Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏՎԵ՛Ք ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

Հուլիս 24,2008 00:00

\"\"Եվ կարող եք ձեզ պահել Հյուսիսային պողոտան

Երեւանի քաղաքապետարանը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի գոհունակությանն արժանացած «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անելու մասին» գործող օրենքն ու նաեւ ՀՀ ԱԱԾ-ի եւ ոստիկանության՝ արդեն «դեժուռնի» դարձած «օպերատիվ տեղեկությունները», հերթական անգամ մերժել է Համաժողովրդական շարժման կենտրոնի նախաձեռնած հանրահավաքը: Հիշեցնենք, որ այն կայանալու է օգոստոսի 1-ին՝ Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ: Ինչպես փոխանցում են լրատվական գործակալությունները, երեկ «Ուրբաթ» ակումբում այդ մասին հայտարարել է Շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, հավելելով, որ չնայած այդ մերժմանը, նախատեսված հանրահավաքն ու երթը, միեւնույն է, կայանալու են: Նա երեկ բացահայտել է Շարժման անունից քաղաքապետարանի հետ բանակցող Արտակ Զեյնալյանի եւ քաղաքապետարանի ներկայացուցչի բանակցության բովանդակությունը (դրա ձայնագրությունն, ի դեպ, Շարժման կենտրոնն ունի), որը Լ. Զուրաբյանը որակեց որպես իրենց հետ «գործարքի մեջ մտնելու» առաջարկ: Նրա մատուցմամբ, քաղաքապետի ներկայացուցիչը Ա. Զեյնալյանի հետ փորձել է առեւտուր անել, ասելով, որ ինքը պատրաստ է հանրահավաքը արտոնել Մատենադարանի մոտ, եթե կազմակերպիչները հրաժարվեն նախատեսված երթից: Ըստ Լ. Զուրաբյանի, սա նշանակում է, որ «իրականում ոստիկանության տրամադրած բոլոր այդ անհեթեթ տեղեկանքները, թե՝ «կարող են լինել անկարգություններ», մոգոնած բաներ են»: Սրանով քաղաքապետարանը, Շարժման ներկայացուցչի դիտարկմամբ, ընդունել է, որ իրականում դատարկ են պնդումները, թե հանրահավաքները մերժվում են սպասվելիք անկարգությունների մասին ոստիկանության տեղեկությունների հիման վրա, եւ որ քաղաքապետարանն իրականում պրոբլեմ չի տեսնում, որ հանրահավաքը անցկացվի Մատենադարանի մոտ: «Նրանք հասկանում են, թե երթը ինչքան հզոր հետեւանք ունի: Վախեցած են երթի քաղաքական հետեւանքներից, քանի որ այն ցույց կտա ընդվզման հզոր թափը»,- ասել է Զուրաբյանը: Նա արձանագրել է, որ իշխանությունը շարունակում է չարտոնել ընդդիմության հանրահավաքները, ԵԽԽՎ ամառային նստաշրջանից հետո փաստացի դադարել է նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը, որի միտումները կային ԵԽԽՎ գարնանային եւ ամառային նստաշրջանների արանքում: Լ. Զուրաբյանը նաեւ հայտարարեց, թե հեռուստատեսություններին հրահանգ է իջեցվել՝ հրաժարվել ընդդիմության ներկայացուցիչներին եթերում հաճախ ամբիոն տրամադրելուց:

Շարժման ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսում բլոգերների հարցին, թե՝ Հյուսիսային պողոտայի խանութների եւ օբյեկտների տերերը դժգոհում են ընդդիմության զանգվածային ակցիաներից, քանի որ դրանք ազդում են իրենց հաճախորդների թվի վրա: Զուրաբյանը հայտարարել է, որ մինչ օրս Հյուսիսային պողոտայի որեւէ խանութի սեփականատեր չի դիմել Շարժմանը՝ նման դժգոհություններով: Նա դիմել է Հյուսիսային պողոտայի բոլոր խանութների եւ օբյեկտների տերերին, ներողություն խնդրելով բացատրել, որ քաղաքացիներն իրենց կամքով չէ, որ բողոքի ակցիաների վայր են ընտրել Հյուսիսային պողոտան, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ոստիկանությունը զավթել է Ազատության հրապարակը՝ արգելելով այնտեղ բողոքի որեւէ միջոցառման անցկացումը: «Թո՛ղ իշխանությունը հնարավորություն տա վերադառնալ Ազատության հրապարակ, եւ Հյուսիսային պողոտայի անհարմարությունների հարցը կլուծվի»,- առաջարկել է Լ. Զուրաբյանը: Նրա ասելով, Հյուսիսային պողոտայում բողոքի ակցիա անող քաղաքացիներն իրենք են ավելի քան հարյուր դիմում ուղղել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ տեղեկացնելով, որ Ազատության հրապարակը փակ պահելով եւ բողոքի ակցիաներ կազմակերպելու իրենց իրավունքը ոտնահարելով՝ սահմանափակվում են իրենց սահմանադրական իրավունքները: Լ. Զուրաբյանը հավելել է, որ նաեւ այդ կապակցությամբ է սկսվելու ստորագրահավաք:

Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչը «Ուրբաթ» ակումբում եւս մեկ անգամ շեշտել է, որ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները շարունակում են մնալ ընդդիմության պայքարի օրակարգում: Ավելին, նրա տեղեկություններով՝ ԱԺ արտահերթ ընտրություններին սկսել են ինտենսիվորեն նախապատրաստվել նաեւ որոշ իշխանական կուսակցություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել