Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՐԾԱՆՈ՞ՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆԸ

Հուլիս 24,2008 00:00

Արդեն մի քանի ամիս՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը անգլուխ է՝ զրկված թե՛ տնօրենից, թե՛ գեղարվեստական ղեկավարից: Գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը դեռեւս անցած տարվա դեկտեմբերից հեռացավ Գյումրիից, մոտ երեք ամիս առաջ թատրոնի դե յուրե տնօրեն Կարինե Աղաբեկյանը եւս պաշտոնաթող լինելու դիմում ներկայացրեց, նույն այդ ժամանակ դիմում ներկայացրեց նաեւ դե ֆակտո տնօրեն, փոխտնօրեն Էդիկ Պողոսյանը՝ ստանձնելով համեմատաբար հանգիստ գործ՝ թատրոնի բեմադրական մասի վարիչի պաշտոնը: Ու թեեւ նրանք հեռացել են, սակայն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը քմահաճորեն ոչ մեկի, ոչ էլ մյուսի աշխատանքից ազատման դիմումները չի ստորագրում, թատրոնի համար յոթ ամիս շարունակ խելքը գլխին «տնօրինացու» չի փնտրում, չի էլ հանդուրժում նաեւ թատրոնի լուծն իր ուսերին վերցրած Էդիկ Պողոսյանին, արդյունքում՝ թատրոնի աշխատանքները պարալիզվում են:

Ինչպես Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում օրերս հայտնեց թատրոնի գրական բաժնի ղեկավար Լեւոն Մութաֆյանը, թատերական գործիչները նախարարին բազմիցս «մտերմիկ», կիսապաշտոնական, պաշտոնական ձեւով ահազանգել են այս մասին, սակայն նա արհամարհել է: Հանրապետության հնագույն թատրոնի նկատմամբ նախարարի քար անտարբերությունը հասել է նրան, որ նույնիսկ հարկ չի համարում կոլեկտիվի հետ հանդիպել ու հարցը քննարկել: Ըստ Մութաֆյանի, նախարարը վախենում է դեմ առ դեմ հանդիպելուց, քանի որ ստեղծել է փակուղային վիճակ, ու թեեւ խոստացել էր հունիս ամսվա մեջ գալ Գյումրի, սակայն թատրոնի հարցերը լուծելու փոխարեն այժմ էլ գերադասել է երկու ամսով մեկնել արտասահման: Թատրոնի կոլեկտիվին մտահոգում է նաեւ այն, որ անտերությունից օգտվելով՝ որոշ պաշտոնյաներ անհարգալից քայլեր են կատարում թատրոնի թիկունքում: Որպես օրինակ, Մութաֆյանը մատնանշում է Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանին, որը երկրաշարժի քսանամյակի կապակցությամբ թույլ է տվել իր բարեկամուհուն՝ դրամատուրգ Աննա Պետրոսյանին պիես պատվիրել, լուծել ռեժիսորի ֆինանսական հարցը ու թատրոնի դերասաններին ստիպել խաղալու այդ «անտաղանդ» պիեսը:

Ըստ Լեւոն Մութաֆյանի, թատրոնի տնօրենի պաշտոնի համար աշխատում են թե հանրապետականները, թե ՕԵԿ-ը եւ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նրա ասելով, այս պաշտոնի համար խառնված է նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը: Նա ժամանակին տնօրենի քարտուղարուհի Կարինե Աղաբեկյանին տնօրեն դարձնելով, այժմ էլ ուզում է այդ պաշտոնին նշանակել տալ իր փեսայի եղբորը՝ Արշալույս Սանոյանին, ով «Կավա» ռեստորանի տերն է եւ ժամանակին եղել է լոկոմոտիվային դեպոյի պետի նախկին տեղակալը: Այս պաշտոնի համար խառնվել են նաեւ քաղաքապետարանի մշակույթի նախկին պետ Աշոտ Մկրտչյանը, ով անխտիր մասնակցում է բոլոր դպրոցների տնօրենների համար հայտարարված մրցույթներին, Գյումրիի ՀԴՄ-ների պատասխանատու, սուսերամարտիկ Բարիք Մանուկյանը, որի համար էլ շահագրգռված է մարզպետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել