Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ

Հուլիս 23,2008 00:00

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեմ ցուցմունք չտված Գաբրիել Գաբրիելյանը ավելի քան 3 ամիս անազատության մեջ է:

ՀՀ գլխավոր դատախազության վերջին տվյալներով, որոնց, ի դեպ, հայաստանյան ընդդիմությունը շարունակում է չհավատալ, «Մարտի 1-ի» գործով նախնական կալանքի տակ է գտնվում 16 մեղադրյալ: Նրանցից մեկը «Մալաթիա գյուղմթերքի շուկայի» պահեստապետ Գաբրիել Գաբրիելյանն է: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «զանգվածային անկարգություններ»: Գ. Գաբրիելյանը ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել մարտի 1-ի դեպքերից մեկուկես ամիս անց՝ ապրիլի 15-ին, ոստիկանությունում նրան երկու օր ապօրինաբար պահել են առանց մեղադրանք առաջադրելու: ՀՀ քրեադատավարական նորմերի այս կոպիտ խախտումի մասին, իհարկե, ո՛չ քրգործում, ո՛չ էլ նրան կալանավորելու միջնորդություններում նշված չէ: Գ. Գաբրիելյանը ձերբակալվել է միայն ապրիլի 17-ին, ու երկու օր անց նրան մեղադրանք է առաջադրվել: Նույն օրը՝ ապրիլի 19-ին, եւ ապա նաեւ հունիսի 11-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի միջնորդությունները եւ Գ. Գաբրիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը՝ նախ երկու ամիս ժամկետով, ապա՝ մինչեւ օգոստոսի 17-ը: Այս ողջ գործընթացը, սկսած նրան բերման ենթարկելու պահից, ուղեկցվել է քրեադատավարական օրենսդրության կոպիտ խախտումներով, որոնց համար ոչ ոք, բնականաբար, չի պատժվելու: Այսպես, ՀՔԾ քննիչը Գ. Գաբրիելյանին ձերբակալելիս չի ապահովել պաշտպանի ներկայությունը, իսկ ապրիլի 19-ին Գ. Գաբրիելյանին որպես մեղադրյալ քրգործում ներգրավելու մասին որոշում կայացնելուց հետո նրան, որպես մեղադրյալ, հարցաքննել է մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ՝ Լավրենտ Գասպարյանի տվյալների ներքո: Այդ հարցաքննության արձանագրությունը համարելով «կարեւոր դատավարական փաստաթուղթ»՝ քննիչը նույն օրը այն տարել է նաեւ դատարան՝ Գ. Գաբրիելյանին կալանելու միջնորդությունը ներկայացնելիս: Դատարանը՝ դատավոր Ափինյանի նախագահությամբ, նաեւ ինքը՝ քննիչը, դա համարել են «տեխնիկական վրիպակ», թեեւ Գ. Գաբրիելյանի այդ հարցաքննությունն ամբողջությամբ ընթացել է հենց Լ. Գասպարյանին ներկայացված մեղադրանքների շրջանակներում: Դատավոր Ափինյանը բավարարել էր քննիչի միջնորդությունը եւ «դակել էր» բերված միջնորդությունն ու մարդուն կալանքի տակ վերցնելու որոշում կայացրել: «Տեխնիկական վրիպակ» էր համարվել նաեւ հունիսի 6-ին դատարանին ուղղված նույն քննիչի միջնորդության մեջ մատնանշված եւ Գ. Գաբրիելյանի կալանքի ժամկետը եւս «15 օրով՝ մինչեւ օգոստոսի 17-ը», երկարացնելու պահանջը: Անհասկանալի է մնում, թե քննիչի կողմից որքան ժամանակով էր միջնորդություն հարուցվել՝ Գ. Գաբրիելյանին կալանքի տակ պահելու ժամկետի առումով, քանի որ 15-օրյա ժամկետը փաստացի լրանալու էր ոչ թե օգոստոսի 17-ին, այլ՝ հունիսի 21-ին: Այդուհանդերձ, դատարանը չէր մերժել նաեւ «տեխնիկական վրիպակով» այս մի միջնորդությունն ու մեղադրյալի կալանքի ժամկետը երկարացրել է մինչեւ օգոստոսի 17-ը:

Գ. Գաբրիելյանի համոզմամբ, իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը անհիմն է, որովհետեւ դատարանը ոչ մի կերպ չի հիմնավորել, թե ինչով է պայմանավորված իրեն կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Փոխարենը նույն քննիչը հունիսի 6-ին դատարանին ներկայացրած իր միջնորդության մեջ արձանագրել էր, որ Գ. Գաբրիելյանի դեմ ցուցմունք տված Լավրենտ Գասպարյանի նկատմամբ, իբր, գործադրվել է անօրինական ազդեցություն՝ տված ցուցմունքից հրաժարվելու առումով: Սա այն դեպքում, երբ ՀՀ օմբուդսմենին ու ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղած իր դիմում-բողոքում Լ. Գասպարյանը հայտարարել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ճնշում են գործադրել իր նկատմամբ՝ իրենից կորզելով կեղծ ցուցմունքներ, որոնցից ինքը հետագայում հրաժարվել է: Ասել է թե՝ Գ. Գաբրիելյանը այսօր էլ անազատության մեջ է գտնվում իր դեմ տված այն ցուցմունքի պատճառով, որից դրա հեղինակն ինքն է հրաժարվել:

Քրգործում Գ. Գաբրիելյանի վերաբերյալ էլի ցուցմունքներ կան՝ արմավիրցի ոստիկան Էդիկ Մկրտչյանը, բացի այն, որ հայտարարել է, թե մարտի 1-ին Ֆրանսիական դեսպանատան մոտ Գ. Գաբրիելյանն իրեն ագրեսիվ է պահել, ուրիշ որեւէ կերպ իր այդ գնահատականը հիմնավորել չի կարողացել: Մյուս վկայի՝ Աշոտ Մելքոնյանի ցուցմունքով էլ, ինքն ու Գ. Գաբրիելյանը մարտի 1-ին եղել են վերը մատնանշված տարածքում, բայց ինքն ավելի շուտ է տուն գնացել եւ տեղյակ չէ, թե Գ. Գաբրիելյանը ինչ գործողություններ է արել: Ինքը՝ Գ. Գաբրիելյանը, չի էլ հերքում, որ մարտի 1-ին մասնակցել է դեսպանատանը հարող տարածքում տեղի ունեցած ինքնաբուխ ցույցին, բայց դա եղել է առավոտյան ժամը 11-14-ը, որից հետո ինքը տուն է գնացել: Ինչպես հայտնի է, այդ ժամանակահատվածում հիշյալ տարածքում որեւէ անկարգություն՝ բռնություն, թալան կամ հրկիզում տեղի չի ունեցել: Դա փաստել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, որի ցուցմունքով, Գ. Գաբրիելյանը կանգնած է եղել նրա կողքին եւ որեւէ բռնություն որեւէ մեկի նկատմամբ կամ այլ հանցավոր արարք չի գործել:

Քննչական մարմինը արդեն մի քանի ամիս է, ինչ Գ. Գաբրիելյանի գործով իր ակտիվում ունի միայն հետեւյալ «ապացույցը». Գ. Գաբրիելյանը լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր, «Մալաթիա» ջոկատի հրամանատար Հակոբ Հակոբյանի ազգականը եւ աշխատելով վերջինիս փաստացի պատկանող «Մալաթիա գյուղմթերքի շուկայի» պահեստապետ՝ «վերջինիս դրդմամբ եւ հրահրմամբ» ներգրավվել է մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններին: Տարակուսանք է հարուցում այն, թե Հատուկ քննչական ծառայությունը ինչպե՞ս է մեղադրում Գ. Գաբրիելյանին մի արարքում, երբ դրա վերաբերյալ չկան կոնկրետ ապացույցներ, հնարավոր վկաներ, որոնք առերես կպնդեին եւ կհիմնավորեին, թե՝ Հ. Հակոբյանը ինչպե՞ս է դրդել եւ հրահրել մեղադրյալին ներգրավվել մարտի 1-ին տեղի ունեցած միջադեպերին, մանավանդ, երբ ինքը՝ Գ. Գաբրիելյանը, հերքում է այդ փաստը, իսկ Հ. Հակոբյանն ընդհանրապես ցուցմունքներ չի տվել: Չկան կոնկրետ փաստեր, թե Գ. Գաբրիելյանը անձամբ ինչպե՞ս է կազմակերպել ու ղեկավարել այն գործողությունները, որոնք վերացականորեն վերագրված են ոչ միայն նրան, այլեւ մարտի 1-ի գործով մեղադրվող էլի մի քանի տասնյակ մեղադրյալների: Ասենք՝ Գ. Գաբրիելյանի ցուցումով ո՞վ եւ իշխանության կոնկրետ ո՞ր ներկայացուցչին են դիմադրել, նրա կողմից պետական, հանրային, մասնավոր ի՞նչ գույք է ոչնչացվել կամ վնասվել եւ այլն:

Ակնհայտ է, որ կոնկրետ դեպքում Գ. Գաբրիելյանը «քննչականի» թիրախ է դարձել ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ազգականը լինելու եւ նրա շուկայում աշխատելու համար: ՀՔԾ-ում, երեւի, հույս են ունեցել, որ նրան ձերբակալել-կալանավորելով՝ կարող են իրենց ձեռքում պատանդ դարձած մարդուց ցուցմունքներ կորզել հենց Հ. Հակոբյանի դեմ, ինչը չի ստացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել