Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՅԾԱՌ ԵՐԵԽԵՔ ՉԿԱՆ»

Հուլիս 23,2008 00:00

\"\"Երեկ թատերականի դիմորդների մասին նման կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, քննական հանձնաժողովի նախագահ Սոս Սարգսյանը:

Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում քննություններ էին: «Դերասանի վարպետությունից» դիմորդներն առանձնապես չէին փայլում: Հանձնաժողովը (Հրաչյա Գասպարյան, Արմեն Էլբակյան, Ալեքսանդր Քոչարյան, Նիկոլայ Ծատուրյան) ջանք չէին խնայում երեխաներին «բացելու» համար: Դիմորդներից շատերն անգամ հումորի տարրական զգացողություն չունեին: Ստեփանավանցի Արծրուն Չոբանյանի պատասխանի ժամանակ ներս մտավ հանձնաժողովի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: «Ճիշտ ժամանակին եկաք՝ ստեփանավանցի է»,-կատակեց հանձնաժողովի անդամներից մեկը: «Միամիտ շաշ եմ»,- հումորը շարունակեց դիմորդը: Մեկ այլ դիմորդ՝ մարալիկցի Ներսես Հովհաննիսյանն էլ էր ակտիվ՝ ի տարբերություն մյուսների: «Դե, որ Մարալիկից ես, էդտեղի տղերքին բնորոշ մի հատ ջիգյարով երգի,- ասաց Հրաչյա Գասպարյանն ու հավելեց,- բայց ռուսական-մուսական չլինի»: Դիմորդը ոչ միայն երգեց, այլեւ Արմեն Էլբակյանի պահանջով անեկդոտ պատմեց, այն էլ մարալիկի բարբառով. «Մեկի զոնքաչը կմեռնի, դագաղը հայաթի մեջ կֆռռցնեն, մեկ էլ փեսու ուշքը կանցնի… Սաղ կսեն՝ հալալ է, երնեկ իմ փեսես էլ ըսպես ըլներ: Փեսեն էլ թե՝ այ ախպեր, վախցա, ըսի՝ չլնի՞ կուզեն նորից զոնքչիս հետ բերեն»:

Հաջորդ դիմորդը՝ Սիլվա անունով, որոշեց շատերի նման «Ալպիական մանուշակից» մի հատված կարդալ: «Ալպիական մանուշակով սպանեցիք, դուք Գալշոյան, Հրանտ Մաթեւոսյան չե՞ք կարդացել»,- նեղսրտեց հանձնաժողովի անդամներից մեկը: «Չէ, չեմ կարդացել, բայց որ ընդունվեմ՝ կկարդամ»,- խոստացավ Սիլվան: «Արդեն կարդացած պիտի գայիր քննության»,- հետեւեց պատասխանը: Դիմորդներից մեկին խնդրեցին հրեական երգել՝ չիմացավ: Ստիպված իրենք երգեցին:

Աբրահամ անունով մի տղա երկար մազափունջ ուներ ճակատին: «Տղա ջան, մի էդ չոլկեդ վերեւ հանի, նոր սկսի»,- կրկին նեղսրտեց հանձնաժողովականներից մեկը եւ հիասթափությունն ավելի մեծացավ, երբ տղան առանձնապես չփայլեց: Դիմորդներից մեկին խնդրեցին երգել: Վերջինս «Ամպի տակից»-ը այնքան վատ կատարեց, որ զղջացին խնդրելու համար: «Էս էի՞ք ուզում»,- ժպտալով ասում էր մեկը մյուսին: Մի աղջիկ էլ Տերյանի մի բանաստեղծություն այնքան չորուցամաք արտասանեց, որ Ալեքսանդր Քոչարյանը զարմացած հարցրեց. «Դուք որ կարոտում եք, այդպես ե՞ք խոսում»: Ավելի զարմանալի էր 20-22-ամյա դիմորդի պատասխանը. «Ես մինչեւ հիմա կարոտի զգացում ունեցած չկամ»:

«Առավոտը» հանձնաժողովի նախագահ Սոս Սարգսյանից հետաքրքրվեց՝ դիմորդների թվում կա՞ն պայծառ երեխաներ: «Իսկ դուք ինքներդ տեսա՞ք պայծառ երեխեք: Արդեն երկրորդ օրն է քննությունը գնում՝ առանձնապես տպավորված չեմ, իսկական, բեմական տվյալներով օժտված մարդկանց դեռ չեմ հանդիպել, բայց առջեւում դեռ մի 100 հոգի կա, հույս ունեմ, որ կհայտնվեն շնորհալի մարդիկ»: Մեր հաջորդ հարցին, թե սովորաբար ո՞ր մարզերի երեխաներն են ավելի օժտված լինում, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Որ մարզի չեմ կարող ասել, բայց օժտված լինում են մարզերի երեխեքը, իսկ մայրաքաղաքինը՝ միտինգներ են անում… զբաղված են: Իմ տպավորությամբ, մարզից եկած երեխեքը զգալիորեն տարբերվում են ե՛ւ իրենց գիտելիքներով, ե՛ւ տվյալներով, ե՛ւ կուլտուրայով … պատճառն այն է, որ գավառներում ու գյուղերում պահպանվել են ինչ-որ բարոյական նորմեր: Երեւի դրանից է»: «Առավոտի» մյուս հարցին՝ արդյո՞ք թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Անշուշտ, որովհետեւ հիմա գործում է երիտասարդների մի հոծ բազմություն, իրենք շատ ակտիվ են, գործունյա, կկարողանան իրենց թատրոնը ստեղծել, իսկ մեր թատրոնը, ցավոք, արդեն գնաց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել