Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձորաղբյուրցիների ճանապարհը փակել են

Հուլիս 23,2008 00:00

Սակայն պարիսպներն առայժմ չեն քանդվում

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան էին դիմել Ձորաղբյուր գյուղի 1-ին եւ 2-րդ զանգվածային տարածքների թիվ 20 եւ 15 թաղամասերում հողակտորներ ունեցող երեք տասնյակից ավելի քաղաքացիներ՝ բողոքելով, որ փակվել է ընդհանուր օգտագործման ճանապարհը: Ձորաղբյուրցիները դիմել էին Անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանում եւ նրանց տրամադրվել էր տեղանքի քարտեզի պատճենը, որը բնակիչների շահերի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Օլգա Սաֆարյանը ներկայացրեց դատարանին: Ըստ տեղանքի գլխավոր հատակագծի, տարածքները միմյանցից բաժանված են ընդհանուր օգտագործման ճանապարհներով: Սակայն պարզվեց, որ հատակագծով նախատեսված՝ թիվ 11 եւ 21 տարածքները կիսող ճանապարհի մի հատվածը ժամանակի ընթացքում ինքնակամ ցանկապատվել է եւ վերածվել հողամասի, որն այս պահին օգտագործում է Վահագն Վանցյանը: Ինքնակամ զավթած ճանապարհը ոչ միայն պատկերված է տեղանքի գլխավոր հատակագծում, այլեւ գրանցված է Անշարժ գույքի տարածքային ստորաբաժանումում:

Փաստաբան Օ. Սաֆարյանը ներկայացրեց 29 հողակտորի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, որտեղ դարձյալ ճանապարհ կար նշված: Հայցվորները դատարանի ուշադրությունը հրավիրեցին այն փաստին, որ տարածքի թիվ 07-042-162-001 համարի քարտեզի վրա նշված ճանապարհը ամբողջ տարին անցանելի միակ ճանապարհն է եւ այն փակելով՝ պատասխանողը վտանգել է բնակիչների առողջությունը եւ կյանքը, քանի որ մյուս՝ անանցանելի ճանապարհներից օգտվելով, նրանք դիմում են ռիսկի, որը կարող է առաջացնել վատ հետեւանքներ:

Ձորաղբյուրցիները խնդրում էին դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողներին վերացնել խոչընդոտները եւ վերականգնել ճանապարհը՝ ըստ դրա նպատակային նշանակության օգտագործելու համար: Դատարանը, Ն. Գալստյանի նախագահությամբ, կայացրեց վճիռ՝ հայցը բավարարել մասնակի, պարտավորեցնելով Կոտայքի մարզի Ձորաղբյուրի թիվ 11 թաղամասի 15 հողակտորը օգտագործող՝ պատասխանողներ Արմեն եւ Վահագն Վանցյաններին՝ վերականգնել մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը, քանդել թիվ 11 թաղամասի 15 հողակտորի եւ 21 թաղամասի թիվ 31 հողակտորի միջեւ անցնող գլխավոր ճանապարհի հատվածում կառուցված պարիսպը՝ գլխավոր հատակագծի համաձայն, ճանապարհը վերականգնելու պարտականությունը դնել նշված խախտումները կատարած անձանց վրա եւ այն իրականացնել նրանց հաշվին: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Ներկայումս գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում, իսկ ձորաղբյուրցիների ճանապարհը դեռ փակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել