Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեինք, որ հայ ենք»

Հուլիս 24,2008 00:00

Համշենահայերը հետագայում են գիտակցել իրենց ինքնությունը

«Համշենական շաբաթի» շրջանակներում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ «Երկիր» միության նախաձեռնությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում բացվեց «Համշեն եւ համշենահայեր. պատմություն եւ մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողովը: Համշենները էթնիկ հայեր են եւ այժմ բնակվում են Թուրքիայում, ժամանակին ընդունել են իսլամ: Հրանտ Դինքը ժամանակին պնդում էր, որ համշենահայերը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այլ քաղաքական հարցերի առումով կարող են «օգտակար» լինել: «Առավոտը» ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին հիշեցրեց այդ դիտարկումը եւ հարցրեց, թե ինչո՞վ է բացատրում համշենահայերի նկատմամբ հայաստանցիների անուշադրությունը: «Ոչ մ

իայն իսլամադավան, այլեւ ընդհանրապես այլադավան հայերի նկատմամբ՝ կաթոլիկ թե ուղղափառ, մենք մերժողական կեցվածք ենք դրսեւորել, ընդունել նրանց ոչ միայն որպես այլակրոնների, այլեւ այլազգիների: Միայն վերջին շրջանում են մարդիկ հասկանում, որ իսլամադավան հայությունը եւ նրա գոյությունը Արեւմտյան Հայաստանի տարածքում լուրջ կարեւորություն ունի: Փաստորեն, պատմական հայրենիքի տարածքում միակ հայկական տարածաշրջանը Համշենն է: Սա խոսում է այն մասին, որ հայրենազրկվելուց, ցեղասպանվելուց բացի, ունենք հայության մի հատված, որը, հարկադրված ընդունելով իսլամ, շարունակում է ապրել հայկական հողում: Հայ դատի ճանաչման, հատուցման տեսանկյունից համշենահայությունը կարող է լուրջ դերակատարություն ունենալ»,- հայտնեց Ա. Մելքոնյանը: Հետո էլ հավելեց. «Համշենահայերի մոտ վերադարձ կա դեպի հայկական արմատները. տեղի կրոնի նախարարությանը 4-10 հազար համշենահայեր են դիմել եւ վերականգնել իրենց ինքնությունը: Այդ է պատճառը, որ թուրքական իշխանությունները խուճապի մեջ են»: Համշենահայեր կան նաեւ Կրասնոդարի երկրամասի Սոչիի, Ադլերի շրջաններում: Ա. Մելքոնյանը նշեց. «Համշենահայերենը Էրզրումի բարբառի ճյուղերից մեկն է: «Ր»-ի փոխարեն գործածում են «շ», օրինակ՝ ասում են կեշտամ, կուգամ, կըսեմ: Բուն Համշենում ապրում է մինչեւ 70 հազար հայ, 10-12 հազարը խոսում է համշենի բարբառով: Հայաստան-Թուրքիա բեռնատար մեքենաներով իրականացվող առեւտրի մեծ մասը իրականացվում է համշենահայերի միջոցով: Նրանք խոսում են կիսախառն արեւմտահայերեն եւ արեւելահայերեն»:

Թուրքիայի Հաջեթեփե համալսարանի գիտությունների դոկտոր Էրհան Գյուրսել Էրսոյը ներկայացրեց համշենահայերի արեւմտյան խմբի առանձնահատկությունները. «Նրանց շրջանում ամեն տարի մեծ ոգեւորությամբ տոնվում է Վարդավառը: Դա տոնվում է յայլաներում, ինչը երիտասարդներին զույգ գտնելու հնարավորություն է տալիս: Համշենահայերը էթնիկ պատկանելության, պատմական անցյալի, 1914-15 թթ. շատ կյանքեր խլած դեպքերի (նկատի ունի Հայոց ցեղասպանությունը- Տ. Հ.) հետ կապված տրավմատիկ խնդիրներ ունեն: Նրանք բարձրակարգ հրուշակագործներ են, խանութներ են բացել Իզմիրի ամենահարգի թաղամասում: Նախագահները հաճախ են օգտվում Իզմիրի «Ֆլամինգո» սրճարանից, որը համշենահայերին է պատկանում»: «Առավոտը» զրուցեց մի քանի համշենահայերի հետ: «Վով ա» (Ով է) համույթի հիմնադիր, երգիչ Հիքմեթ Աքչիչեքը (Ճերմակ ծաղիկ) ասաց. «Համշենահայերը Թուրքիայում քիչ են: Լեզուն պահպանելու խնդիր ունենք, քանի որ դրա մեջ թուրքերեն է խառնվում, մանավանդ երիտասարդները հիմնականում թուրքերեն են խոսում: Մշակույթը պահողը լեզուն է, երբ այն կորցնում ես՝ մշակույթի մյուս բաղադրիչները կորցնելը սովորական բան է: Վերջին տարիներին առեւտրի բերումով համշենահայերը շփվում են հայաստանցիների հետ»,- նշեց մեր զրուցակիցը, որի համշենահայերենը հասկանալի էր մեզ համար: Հարցրինք, թե ի՞նչ գիտեն Հայաստանի մասին: «Շատ բան չգիտենք: Մերոնցից շատերը նույնիսկ չգիտեն, որ հայ են»,- հնչեց պատասխանը: Երբ հարցրինք, թե ե՞րբ է իմացել, որ հայ է, Հ. Աքչիչեքը պատասխանեց. «Փոքր ժամանակ մեզ չէին ասել, որ արմատներով հայ ենք: Երբ չարություն էինք անում, մեզ վրա բարկանում էին եւ ասում, թե հաստ կող ունեցող հայ եք… դա հայհոյանք էր: Այսպիսով, հայ լինելու գիտակցությունը արթնացավ մեր մեջ: 1970-ականներին էլ, երբ ԱՍՍԱԼԱ-ից մի վրիժառու սպանել էր մի թուրքի, հեռատեսիլով ցույց էին տալիս դատը: Ժողովուրդն առաջին անգամ հեռուստացույցով լսեց հայերեն: Տեսան, որ իրենց լեզվով է խոսում, իսկ մինչ այդ կարծում էին, թե իրենց լեզուն թուրքերենի մի տեսակ է»: Հ. Աքչիչեքը նաեւ պատմեց. «2 դուստր ունեմ, կինս համշենցի չէ, այդ պատճառով նրանց հետ համշեներեն չեմ խոսում: Երեխաներս գիտեն, որ իրենց հայրը արմատներով հայ է, բայց իրենք իրենց հայ չեն համարում»: Արթվինի Հոփա թաղամասից Ռեզա Թաթարն էլ «Առավոտին» ասաց. «Համշենցիներին ճանաչում են որպես գործարար եւ աշխատասեր: Մենք 2 տուն ունենք՝ լեռներում եւ յայլաներում, որտեղ ամռան ամիսներին ենք ապրում: Հետաքրքիր ավանդույթներ էլ ունենք. օրինակ՝ հարսը օժիտ չի բերում, փոխարենը, մինչեւ ամուսնանալը, փեսայի կողմի նվերներն է գնահատում եւ ըստ այդմ որոշում՝ փեսային ինչ նվեր տալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել