Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԻՑՅԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՎԱՃԱՌՈ՞ՒՄ ԵՆ

Հուլիս 23,2008 00:00

\"\"Երկար տարիներ Արաբկիր համայնքում բիզնես ծավալող «Երիցյան եւ որդիներ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանի գործունեությունից արաբկիրցիները սկսել են տուժել:

Օրերս «Առավոտի» խմբագրություն էին դիմել ընկերության սուպերմարկետի հարեւանությամբ գտնվող Արաբկիր համայնքի Փափազյան 21, 21/1, 21/2, 23/1 շենքերի բնակիչները՝ դժգոհելով, որ Երիցյանների պատճառով իրենք քուն ու դադար չունեն, քանի որ գործարարն իրենց առանց այդ էլ նեղ ու խիտ բնակեցված բակը զբաղեցրել է՝ ծառայեցնելով սեփական բիզնեսին: Մեր թերթին ուղղված դիմումում բնակիչները նշում են. «Ալբերտ Երիցյանը զբաղեցնում է մեր շենքի բակը, ոտնահարելով հատկապես երեխաների իրավունքները, քանի որ նախկինում նրանց համար նախատեսված խաղահրապարակը այժմ վերածվել է ընկերության աշխատակիցների ավտոմեքենաների կայանատեղիի»:

Օրերս «Առավոտը» եղավ նշյալ հասցեում: Մեծահասակ բնակիչների բողոքին միացել էին նաեւ մանուկները, որոնք մեզ հետ զրույցում ասացին. «Քանի որ չենք կարողանում մեր բակում խաղալ, ստիպված գնում ենք Կոմիտասի 17 շենքի բակ, բայց մեզ այնտեղ էլ չեն թողնում խաղալ, Պավլիկ պապիկը մեզ փայտով քշում է»:

Բնակիչների խոսքերով. «Այս ամռան շոգին չենք կարողանում մեր տան պատուհանները բացել, քանի որ շենքերի բակում գործող խմորեղենի արտադրամասի հոտը մարդկանց ուղղակի խեղդում է: Դրան էլ գումարած այն, որ գիշերն աշխատողները շատ բարձր են խոսում, հաստոցների ու գնացող-եկող մեքենաների աղմուկն էլ հանգիստը խանգարում է»:

Նշյալ շենքերի բնակիչներին մտահոգում է նաեւ այն, որ իրենց համար նախատեսված բակի աղբամաններից երբեւէ չեն կարողանում օգտվել՝ դրանք մշտապես լցված են լինում սուպերմարկետի աղբով. «Մենք ստիպված ենք լինում մեր աղբը դնել աղբամանների կողքը, որը նաեւ գցում է շրջակայքի արտաքին տեսքը, բացի այդ՝ հակահիգիենիկ վիճակ է ստեղծում»: Բնակիչների խոսքերով, իրենք այս հարցով բազմիցս դիմել են Արաբկիրի թաղապետարան, սակայն խնդիրը չի լուծվել: Արաբկիրցիները դժգոհեցին նաեւ, որ սուպերմարկետի դիմաց կայանող մեքենաների առատության պատճառով՝ փողոցը խիստ նեղանում է եւ դառնում անանցանելի: Իսկ խանութի հակառակ կողմում, որտեղ էլ հենց այս շենքերն են, պարոն Երիցյանը ուղեփակոց է տեղադրել, որը, ինչպես հավաստում են տարածքի բնակիչները, խանգարում է, որպեսզի իրենք մեքենաներով մոտենան իրենց շենքերին. «Փաստորեն՝ մենք էլ ենք իր տարածքում ապրում»:

Բնակիչների դժգոհությունների առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Ալբերտ Երիցյանը պարզաբանեց. «Կոմունիստների ժամանակ այս փողոցի ընդհանուր լայնքը մոտ 3 մետր էր, ինչը պարզ երեւում է սպորտդպրոցի շենքի մոտ, իսկ ես իմ խանութի մոտ ներս եմ գնացել, որ դիմացը կանգնող մեքենաները երթեւեկությանը չխանգարեն»: Ինչ վերաբերում է արտադրամասերից լսվող աղմուկին, պարոն Երիցյանն ասաց, որ արդեն ծրագրել է դրանք տեղափոխել մեկ այլ տեղ. «Բայց քանի որ դա հեշտ գործ չի, տեղափոխությունը մոտ 7 ամիս կտեւի: Իսկ հրուշակեղենի հոտը շատ հաճելի է, ի՞նչ կա բողոքելու: Կամ եթե բողոքում են՝ ինչո՞ւ ինձ չեն դիմում»:

Երեխաների խաղահրապարակը զբաղեցնելու առնչությամբ ասաց, որ դա ի սկզբանե նախատեսված է եղել ավտոտնակներ կառուցելու համար. «Նշեմ, որ մի քանիսն էլ կառուցվել էին, ես եմ խնդրել, որ հանեն, բայց միեւնույն է՝ շենքերի բնակիչներն իրենց մեքենաները կայանում են այդտեղ, որը երեխաների համար նախատեսված դաշտ չէ, դաշտը ներքեւում է»: Նա հստակեցրեց նաեւ, թե ինչ տարածքներում է կառուցել իր գրասենյակն ու հրուշակեղենի արտադրամասը. «Դրանց տեղը մի մարդ շինարարություն էր անում, ես նրանից գնել եմ այդ շինությունը: Իսկ իմ օֆիսի տեղը աղավնիների բներ էին»: Ինչ վերաբերում է պետական աղբամանները սեփական կարիքների համար օգտագործելուն, պարոն Երիցյանն ասաց, որ աղբը տանելը թաղապետարանի պարտականությունն է, իսկ իր ապրանքներից մնացած ստվարաթղթե արկղերը վաճառում է: Խանութի հարեւանությամբ տեղադրված աղբամաններից միայն մեկից է օգտվում, այն էլ դրա համար աշխատող է պահում, որպեսզի տարածքը մաքուր լինի: Ուղեփակոցի համար պարզաբանեց, որ դա տեղադրել է, որպեսզի անծանոթ մեքենաները բակ չմտնեն ու մարդկանց առանց այն էլ նեղ բակը ավելի չնեղացնեն:

Մեր տեղեկություններով, պարոն Երիցյանը պատրաստվում է իր բիզնեսները վաճառել: Սա մեզ հետ զրույցում չբացառեց նաեւ Ա. Երիցյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել