Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանր բիզնեսը խեղդվում է

Հուլիս 23,2008 00:00

Տնտեսվարողների հավաստմամբ, իրենք չեն կարողանում շուկայում ազատ գործել, քանի որ խոշոր բիզնեսով զբաղվողներն իրենց ճնշում են:

Արդեն 2-րդ ամիսն է, ինչ միջազգային շուկայում ցորենի եւ ալյուրի գները նախորդ ամիսների համեմատ բավականին իջել են: Չնայած սրան, Հայաստանի տնտեսվարողները դեռեւս չեն պատրաստվում իջեցնել տարեսկզբի գնաճի հետեւանքով թանկացած հացամթերքների գները: Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հացահատիկի եւ ալյուրի ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող տնտեսվարողների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել՝ պարզելու, թե ինչու են ներկրողները դրսում էժանացած ապրանքը այստեղ թանկ վաճառում: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի տեղեկացմամբ, միջազգային շուկայում հացահատիկը էժանացել է 20-40%-ով, իսկ այս տարվա մարտի տվյալներով, Փարիզի բորսայում ցորենի գինը նվազել է 10,25 եվրոյով՝ 1 տոննայի համար հասնելով մոտ 260 եվրոյի: Ա. Շահնազարյանի ներկայացմամբ, մեր տնտեսվարողները հայտարարում են, որ իրենց ալյուրի իրացման գինը 135-140 դրամ է, սակայն շուկայի ուսումնասիրությունից պարզվել է, որ խանութներում ալյուրը վաճառվում է կրկնակի թանկ գնով՝ 250-280, իսկ որոշ առեւտրի կետերում` անգամ 450 դրամով: Քննարկմանը հրավիրված 21 տնտեսվարողներից ներկա էին միայն «Մանանա Գրեյնը», «Վերֆարը» եւ «Արսեն եւ Երվանդ» ՍՊԸ-ները: Իսկ մի շարք ընկերություններ, այդ թվում նաեւ շուկայում իրացման եւ ներկրման ծավալներով առաջատար դիրք գրավող «Սալեքս գրուպը», «Մանչո գրուպը», «Երեւանի ալրաղացը» կամ «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության ներկայացուցիչները, պարոն Շահնազարյանի ներկայացմամբ, խուսափելով լրատվամիջոցների հետ հանդիպումից, հրաժարվել էին մասնակցել քննարկմանը:

Հանձնաժողովի նախագահի առաջին հարցն ուղղված էր «Մանանա Գրեյնի» փոխտնօրեն Արմեն Մանուկյանին. «Դրսում գները բարձրացան, դուք էլ բարձրացրիք, դա հասկացանք, հիմա իջել է, ինչո՞ւ չեք դուք էլ իջեցնում»: Ա. Մանուկյանն էլ «տակից դուրս գալու» համար պատճառաբանեց, որ ցորենի գներն իրոք իջել են, սակայն ավելի քան 30%-ով թանկացել են տրանսպորտային ծախսերը, բացի այդ, նավահանգստում բեռները տեղափոխող վագոնների դեֆիցիտ է ու երբեմն էլ նավը ուշ բեռնաթափելու հետեւանքով ստիպված են լինում շատ մեծ տուգանքներ վճարել: Հանձնաժողովի նախագահն այս հիմնավորումը համարեց անհիմն ու նշեց, որ տրանսպորտը ապրանքի ինքնարժեքում ընդամենը 12% է կազմում: Բացի այդ, պարոն Շահնազարյանը խոստացավ իրենց գրավոր դիմելու դեպքում օգնել տնտեսվարողներին եւ երկաթուղին սպասարկող մենաշնորհային դիրք ունեցող ընկերությանը պարտավորեցնել կատարելու իր գործառույթները. «Երկաթգծի գործը դա է, բա որ դա էլ չեն անում, ուրիշ ինչո՞վ են զբաղվում»:

Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա, ըստ Ա. Շահնազարյանի, տնտեսվարողը տուգանքները փակելու սխալ մեթոդ է ընտրել. «Օրինակա՞ն է, արդյոք, որ մեր քաղաքացիներից ավելի գումար եք վերցնում ու գնում ժողովրդի հաշվին տուգանքներ մուծում, եթե ձեր գրպանին վնաս լիներ, արդեն 50 անգամ դատարան էիք դիմել»: Սակայն տեսնելով, որ իր ասածը հենց այնպես չանցավ ու դեռ ավելին` հանձնաժողովը խնդրին ընթացք տալու պատրաստակամություն հայտնեց, Ա. Մանուկյանի եւ հանձնաժողովի անդամների զրույցից պարզ դարձավ, որ «Մանանա Գրեյնը» դիմում գրողը չի. «Դե, գիտեք, դա միայն ժամանակ առ ժամանակ է պատահում»: Ինչ վերաբերում է «Վերֆար» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Սիմոնյանին, ապա նա իր արդարացման ելույթում մեղքը խոշոր գործարարների վրա գցեց. «Մենք այսօր խեղդված ենք մրցակցությունից եւ չենք կարողանում գին իջեցնել»:

Ստացվում է, որ շուկայում գործող առավել փոքր ընկերությունները ճնշվում են եւ սահմանափակումների մեջ են խոշոր ընկերությունների կողմից, քանի որ վերջիններս են նրանց գին թելադրում եւ պարտադրում իրացում կատարել իրենց սահմանած արժեքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել