Փաստում են ճանապարհատրանսպորտային բարեփոխումները դիտարկող ու վերահսկող հասարակական կազմակերպությունների ղեկավարները:
Ճանապարհատրանսպորտային բարեփոխումներին զուգընթաց, դեռեւս շատ հարցեր մնում են առկախ: Դրանք վերաբերում են ե՛ւ ոստիկաններին, ե՛ւ վարորդներին: Խնդիրների մի մասը պայմանավորված է օրեցօր հանրապետություն ներմուծվող ավտոմեքենաների մեծ ծավալներով: Չնայած մայրաքաղաքի եւ մարզերի հիմնական մայրուղիներում, բացառությամբ ընդդիմության կազմակերպած հանրահավաքների օրերի, չես տեսնի հսկիչ-ոստիկանների, բայց հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպես է ոստիկանության մեքենան «հեւասպառ» հետապնդում օրինազանց վարորդին՝ ջանալով կանգնեցնել մեքենան: Շատ վարորդներ անթաքույց հայտնում են, որ ոստիկանների գրպանը կլորիկ գումար դնելով՝ խուսափում են պատասխանատվությունից, իսկ ովքեր այդ պահին վճարունակ չեն լինում՝ ստիպված հանդուրժում են տուգանք-արձանագրությունը: Համոզված ենք, որ բազմաթիվ ոստիկաններ ու վարորդներ, կարդալով վերոգրյալը, գոնե մտքում կհաստատեն այն:
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, ով ճանապարհատրանսպորտային բարեփոխումների նախաշեմին հանդես էր եկել կտրուկ քննադատություններով, հուլիսի 18-ին «Երեւան» հյուրանոցում «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հ/կ-ի կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց. «Փոփոխություններն ակնհայտ են: Այսպես շարունակելու դեպքում կունենանք կանոնակարգված երթեւեկություն: Եթե անցյալ տարվա մինչեւ ապրիլը մեր «թեժ գծի» զանգերի գերակշռող մասը վերաբերում էր կոռուպցիային, հիմա դրանց թիվը կտրուկ նվազել է: Ընդամենը զանգերի 10-15%-ն է վերաբերում կոռուպցիոն երեւույթներին: Զանգերի մեծամասնությունն այսօր ուղղված է ճանապարհատրանսպորտային պատահարներին առնչվող խորհրդատվությանը, տեսուչի գործունեության օրինականությանը, վարորդների իրավունքներին եւ այլնին: Բարեփոխումները տեսանելի են նաեւ ճանապարհային ոստիկանությունում եւ դատական համակարգում: Արդեն հօգուտ վարորդների ունենք 5 վճիռ: Վատն այն է, որ ոստիկաններն օրենքի խախտումներ են անում, գործը գնում է դատարան, եւ նրանք չեն կարողանում հիմնավորել, թե ինչու են կազմել արձանագրություն»: Ըստ Է. Հովհաննիսյանի, առաջիկայում կվերանան նաեւ վարորդ-տեսուչ կոնֆլիկտային հարաբերությունները, քանի որ ոստիկանությունը պատրաստվում է կիրառել տեսանկարահանումներ. տեղադրվելու են կայուն եւ շարժական տեսախցիկներ: Այդուհանդերձ, «Աքիլլեսի» նախագահը անմխիթար համարեց մայրաքաղաքում ճանապարհային երթեւեկության կազմակերպումը, որի պատասխանատվությունը, համաձայն մեր զրուցակցի, ընկած է քաղաքապետարանի ուսերին: «Շատ ցածր մակարդակի վրա են գտնվում ճանապարհային նշաններն ու գծանշումները, ինչն էլ նպաստում է խցանումներին ու պատահարներին: Ճանապարհածածկույթներն անորակ են: Խնդրեմ, գնացեք Կոմիտասի փողոց եւ տեսեք, թե ինչ է կատարվում: Այս տարվա ասֆալտն արդեն ալիքավորվել է»,- եզրափակեց նա:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը «Առավոտի» հետ զրույցում գոհացուցիչ չհամարեց ճանապարհատրանսպորտային երթեւեկության վիճակը: «Վարորդները ծանոթ չեն անվտանգության կանոններին, հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է հետիոտնը վրաերթի ենթարկվում»,- ասաց նա: Հատկապես շեշտելով հասարակական երթուղիների վտանգահարույց լինելը եւ անվերահսկողությունը՝ Ա. Եղոյանը նկատեց. «Ողջ աշխարհի կանգառներում կան չվացուցակներ, որոնք հատկապես ձմռանն են օգնում մարդկանց՝ կողմնորոշվելու: Իսկ մեր կանգառներում չվացուցակ չկա: Գրել, պահանջել ենք, որ դրանք տեղադրեն, որպեսզի սպառողն իմանա, թե որ ժամին որ երթուղայինը պետք է գա եւ որ ուղղությամբ պետք է գնա, ով է կատարում դրա մոնիտորինգը, ինչպես է կատարվում լիցենզավորումը: Տեսնում ենք կիսաքանդ մեքենաներ երթուղիներում, թեեւ բոլորս էլ հասկանում ենք, որ լիցենզիա տալու ժամանակ դրանք չէին կարող ներկայացվել»: Ա. Եղոյանի փոխանցմամբ՝ պատկան մարմիններն իրենց պատասխանել են, որ չվացուցակներ տեղադրել հնարավոր չէ՝ առատ երթուղիների պատճառով: Զուգահեռներ տանելով ճանապարհատրանսպորտային խնդիրների, երթուղիների չկանոնակարգված գործունեության արդյունքում ստեղծված կոռուպցիոն ռիսկերի եւ փոխադրամիջոցների ազատ գործունեության միջեւ՝ Ա. Եղոյանը հայտնեց. «Քաղաքացին շատ ժամանակ կանգառում կարող է մնալ ժամերով, երթուղայինն անցնում է լիքը, ինչն արգելված է: Որոշ ժամանակ ոստիկանությունը տուգանում էր, բայց հետո նորից նույն պատմությունն է: Ես խոսել եմ վարորդի հետ, որն օրվա ընթացքում աշխատում է 12-14 ժամ, այն էլ՝ կիսաքանդ միկրոավտոբուսի ղեկին: Դա կարող է հանգեցնել վթարի: Սպառողների եւ հետիոտնի կյանքը վտանգված է այս պայմաններում»:
Հ. Գ. «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հ/կ-ն՝ իր «Անվտանգությունը քո ձեռքերում է» կրթական ծրագրի շրջանակներում 2007-2008թթ. ընթացքում ճանապարհային անվտանգության վերաբերյալ դասընթացներ է կազմակերպել Սյունիքի, Վայոց ձորի մարզերի 40 եւ Երեւանի 7 դպրոցներում: Ճանապարհային ոստիկանության գնդապետ Հայկ Սարգսյանն ասաց, որ իրենք կսատարեն այս ծրագրին: ՃԱԱԽ-ի նախագահ Պողոս Շահինյանն էլ հայտնեց, որ մյուս մարզերը եւս կընդգրկվեն ծրագրում: