այնուամենայնիվ, ինչու էր Հ1-ով դադարեցվել ուղիղ հեռարձակումը, Ալեքսան Հարությունյանն ասաց. «Ընդհատվեց, քանի որ բավական վատ լուսավորությամբ ու բեմի վրա վատ կազմակերպված էր: Եվ ուղղակի չենք ցանկացել, որ գոնե առաջին ծրագրով երեւա այդ ամբողջ խառնաշփոթը»:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը նաեւ հիշեցրեց. «Սա առաջին դեպքը չէ: Երբ ամիսներ առաջ Լոս-Անջելեսից ուղիղ եթերով հեռարձակվում էր մի երաժշտական մրցանակաբաշխություն՝ էլի նույն բեմական անկազմակերպվածության պատճառով անջատեցինք ուղիղ եթերը»:
Ալեքսան Հարությունյանի պարզաբանումներում հակասություն կա. եթերն անջատել են, որ խառնաշփոթը չերեւա Հ1-ով, բայց, այնուամենայնիվ հետո նույն ալիքով ամբողջը ցուցադրե՞լ են: