Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հուլիս 22,2008 00:00

Տղաներն էլ մեկնեցին

Երեկ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի հինգ անդամներ՝ 69 կգ քաշային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Գեւորգ Դավթյանը եւ Արա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 77կգ քաշային կարգ), Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը եւ Էդգար Գեւորգյանը (երկուսն էլ՝ 85 կգ) հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ մեկնեցին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաք՝ օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկող ամառային 29-րդ օլիմպիական խաղերի նախապատրաստության վերջին ուսումնամարզական հավաքն անցկացնելու: Նրանք այնտեղից միանգամից կմեկնեն օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Պոդոլսկ էին մեկնել 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը եւ նրա մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Իսկ նախորդ օրը մարզաձեւի մեր պատանեկան հավաքականը մեկնեց Ամիեն (Ֆրանսիա), որտեղ մասնակցելու է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը մրցավայր տարել է 58 կգ քաշային Ալլա Սամվելյանին, Սմբատ Մարգարյանին՝ 50 կգ, Ռոման Հարությունյանին՝ 62, Վարդան Կարապետյանին՝ 65 եւ Գագիկ Գրիգորյանին:

Արման Փաշիկյանի հաղթանակով

Մարտունիում ավարտվեց շախմատի «Կապուտակ Սեւան» միջազգային ավանդական մրցաշարը, որն անցկացվում է 2005 թվականից: Հայաստանի, Բելառուսի, Եգիպտոսի, Վրաստանի, Չինաստանի, Ուկրաինայի եւ Գերմանիայի տասը շախմատիստներ ինը տուրերում պայքարեցին հաղթողին եւ մրցանակակիրներին որոշելու համար:

Մրցաշարն ավարտվեց հայաստանցի գրոսմայստեր Արման Փաշիկյանի հաղթանակով: Նա ինը հնարավորից իր անվան դիմաց գրանցեց 6,5 միավոր: Նրանից կես քայլ ետ մնաց Չինաստանի ներկայացուցիչ Ցզյանչաո Չժոուն: Իսկ մրցանակային եռյակը եզրափակեց բելառուսցի Սերգեյ Ժիգալկոն՝ 5,5: Մյուս մասնակիցները մրցաշարային աղյուսակում դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ: Զավեն Անդրիասյան՝ 5,0 միավոր, Սամվել Տեր-Սահակյան՝ 4,5, Հրանտ Մելքումյան՝ 4,5, Գեորգ Մայեր (Գերմանիա)՝ 4,0, Ավետիք Գրիգորյան՝ 3,5, Լեւան Պանցուլայա (Վրաստան)՝ 3,0, Բասսեմ Ամին (Եգիպտոս)՝ 2,5:

Համալրումներ՝ «Ուլիսում»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող Երեւանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբի լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ օրերս թիմը լուրջ համալրումներ է ստացել: Մասնավորապես, Թեհրանի «Ռահահանից» այս ակումբ է տեղափոխվել դարպասապահ Գեւորգ Կասպարովը: Այսուհետեւ «Ուլիսի» մարզազգեստը կկրեն նաեւ Արամ Հակոբյանը («Բանանցից»), Արշակ Ամիրյանը («Գանձասարից») եւ բանակից զորացրված Վահե Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել