Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանակումը «Բազեի» այլընտրանքը չէ

Հուլիս 23,2008 00:00

Երեկ հավաստիացրին երիտասարդ դաշնակցականները

Երեկ ՀՅԴ Բյուրոյում հրավիրված ասուլիսի ժամանակ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Հայկ Ասատրյանը հայտնեց, որ հուլիսի 18-25-ը անցկացնում են համահայկական բանակում, որին մասնակցում է 350 պատանի՝ 11 երկրից՝ ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Լիբանան, Իրան, Վրաստան եւ այլն: Ըստ Հ. Ասատրյանի, բանակումի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդում, որից հետո բանակումի մասնակիցները մեկնել են Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին պատկանող Աղավնաձորի պանսիոնատ: «Բանակումի նպատակն այն է, որ Սփյուռքի մեր պատանիները կարողանան ծանոթանալ Հայաստան երկրի ներկա իրավիճակին, ճանաչեն միմյանց, շփվեն հայաստանցի պատանիների հետ ու հայրենասիրական դաստիարակություն ստանան: Բանակումի ընթացքում նախատեսված են այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, ինչպես նաեւ զորամասեր, հանդիպումներ երկրի ղեկավարության հետ եւ այլն: Սա երկրորդ ծրագիրն է, որն իրականացվում է պատանիների համար: Այս անգամ մասնակցում են 14-16 տարեկանները»,- նշեց Հ. Ասատրյանը: Կանադայից ժամանած Մհեր Կարագաշյանը, որը Համահայկական երկրորդ հայաստանագնացության ծրագրի ընդհանուր պատասխանատուն է, ասաց. «Բանակումի գլխավոր նպատակը հայրենաճանաչությունն է: ՀՀ-ից դուրս գտնվող պատանիների մեծամասնությունը Հայաստանը չի տեսել, պարզապես լսել է հեռուստացույցից, լուրերից, ծնողներից: Այս բանակումի շնորհիվ հնարավորություն ստեղծեցինք, որ պատանիներն իրենց աչքերով տեսնեն Հայաստանը: Նշեմ, որ ամենեւին էլ հավակնություններ չունենք, թե այս ձեւով մեծ խնդիրներ կլուծենք: Կրկնում եմ, մեր նպատակը հայրենաճանաչությունն է»: Մ. Կարագաշյանը հայտնեց, որ պատանիներն այցելել են Մայր աթոռ, արժանացել վեհափառի տեսակցությանը: Նա հավելեց, որ եղել են Սարդարապատի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, շրջել Երեւանով. «Եռաբլուրում հարգանքի տուրք ենք մատուցել մեր հերոսներին, Հաղթանակի զբոսայգում մասնակցել ենք Արցախի ազատագրական պայքարի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Հյուրընկալվել ենք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում»:

Մ. Կարագաշյանի փոխանցմամբ, բանակումի փակմանը՝ հուլիսի 24-ին, մասնակիցները, որոնք Եռագույն դրոշի գույներով բաժանված են լինելու երեք խմբի՝ պետք է ցուցադրեն խմբային աշխատանքներ, իսկ վերջում կլինի խարույկավառություն, որին կմասնակցի նաեւ երգիչ, ՀՅԴ անդամ Սամվել Երանյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե բանակումի մասնակիցների եռագույն համազգեստը, արդյոք, չի՞ խոսում այն մասին, որ ՀՅԴ համահայկական պատանեկան բանակումը «Բազեի» այլընտրանք է, Մ. Կարագաշյանը պատասխանեց. «Ոչ: Մենք այս բանակումներն անցկացնում էինք դեռ Հայաստանի անկախացումից առաջ: Առաջինը, օրինակ, կայացել է 1983 թ.՝ Հունաստանում: Ինչ վերաբերում է «Բազեին» նմանվելուն, ասեմ, որ մեր համազգեստի վրա առկա է մեր նշանաբանը՝ «Հայաստանն իմ հայրենիքն է, իմ ապագան»: Հայկ Ասատրյանը հավելեց, որ բանակումները Հայաստանում կազմակերպվում են 1990 թվականից. «Բազեի» հետ կապված նշեմ, որ մեր գրասենյակը ողջունում է ցանկացած համահայկական միջոցառում, թեեւ գտնում ենք, որ եթե այնտեղ որոշ կազմակերպչական թերություններ լրացվեն, այն առավել հաջող կլինի»: Հ. Ասատրյանի ձեւակերպմամբ, իրենք եւս թերություններ ունեն, որոնք տարեցտարի փորձում են ուղղել: Ըստ նրա, իրենց հիմնական խնդիրը սնունդն է, որովհետեւ. «Հյուրերը տարբեր երկրներից են, իսկ ամեն մեկը սովոր է իր երկրի ճաշատեսակներին: Եթե արեւմուտքը սովոր է սենդվիչի, համբուրգերի, ապա Մերձավոր Արեւելքը՝ իր տեղական ճաշատեսակներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել