Երեկ այս թեմայով էին բանավիճում ՀՀԿ-ական եւ Հնչակյան երիտասարդները
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին բազեական, ՀՀԿ երիտասարդական թեւի փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը, ՀՀԿ անդամ Սամվել Մերթարջյանը եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը: Նրանք անդրադարձան «Բազե» հավաքին:
Է. Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, «Բազեն» չի ստեղծվել, որ սատարի իշխանություններին. «Հավաքում ընդգրկված են բուհերի ուսանողներ, մարզաբնակներ, սփյուռքահայ երիտասարդներ: Հավաքի հիմնական նպատակը միավորիչ գաղափարն է: Ինչ վերաբերում է «Բազեին»՝ ընդդիմադիր երիտասարդների ընդգրկվածությանը, ասեմ, որ այստեղ չկա իշխանական երիտասարդական կառույցներին ընդգրկվելու հարց»: Ըստ Ն. Գալստյանի, «Բազեի» նախապատվությունը հետեւյալն է. «2003 թ. Ռոբերտ Քոչարյանի նախընտրական արշավից առաջ կոալիցիոն երեք կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններին առաջարկվում է ստեղծել մի կառույց, որը կունենա շարունակականություն եւ կլինի գործող իշխանությունների բազան: Այսպիսով, եթե չեմ սխալվում, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի առաջարկությամբ ստեղծվեց «Բազեն»: Ինչ վերաբերում է հավաքի համահայկական ու համաերիտասարդական լինելուն, իմ խորին համոզմամբ, առնվազն անբարոյականություն է իմ ու մնացած հարկատուների հաշվին պետական բյուջեից կլորիկ գումար փոխանցել կոնկրետ քաղաքական նպատակներ ունեցող երիտասարդական կառույցներին՝ մի տասը օրվա «տուսովկայի» համար: Իսկ թե ինչ կապ ունի «Բազեն» ՀՀԿ-ի հետ, ապացուցեմ՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարը, Համահայկական երիտասարդական հիմնադրամի նախագահը, անդամների 70%-ը հանրապետական են: Ինձ համար աննորմալ է, որ այս տարիներին հարյուր հազարավոր դոլարներ են ծախսում բազեականների համար: Հիշեցնեմ նաեւ, որ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Արմեն Աշոտյանը, Աբրամ Բախչագուլյանն ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարները Ռոբերտ Քոչարյանի նախընտրական արշավի ժամանակ օգտագործում էին «Բազեի» անունն ու այդ հավաքը նվիրված էր հենց նրան»:
Է. Հովհաննիսյանը չժխտեց, որ ՀՀԿ-ի ակտիվ լիդերներից ոմանք իրենց լուրջ ներդրումն են ունեցել «Բազեի» կայացման գործում, սակայն ասաց, որ դա չի նշանակում, թե «Բազեն» ՀՀԿ-ինն է. «Նարեկ ջան, ինչպես դու ես ասում, եթե նույնիսկ այդ 100 հազարավոր դոլարները ծախսվում են լավ բանի համար ու եթե մի գաղափար մեր պետականության համար ունի դրական, դաստիարակչական միավորիչ նշանակություն, ապա չի կարելի այն քննադատել»: Ն. Գալստյանի խոսքերով, եթե գոյություն ունի համահայկական երիտասարդական հավաք, ապա դա պետք է լինի ապաքաղաքական, այնտեղ չպետք է ընդգրկված լինեն քաղաքական հայացքներ ունեցող անձինք, որովհետեւ դա արվում է ոչ թե ՀՀԿ-ի բյուջեից, այլ հարկատուներիս հաշվին: Ի պատասխան՝ Է. Հովհաննիսյանն ասաց. «Հարկատուների հաշվին արվում են նաեւ «Ոսկե ծիրան», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» եւ այլ միջոցառումներ»:
Անդրադառնալով «Բազեին» մասնակցելու սկզբունքներին, Ն. Գալստյանը փաստեց. «Երբ ես լրագրող էի, փայլուն հիշում եմ, որ ձեր կուսակցական ընկերներից մեկն ամեն Աստծո օր որտեղ նստում՝ ասում էր, որ այն ժամանակվա ընդդիմադիր լիդերներից, որն այլեւս ընդդիմության շարքերից չէ, Արամ Գասպարի Սարգսյանի տղան մասնակցել է «Բազեին», դա դարձել էր մատի փաթաթան: Էդգար, միայն նրա համար, որ դու ընդգրկված ես «Բազեում», հենց այդ հանգամանքը բավական է փաստելու, որ այն քաղաքական կառույց է»: Փորձելով արդարացնել «Բազեի» հանրապետականացված լինելը, Ս. Մերթարջյանը բանավեճի վերջում ասաց. «Արթուր Սողոմոնյանը («Բազեի» ղեկավարը-Ե.Հ.) ոչ ակտիվ հանրապետական է: Նա չի կատարում կուսակցական հանձնարարականներ»: