Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ

Հուլիս 23,2008 00:00

Կամ ինչպես են բաշխվում «յուրայինների» միջեւ

Այս տարվա մայիսի 28-ի ՀՀ կառավարության N 551-Ա որոշմամբ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ մշակույթի նախարարությանը 90 մլն 389 հազար դրամ գումար է հատկացվել: Պետության սուղ բյուջեից այս պատկառելի գումարը նախատեսված է Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների ֆինանսավորմանը՝ «Վիլյամ Սարոյան-100» խորագրով սարոյանական հայտնի ասույթներով ցուցապաստառների տեղադրում, Սարոյանին նվիրված ինտերնետային կայքի ստեղծում, «Սարոյանական ասույթներ» հուշանվերային երկլեզու գրքի հրատարակում եւ այլն: Անշուշտ, հայ ժողովրդի համար պատիվ է, որ իր զավակներից մեկը 20-րդ դարի 5 խոշորագույն գրողների թվում է (Ֆոլքներ, Հեմինգուեյ, Սթայնբեք, Քոլդուել եւ Սարոյան): Սարոյանը, հիրավի, արժանի է, որ Հայաստանում իր անվան փառատոն կազմակերպվի, ինչի համար 27 մլն 790 հազար դրամ է տրամադրվել: Ուրիշ հարց է, որ այդ փառատոնը կազմակերպելու է ոչ թե Թատերական գործիչների միությունը կամ թատրոնի հետ քիչ թե շատ կապ ունեցող մեկը, այլ՝ «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի հետ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փոխշահավետ համագործակցության փորձ ունի:

Նույն հ/կ-ն նկարել է նաեւ «Հայաստանի թանգարաններ» ֆիլմաշարը, այն դեպքում, երբ դա աշխարհագրական թեքմամբ ասոցիացիայից ավելի լավ կարող էին անել «Հայֆիլմը», «Հայքը», «Երեւան» ստուդիան, Հայաստանի ազգային կինոկենտրոնը… Թե ինչու է նախապատվությունը տրվել աշխարհով մեկ շրջող ու իր ճամփորդությունները նկարող «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ, «Համահայկական աշխարհագրական ասոցիացիան» ներկայացնող Ռաֆայել Հովհաննիսյանին, միայն վերջինիս ու մեկ էլ նախարարին է հայտնի: Դառնալով Հայաստանի թանգարանների մասին պատմող շարքին, հիշեցնենք մի զավեշտալի ու նույնիսկ օրենքի խախտում համարվող փաստի մասին. ֆիլմաշարը նկարվել է պետպատվերով, պետության միջոցների հաշվին, սակայն ֆիլմերի տակ ստորագրվում է պրոդյուսեր՝ Ռաֆայել Հովհաննիսյան, ինչը ենթադրում է, որ պետության «գրպանից» ծախսված միջոցներով ստեղծված ֆիլմի բոլոր իրավունքները իրեն են պատկանում: Մի փոքրիկ նկատառում եւս՝ ֆիլմերի վերջում խոշոր տառերով գրված է՝ հատուկ շնորհակալություն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, կարծես նախարարն իր հաշվին է հովանավորել «Համահայկական աշխարհագրական ասոցիացիային»: Ի դեպ, այս ֆիլմերը հաճախ ցուցադրվում էին այն շրջանում, երբ Հասմիկ Պողոսյանը պիտի վերանշանակվեր իր պաշտոնում:

Չմոռանանք նշել, որ մի կլորիկ գումար էլ՝ ավելի քան 15 մլն դրամ, ԱՕՔՍ-ին, այսինքն, ինքն իրեն է նախարարը փոխանցել՝ գիտաժողով անցկացնելու համար, եւ մոտ 5 մլն՝ «Տեղեկատվական-վերլուծական եւ հասարակայնության հետ կապերի կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի գործունեության արդյունքները գոնե լայն հանրությանն անհայտ են: Չար լեզուներն ասում են, որ սովորաբար նման կարգի ՊՈԱԿ-ների առաքելությունը փող լվանալն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031