Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք դատապարտված ենք հաղթանակի»

Հուլիս 23,2008 00:00

\"\"Ասում է ազատության մեջ հայտնված Գուրգեն Եղիազարյանը

Նախորդ օրը երեկոյան խափանման միջոցը փոխելու արդյունքում ազատ արձակված պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում շնորհակալություն հայտնեց Հյուսիսային պողոտայում պայքարը շարունակող մարդկանց, քանզի՝ «ազատության հանդեպ նրանց ունեցած վերաբերմունքի արդյունքում եմ ես այսօր ազատության մեջ»: Իր խափանման միջոցն անսպասելի փոխելը նա մասամբ կապում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի՝ վերջերս ՀՀ կատարած այցի հետ: «Ուրախ ես, որ դուրս ես գալիս, բայց նաեւ ընկճված ես, որ էնտեղ մարդիկ մնացին, ընդ որում, հենց էնպես»,- ասում է 145 օր, իր բնութագրմամբ՝ «ֆաշիստական ռեժիմի» կամոք անազատության մեջ գտնված Գ. Եղիազարյանը: 300, 325 եւ 316 (իշխանության յուրացում եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալ) հոդվածները, որոնցով հիմնականում մեղադրվում են կալանավորվածները, բանախոսը համարում է՝ «մեկը մեկից խեղկատակ» մեդադրանքներ: Նա պնդում է, որ իրավապահներն այնքան անգրագետ են գործել, որ նույնիսկ մեղադրական եզրակացություններում նեղություն չեն կրել նախադասությունները փոփոխել: Նույն տեքստերում միայն մեղադրյալների անուն-ազգանուններն են փոխված: «Ես չգիտեմ՝ մեր ազգաբնակչության ո՞ր տոկոսն է համարում, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է նախագահ՝ 2-3… Հիմա՝ այս պարագայում, ո՞վ է յուրացրել իշխանությունը»,- հարցնում է նա: Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին՝ Գ. Եղիազարյանը հարց հնչեցրեց. «Արդյոք, ճի՞շտ է, որ մարտի 1-ին Լեոյի փողոցում եղել է Ղարաբաղի «սպեցնազի» ղեկավարը: Ճի՞շտ է, որ նա նախկինում դատապարտվել է 12 տարի ազատազրկման՝ Սպանդարյանի հրապարակի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա ավազակային հարձակման համար եւ երկու հոգու էլ վիրավորել է հրազենով, սակայն 2000 թվականին ազատ է արձակվել եւ նշանակվել Ղարաբաղի «սպեցնազի» ղեկավար»: Մասնագիտական տեսանկյունից վերլուծելով մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցածը պրն Եղիազարյանը ասում է, որ խուզարկության մթնշաղով չեն գնում: Նաեւ՝ պատկան մարմինները խուզարկության պետք է գնան ընթերականերով, իսկ տվյալ դեպքում նա կարեւորում է նաեւ լրագրողների ներկայությունը, մինչդեռ այս կամ այն կերպ ինչ-որ բան ֆիքսած տեսախցիկներն առգրավվեցին: Նրան վրդովեցրել է նաեւ այն, որ Ազատության հրապարակից «առգրավված» զենք-զինամթերքը ոստիկանության փոխգնդապետը ձեռքով էր վերցնում եւ ցուցադրում՝ ոչնչացնելով իրեղեն ապացույցները՝ մատնահետքերը.

Ի դեպ, մարտի 4-ին՝ Գուրգեն Եղիազարյանի ձերբակալումից ընդամենը մեկ օր անց, աշխատանքից ազատվել է ոստիկանության համակարգում աշխատող նրա միջնեկ որդին: Նրան հայտարարում են, որ իր հայրը հանցագործ է ու ինքն այլընտրանք չունի, եւ երբ վերջինիս առաջարկում են զեկուցագիր գրել ու հեռանալ, պատճառաբանում են՝ «շատ վերեւից է ասված»: Գ. Եղիազարյանի ավագ որդին ԱԱԾ համակարգից ազատվել էր «սեփական» դիմումի համաձայն՝ դեռ 2003-ին, երբ հայրը հակաքոչարյանական հայացքներով էր հանդես գալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել