Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոսեց թիմի մասին

Հուլիս 23,2008 00:00

\"\"Երկու օր առաջ կայացած ասուլիսում Սերժ Սարգսյանը պատասխանեց նաեւ իշխանության քաղաքական թիմի մասին հարցին՝ տալով իր թիմի առաջին հրապարակային գնահատականը. «Իշխանությունն իրեն վստահ է զգում, որ այսօր իշխանությունում կենտրոնացել են այնպիսի ուժեր, որոնք ի վիճակի են լուծել բարդագույն խնդիրներ: Մենք կազմել ենք քաղաքական կոալիցիա, այսօր իմ կողքին են ուժեղ կուսակցություններ: Իմ կողքին է ՕԵԿ-ը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, ով նախագահական ընտրություններում ստացավ մեր ժողովրդի մի հսկայական հատվածի վստահությունը: Իմ կողքին է ԲՀԿ-ն՝ իր սկզբունքային, հստակ դիրքորոշմամբ, ՀՅԴ-ն՝ իր կայուն եւ կուռ շարքերով: Ես հենվում եմ ՀՀ ամենաբազմանդամ եւ խորհրդարանում ամենամեծ ուժը ներկայացնող կուսակցության՝ ՀՀԿ-ի վրա: Ավելի ազդեցիկ ի՞նչ կարող է լինել»:

Սերժ Սարգսյանի դրական գնահատականը կոալիցիոն գործընկերներին թերեւս օրինաչափ էր, հաշվի առնելով, որ Համաժողովրդական շարժման ֆոնի վրա ձեւավորվել է համարժեք իշխանական բեւեռ, ուր մուտք են գործել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը: Արթուր Բաղդասարյանի եւ ՕԵԿ-ի գործոնի շեշտումը թերեւս հասկանալի է եւ պայմանավորված է թե ՕԵԿ նախագահի հավաքած քվեներով եւ թե այն վճռորոշ դերակատարությամբ, որ ունեցավ նա վերջին նախագահական ընտրություններում՝ ցուցաբերելով սկզբունքային դիրքորոշում եւ ներքաղաքական լարվածության պիկին ձեռք սեղմեց Սերժ Սարգսյանի հետ՝ նպաստելով ընտրությունների լեգիտիմացմանը եւ նախագահ Սարգսյանի դիրքերի ամրապնդմանը իշխանական ճամբարում: Թերեւս իր այս հայտարարությամբ նախագահը լուծում է երկու կարեւոր խնդիր. առաջինը՝ ընդգծում է, որ բարձր է գնահատում Ա. Բաղդասարյանի դերակատարումը եւ մոռացկոտ չէ արվածը գնահատելու հարցում, եւ երկրորդը՝ հրապարակավ խոսելով իշխանական բուրգի համախմբվածության մասին՝ դրվատանքով նշում է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին, փորձելով ցույց տալ, որ իշխանությունն ունի համախմբված քաղաքական թիմ: Սերժ Սարգսյանը իր խոսքում առանձնահատուկ շեշտել է նաեւ ՀՀԿ-ի դերը՝ ներկայացնելով վերջինիս որպես երկրի ամենաբազմանդամ կուսակցություն: Հաշվի առնելով, որ հայաստանյան մամուլում շատ է խոսվում նախագահի միանձնյա դերակատարման մասին, քաղաքական թիմի գործոնի շեշտադրումը կարեւոր է թե ներքաղաքական եւ թե արտաքին քաղաքական զարգացումների տեսանկյունից: Մնում է սպասել եւ տեսնել, թե ինչքանով իշխանական քառյակը համախումբ կլինի առանցքային նշանակությամբ օժտված քաղաքական քննարկումների ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել