Երեւան քաղաքի քաղաքապետ
Երվանդ Զախարյանին
Հասցե – Արգիշտի փող. 1
Պատճենը
ՀՀ վարչապետ
Տիգրան Սարգսյանին
Հասցե-Հանրապետության հրապարակ,
Կառավարական տուն 1
Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ
Ռոբերտ Նազարյանին
Հասցե – Սարյան 22
ՀՀ նախագահի վերահսկողական
ծառայության պետ
Հովհաննես Հովսեփյանին
Հասցե – Բաղրամյան 26
Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի
թաղապետ
Գագիկ Բեգլարյանին
Հասցե – Տերյան 44
Երեւան, 22 հուլիսի 2008թ.
Հարգելի պարոն Զախարյան.
Մենք՝ Երեւան քաղաքի Մաշտոցի 39/12, Թամանյանի 2 եւ 2ա երեք շենքերի տասնմեկ մուտքերի բնակիչներս, բնակարանների եւ հաստատությունների սեփականատերերս, դեռեւս 2007թ. մայիսի 25-ին, հուլիսին 3-ին եւ հոկտեմբերի 23-ին նամակներ էինք հղել Ձեզ, որոնց մինչեւ այսօր որեւէ պատասխան չի տրվել (կից նամակների պատճենները):
Այս գործելաոճը մեզ համար անընդունելի է, քանզի ոչ միայն հակասում է պետական մարմնի թափանցիկ գործելաոճի սկզբունքին, այլ նաեւ խախտում է ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը:
Սույն նամակով կրկին Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հիմնախնդիրների վրա, որոնք արդեն իսկ բարձրացրել էինք մեր նախորդ նամակներում. խոսքը վերաբերում է մեր Բակին: Մեր Բակում առկա է երկու հիմնախնդիր, որոնց լուծումը գտնվում է Ձեր լիազորությունների ներքո:
1. Էլեկտրաենթակայանի կառուցում.
Ինչպես արդեն գիտեք, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն որոշել է մեր երեք բազմաբնակարան շենքերը սնող թիվ 314 տրանսֆորմատորը հանել Թամանյան 2 բազմաբնակարան շենքի առաջին հարկից եւ այն տեղափոխել մեր Բակ, իսկ Բակում տեղադրելու համար Ձեր 2004թ. դեկտեմբերի 29-ի հ.2474-Ա որոշումով կատարվել է հողահատկացում Բակի կանաչապատ եւ կենտրոնական մասում: Այս կապակցությամբ մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնել ոչ միայն «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, այլ նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ Ձեզ առաջարկելով կառուցել ստորգետնյա ենթակայան, որպեսզի այն չտեղադրվի մեր Բակի կանաչապատ տարածքում: Որպես հավելյալ ֆինանսական աղբյուր, առաջարկել էինք օգտագործել նույն ենթակայանի տարածքի վաճառքից գոյացած գումարը: Նշենք, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն մեզ ասել է, որ այդ տարածքը իրենք վարձակալում են, իսկ դրա սեփականության իրավունքը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին: Հավելենք, որ ենթակայանի տարածքի մեծ մասն արդեն իսկ վաճառվել է՝ ստեղծելով ներկա ենթակայանի շահագործման համար ոչ անվտանգ պայմաններ, անհնար դարձնելով տեխնիկայի մուտքը այնտեղ: Այդ տարածքում այժմ գործում է «Գաբոնե» ցուցասրահը:
Ելնելով ստեղծված իրավիճակից, մենք պահանջում ենք, որ փոխեք Ձեր 2004թ. դեկտեմբերի 29-ի հ.2474-Ա հողահատկացման որոշումը եւ հողահատկացում կատարեք Բակի ծայրամասում եւ ոչ՝ կանաչապատ տեղում. մենք ցույց կտանք հնարավոր տարբերակները: Իսկ եթե այս տարբերակը հնարավոր չէ, ապա թող քաղաքապետարանը իր բյուջեից հավելյալ գումար հատկացնի «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ ստորգետնյա ենթակայն կառուցելու համար: Մեր հաշվարկներով, ենթակայանի տարածքի վաճառքից ստացված գումարը կարող է կազմել 100000 դոլարից ավելի գումար:
Այս հարցը հիմա առավել հրատապ է, քանզի «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հուլիսի 22-ին եկել է մեր Բակ, պատրաստել է շինհրապարակը եւ պատրաստվում է հուլիսի 25-ից սկսել շինարարությունը:
2. Բակի անվճար վարձակալում
Մենք բազմիցս դիմել ենք Ձեզ՝ խնդրելով տալ Ձեր համաձայնությունը բնակիչների կողմից Բակը անվճար վարձակալելու համար: Երեւանի Կենտրոն համայնքի 17.08.07թ. թիվ 03/Կ-1346 նամակով (կից՝ պատճենը) ասված է, որ վարձակալման հարցերը գտնվում են Ձեր լիազորությունների ներքո, որի մասին Ձեզ գրել ենք:
Կրկին դիմում ենք Ձեզ նույն պահանջով: Մենք արդեն իսկ Կենտրոն համայնքի հետ համատեղ լուծել ենք Բակի լուսավորության եւ ոռոգման հարցերը եւ այժմ զբաղված ենք Բակի առավել բարեկարգման եւ կանաչապատման հարցերով:
Սույն դիմումով բարձրացված հարցերի, ինչպես նաեւ մեր նախորդ դիմումների վերաբերյալ ակնկալում ենք Ձեր շուտափույթ պատասխանը՝ մինչեւ ուրբաթ՝ հուլիսի 25-ը, ժամը 12.00-ն, քանզի սկսվելու է շինարարությունը: Այս հարցերով մենք նաեւ պատրաստ ենք հանդիպել Ձեզ՝ միասնական լուծումներ գտնելու համար:
Կրկին ուզում ենք շեշտել, որ սա հրատապ հարց է. ենթակայանի շինարարությունը չի սկսվել, քանզի մենք՝ բնակիչներս թույլ չենք տվել դրա իրականացումը եւ նույնը անելու ենք նաեւ հուլիսի 25-ին:
Հարգանոք՝
Երեւան քաղաքի Մաշտոցի 39/12, Թամանյանի 2 եւ 2ա բնակիչներ, բնակարանների եւ հաստատությունների սեփականատերեր՝ ի դեմս մեր կողմից լիազորված անձ՝ Մանուկ Ստեփանյանի:
Կցվում են նախորդ նամակների ստորագրությունները 6 էջ եւ Բակի լիազորին տրված լիազորագրի եւ ստորագրությունների պատճենը:
Պատասխան նամակը խնդրում ենք ուղարկել հետեւյալ հասցեով՝ Մաշտոցի 39/12, բն 55:
Սույն նամակը արագ հասցնելու համար այն Ձեզ է փոխանցվում առձեռն եւ ֆաքսով, ինչպես նաեւ այն ուղարկել ենք փոստի միջոցով՝ պատվիրակված կարգով: