Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեյսիկ հաուզն» իր օրենքներն ունի

Հուլիս 24,2008 00:00

Այս ֆիրմային խանութի բիզնեսն ընդլայնվում եւ բարգավաճում է սպառողների վրա անորակ ապրանք «սաղացնելու» հաշվին:

Պարզվում է, որ մեր Ազգային ժողովից բացի, օրենքներ կարող են սահմանել նաեւ Հայաստանում գործող խանութները: Ըստ երեւույթին՝ ԱԺ-ի սահմանած օրենքներն այնքան էլ որոշ խանութների սեփականատերերի սրտով չեն եւ իրենց շահերից չեն բխում, այդ պատճառով էլ նրանք սպառողների իրավունքների մասին նոր օրենքներ են հնարում: Ավան համայնքում գործող հագուստի «Բեյսիկ հաուզ» խանութը սպառողների հետ աշխատելու իր կանոններն է սահմանել: Հենց միայն այն, որ այդ խանութից առեւտուր անելու դեպքում գնորդին տրամադրվում է կտրոն, որի վրա գրված է, որ սպառողը ապրանքը կարող է վերադարձնել կամ փոխանակել 5 օրվա ընթացքում, սա արդեն սպառողների իրավունքների խախտում է: «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ սպառողն իրավունք ունի պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը հետ վերադարձնել կամ փոխանակել 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի սահմանել: Փաստորեն, «Բեյսիկ հաուզը» իրենց անմիջականորեն առնչվող օրենքից այնքան էլ տեղյակ չէ, քանի որ, բացի սխալ ժամկետ նշելուց, նաեւ անորակ ապրանք է վաճառում:

Վերջերս խանութում հայտնված 8900 դրամ արժողությամբ կանացի պայուսակներն այնքան անորակ են, որ 3-4 անգամ օգտագործելուց հետո բռնակները պատառոտվում, շարքից դուրս են գալիս եւ գործածության համար դառնում ոչ պիտանի: Խանութի պատասխանատուները թերեւս հույսները դրել էին այն բանի վրա, որ այդ անորակ ապրանքը բարեհաջող կսպառվի եւ բողոքողներ չեն լինի: Մոտ 2 շաբաթ առաջ նման թերություն ունեցող պայուսակներից մեկն էլ ինձ բաժին ընկավ: Տեղյակ լինելով սպառողի իմ իրավունքներին, գնելուց մի քանի օր հետո դիմեցի խանութի մենեջերին՝ պայուսակը փոխելու կամ գումարը փոխհատուցելու խնդրանքով: Մենեջերը, որը ներկայացավ Մարինա անունով, ասաց, որ ես կարող եմ այդ պայուսակին համարժեք մեկ այլ պայուսակ ընտրել: Իմ պնդումներին, որ ես հենց այդ մոդելի պայուսակն եմ նախընտրում, մենեջերը պատասխանեց. «Պարզեցինք, որ այդ պայուսակները դեֆեկտով են եւ դրանք վաճառքից հանեցինք»: Ապա նա ինձ առաջարկեց վերադարձնել գումարը, սակայն իմ վճարած գումարից մոտ 3 հազար դրամ պակաս՝ պատճառաբանելով, որ իրենց մոտ զեղչեր են եւ իրենք չեն կարող իմ ապրանքի ողջ արժեքը փոխհատուցել: Երբ մենեջերին հիշեցրի, որ պայուսակը գնելիս զեղչեր չեն եղել եւ համաձայն «Սպառողների մասին» օրենքի՝ խանութը պարտավոր է լիարժեք փոխհատուցել, տիկին Մարինան պատասխանեց. «Մեր խանութն իր օրենքներն ունի: Ուր ուզում եք գնացեք՝ բողոքեք»: Փաստորեն, մեր հանրապետությունում գործող «Բեյսիկ հաուզը» իրեն անկախ է հռչակել եւ սեփական օրենքներով է առաջնորդվում: Մի կարեւոր հանգամանք եւս: Երբ խանութը մատակարարին վերադարձնում է անորակ արտադրանքը, դրա փոխարեն ստանում է փոխհատուցում ապրանքի լրիվ արժեքի չափով: Ստացվում է, որ «Բեյսիկ հաուզը» սպառողից հետ վերցրած ապրանքի դիմաց գնորդին փոխհատուցում է զեղչով, իսկ մատակարարից ստանում է վերադարձված ապրանքի ամբողջ գումարը: Այսինքն՝ բացի իր եկամտից, խանութն իր գրպանն է դնում լրացուցիչ գումարներ: Թե ո՞ւր եւ ինչպե՞ս են ձեւակերպվում այդ գումարները՝ թերեւս դա հարկայինի գործն է: Հավանաբար, հենց նման մեթոդներով է «Բեյսիկ հաուզը» պատրաստվում ընդլայնել իր խանութների ցանցը՝ առաջիկայում նոր առեւտրի կետեր բացելով Արաբկիր եւ Կենտրոն համայնքներում:

Խանութի մենեջերից բավարար պատասխան չստանալով, դիմեցի «Բեյսիկ հաուզի» տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանին, որի հետ զրույցից պարզվեց, որ սպառողի շահերը նրան առանձնապես չեն հետաքրքրում: Նրան պատկանող խանութում կատարվող խախտումների վերաբերյալ «Առավոտի» հարցին Գ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես պարզաբանելու բան չունեմ: Բան ու գործ չունեմ՝ պետք ա գամ ձեզ պարզաբանում տա՞մ»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից վստահեցնում է, որ այսուհետեւ Հայաստանը լինելու է օրենքի երկիր եւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու իրավունք պաշտպանված է լինելու: Քանի դեռ մեր երկրում գործող բիզնեսմենները սեփական օրենքներով են շարժվում ու մարդկանց շահերը ոտնահարելով են փողեր վաստակում, օրենքի երկիր դառնալու մասին խոսելն ավելորդ է:

Հ. Գ. Հանուն արդարության նշենք, որ «Բեյսիկ հաուզում» վաճառվում են նաեւ բավականին որակյալ եւ մատչելի ապրանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել