Լրահոս
Օրվա լրահոսը

«ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆՄԱՆ ԲԱՌԵՐ ԵՄ ԼՍՈՒՄ»

Հուլիս 24,2008 00:00

\"\"Հազվադեպ է լինում, որ ընդդիմությունը եւ իշխանությունը հանդես գան միասնական դիրքերից: Երեկ այդ օրն էր: Առիթը ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի հանդիպումներն էին մեր գործիչների հետ:

ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի հետ երեկվա հանդիպումների ընթացքում մեր գործիչները դժգոհել են ե՛ւ ԵԽԽՎ-ում ընդունված այն բանաձեւերից, որտեղ Ադրբեջանի ժողովրդավարության զարգացումը կապվում է տարածքային ամբողջականության վերականգնման հետ (այս կապակցությամբ մտահոգություն են արտահայտել վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ժառանգության» ու ՀՀԿ-ի պատգամավորները), ե՛ւ իր՝ ԵԽԽՎ նախագահի հուլիսի 1-3-ն Ադրբեջան այցի ընթացքում արած հայտարարություններից (դրանց իրենց անհամաձայնությունն են հայտնել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները եւ էլի «Ժառանգության» պատգամավորները): Վերջինիս խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն «Առավոտին» պատմեց, թե ԵԽԽՎ ընդունած այդ բանաձեւերի առնչությամբ «ես եւ Լարիսա Ալավերդյանը նշեցինք, որ լինելով եվրոպական ինտեգրացիայի գերակայությանը հակված քաղաքական ուժ՝ այսօր մենք լուրջ երկընտրանքի առջեւ ենք, քանի որ չենք կարող այդ ընտանիք Եվրոպայի մեզ հրավիրելու դիմաց գին վճարել ԼՂՀ-ն»:

Նշենք, որ ԵԽ պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Լյուիս Մարիա դե Պյուչը Բաքվում հայտարարել էր, թե անհրաժեշտ է անհապաղ գտնել ԼՂ հակամարտության լուծումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ հանդիպման ժամանակ տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ է նա միայն տարածքային ամբողջականության սկզբունքը շեշտել, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ նշել են, որ լուծումներ որոնում են տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հարթության մեջ: Այս եւ մյուս հանդիպումների ժամանակ ԵԽԽՎ նախագահը դժգոհություններին ի պատասխան՝ ասել է, թե պատասխանատու է ոչ թե լրատվամիջոցներով տարածվածի, այլ իրականում իր ասածների համար: Ու մեղքը գցել է ադրբեջանական ԶԼՄ-ների վրա, թե նրանք տարածել են իր ասածների միայն իրենց դուր եկած մասը, մինչդեռ ինքը նաեւ ասել էր, որ Եվրոպայի խորհուրդը ընդունում է ազգերի ինքնորոշման իրավունքը: Դժվար է ենթադրել, թե ԵԽ կայքէջն ուղղակի կրկնում է ադրբեջանական ԶԼՄ-ներին:

Լյուիս Մարիա դե Պյուչից իր հայտարարությունների համար պարզաբանում պահանջելով՝ ավարտվել են իշխանության եւ ընդդիմության միասնական գործողությունները, ու դրանք չեն տարածվել հանդիպումների այն հատվածի վրա, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին խնդիրները: Այս կապակցությամբ նախ նշենք՝ ԵԽԽՎ նախագահը բոլոր հանդիպումների ընթացքում աջակցություն ու համաձայնություն է հայտնել ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի առաջարկին՝ «Մարտի 1-ի» ԱԺ հանձնաժողովից դուրս ստեղծել փաստահավաք խումբ, որին մաս կկազմեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչները՝ պնդելով, թե նման խմբի ձեւավորումը կօգնի վստահության ամրապնդմանը: Այս մարմնի ձեւավորումը թերեւս այնքան էլ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի սրտովը չէ: Եվ հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Արտյուշ Շահբազյանը հանդիպման ընթացքում ասել է Պյուչին, թե փաստեր են անհրաժեշտ իրենց մեղադրելու համար, որ իրենք վերապահ են ու կողմնորոշված, եւ կուզենար, որ դրանք հրապարակվեին: Նաեւ նշել է, թե չպիտի հանդուրժեն ընդդիմության շանտաժը, որ եթե իրենք չեն մասնակցում ԱԺ այս հանձնաժողովին՝ ուրեմն, այն կեղծ է. եւ կուզենային, որ նման դիրքորոշում ունենար նաեւ ԵԽ-ն:

ԵԽԽՎ նախագահի հանդիպումների մյուս առանցքային գաղափարը, որը նա շեշտել է թե՛ ԱԺ քաղաքական ուժերի, թե՛ վարչապետի հետ հանդիպման ժամանակ՝ հետեւյալն է. «Անդրադառնալով կալանավորվածների խնդրին՝ ԵԽԽՎ նախագահը նշել է, թե Եվրախորհուրդը չի կարող հանդուրժել, որ անդամ երկրներից որեւէ մեկում քաղբանտարկյալներ լինեն»: Այս մեջբերումը կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից է: Իսկ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչությունը մեջբերել է նրա հետեւյալ խոսքերը, թե ԵԽ-ն նաեւ չի կարող թույլ տալ, որ «իր անդամ որեւէ երկրում մարդիկ առանց դատապարտման երկար ժամանակ գտնվեն բանտերում: Եթե ինչ-որ մեկը բռնություն է գործադրել՝ նա արդեն հանցագործ է եւ պետք է դատապարտվի: Կասկածների հիմքով մարդկանց բանտում պահելը երկրի վստահելիության հարց է հարուցում»:

Ուշագրավ է նաեւ, թե այս փաստարկներին ինչպես են հակադարձել կոալիցիայի ներկայացուցիչները: ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը ԵԽԽՎ նախագահին տեղեկացրել է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներն «այցելել են կալանավորված պատգամավորներին, որոնք էլ հայտնել են, որ իրենց չեն համարում քաղաքական բանտարկյալներ» (մեջբերումները՝ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունից): Իսկ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ իրենց կուսակցությունը նույնպես եղել է ընդդիմադիր քաղաքական ուժ եւ բազմիցս քննադատել է իշխանությունների սխալները, բայց իրենցից ոչ մեկին չեն ձերբակալել. ըստ նրա՝ մարտյան դեպքերը չթույլատրված միտինգների արդյունք են:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը մեզ պատմեց, որ ինքը հանդիպման ժամանակ քննադատել է ԵԽԽՎ բանաձեւի այն դրույթը, որով ողջունել էին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքում արված փոփոխությունները (ԵԽԽՎ նախագահն այս կապակցությամբ գոհունակություն է հայտնել նաեւ երեկ՝ վարչապետի հետ հանդիպման ընթացքում): Սաֆարյանը պրն Պյուչին պատմել է. «ԱԱԾ-ն պաշտոնական եզրակացություններ է ներկայացնում՝ հանրահավաքների ժամանակ իբր սպասվող անկարգությունների մասին: Ի հեճուկս դրանց՝ ընդդիմության վերջին հանրահավաքներն անցել են խաղաղ: Իսկ ԱԱԾ-ն իր իմացած ենթադրյալ հանցագործությունների մասին որեւէ քրգործ չի հարուցել: Եվ սա այդ նույն ողջունելու հետեւանքն է, որի արդյունքում ուժի մեջ թողնվեցին օրենքի անթույլատրելի դրույթները»:

Իսկ Զարուհի Փոստանջյանը ասել է, թե նաեւ Եվրոպայի խորհուրդն է պատասխանատու այս վիճակի համար, եւ ԵԽԽՎ նախագահն արձագանքել է, թե ցավում է, որ նման բառեր է լսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել