Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը՝ անօրինական խաղերի մե՞ջ

Հուլիս 24,2008 00:00

Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9ա շենքը հանրապետությունից դո՞ւրս

Վերոհիշյալ շենքի բնակիչները բողոքում են, որ իրենց գրպանի հաշվին կառուցված բնակարաններից վտարելու գործին Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակից (լրատվության պատասխանատու) Հասմիկ Մելքոնյանի պատվերով այժմ էլ «լծվել» է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Մամիկոն Մանուկյանը: «Այս փաստաբանը ներգրավվել է Հասմիկ Մելքոնյանի կեղտոտ խաղերի մեջ, նա սկսել է պաշտպանել բնակարան վաճառելու մոլուցքով տառապող այս կնոջ գտած «կլիենտների» շահերը: Քանի որ վեց այդպիսի նորահայտ տերեր հայտնվել են մեր բնակարաններում, ուստի Հասմիկ Մելքոնյանն իր արածը մարսելու համար գտել է փաստաբանի, ով իրեն թույլ է տալիս կեղծ փաստաթղթերով հպարտ-հպարտ ներկայանալ դատարան՝ աջ ու ձախ դատի տալով բնակարանների օրինական տերերին: Մենք հասկանում ենք, որ մարդասպանն էլ փաստաբան ունենալու իրավունք ունի, բայց դա չի նշանակում, թե փաստաբանը կարող է դառնալ կեղծ, խարդախ գործարքների քավոր»,- ասում են բնակիչները, մատնանշելով վեց ամիս առաջ վերոհիշյալ փաստաբանի՝ Շիրակի մարզի վարչական դատարան ներկայացրած զավեշտալի հայցը: Մամիկոն Մանուկյանը դատի էր տվել Գյումրիի քաղաքապետարանին՝ պահանջելով չեղյալ համարել ավագանու 1998 թ. որոշումը, համաձայն որի՝ մի խումբ անօթեւանների իրավունք է տրվել համայնքապատկան հողում կոոպերատիվ հիմունքներով բազմաբնակարան շենք կառուցել: Եվ քանի որ փաստաբանը չկարողացավ դատարանին ձեւի համար գոնե մեկ հիմնավոր ապացույց ներկայացնել, վարչական դատարանի նախագահ Էդուարդ Նահապետյանը մերժեց նրա հայցը: Ի պատասխան՝ փաստաբանն այժմ էլ որոշել է վճիռը բողոքարկել վճռաբեկ դատարան: «Դարձյալ մեզ սթրեսի մեջ են պահում: Փաստաբանի կեղտոտ խաղերը հասել են այնտեղ, որ նա անհեթեթ, կեղծ նամակներ է ուղարկում մեզ: Օրինակ, թիվ 11 բնակարանի համար վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ օրինական տիրոջ՝ Մարգո Գյոդակյանի: Փաստաբան Մամիկոն Մանուկյանը վերաքննիչի վճիռը բողոքարկել է վճռաբեկ դատարան, ու քանի որ վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել, փաստաբանը վճռաբեկ բառը փոփոխելով՝ դարձնելով վերաքննիչ, նույն տեքստը երկու օրինակից ուղարկել է թիվ 11 բնակարանի թե օրինական, թե անօրեն տերերին: Ստացվում է, որ փաստաբանը վերաքննիչին խնդրում է բեկանել իր իսկ կայացրած որոշումը: Պարզ է, որ այս ձեւով նա մի կողմից անօրեն տիրոջ մոտ ուզում է հավատ ներշնչել, թե գործ է անում, օրինական տիրոջն էլ ուզում է սթրեսի մեջ պահել: Մենք պարզապես ապշած ենք, թե փաստաբանների պալատը ի՞նչ հիմունքներով է փաստաբաններին հավատարմագրում, ինչպե՞ս է թույլ տալիս Մանուկյանի պեսներին կառույցի անունը խայտառակել»,- ասում են բնակիչները: Վերջիններս նաեւ դժգոհում էին Շիրակի մարզային ոստիկանության քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասյանից, ով վերջերս գրություն է ներկայացրել քաղաքապետարան՝ առանց ցուցակ ուղարկելու պահանջել է ազատել ապօրինի զբաղեցրած 19 բնակարանները. «Հետաքրքիր է, ըստ Թովմասյանի, որո՞նք են ապօրինի զբաղեցրած բնակարանները, շենքում առայժմ կա մի ապօրինի զբաղեցրած բնակարան՝ այն Հասմիկի «կլիենտ» Ռուզաննա Մարտիրոսյանն է զբաղեցնում: Հանցագործության դեմ պայքարելու, կեղծ փաստաթղթերի հետ կապված քրգործ հարուցելու փոխարեն մենք երեք տարի շարունակ տեսնում ենք, թե ինչպես են իրավապահ մարմինները, նոտարական գրասենյակը, դատարանները Հասմիկ Մելքոնյանին հաճոյանում, քաշքշուկներ ստեղծում ու կեղծ տեղեկանքներ հրամցնում: Այսպե՞ս եք հանցագործության, կոռուպցիայի դեմ պայքարում: Հարգարժան վարչապետ, Դուք, որ հրաժարվեցիք ծառայողական քննություն նշանակելուց ու փաստերը ուսումնասիրելուց՝ նույնիսկ այն դեպքում, երբ մենք խաղի մեջ ընդգրկված կոնկրետ պաշտոնյաների անուններ թվարկեցինք, ո՞ւր է հասնելու այս անպատժելիությունը: Կարո՞ղ է Սայաթ-Նովայի 9/9ա շենքը մեր հանրապետությունից դուրս է՝ մենք չգիտենք»:

Բնակիչները դժգոհեցին, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությանն արդեն չորրորդ նամակն են հղում, բայց արձագանք չեն ստանում, վարչապետն էլ թեեւ տարածքային կառավարման նախարարին է հանձնարարել զբաղվել այս հարցով, սակայն վերջինս համառորեն լռում է: «Հասկանալի է, քանի որ այս նախարարության աշխատակիցներից մի քանիսն ունեն իրենց մասնակցությունը կեղտոտ պատմության մեջ, այդ պատճառով էլ մեր բոլոր նամակները հայտնվում են բերմուդյան եռանկյունում»,- մեկնաբանում են բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել