Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇՏԱՄՆԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ

Հուլիս 22,2008 00:00

\"\"ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունը այս թեմայով «քննական» մոնիտորինգ է անցկացնում

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ հուլիսի 20-ից՝ բուհական քննությունների մեկնարկման օրվանից, սկսվել է ընդունելության քննություններին վերաբերող իրենց հերթական մոնիտորինգը: Նա նշեց մի քանի հարցեր, որոնք հարցաթերթիկների մեջ ներառել են սոցիոլոգները՝ «Գնահատեք հետեւյալ մարմինների կոռումպացվածության աստիճանը՝ գործեր ընդունող հանձնաժողով, քննական հանձնաժողով, ԿԳ նախարարություն…», «Ինչպե՞ս եք գնահատում քննությունների նոր՝ կենտրոնացված համակարգը՝ դրակա՞ն, ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական», «Ականատես եղե՞լ եք կոռուպցիոն դրսեւորումների», «Որեւէ փոփոխություն տեսնո՞ւմ եք նախկինում եւ այժմ տեղի ունեցող քննական գործընթացների միջեւ» եւ այլն:

«Խնդրել էինք ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանին մեզ տրամադրել վերջին չորս տարիների ընդունելության քննությունների հանձնաժողովների նախագահների ցանկը: Փաստենք, որ եթե գոյություն ունի կոռուպցիա, ապա նշանակում է, որ վերջինս ընդունելության քննությունների հանձնաժողովների «տեսքով» է եւ հենց դրա համար էլ ցանկացանք պարզել, ի վերջո, փոփոխություն եղե՞լ է հանձնաժողովներում այս չորս տարիներին: Օրինակ, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանի տխրահռչակ կառավարումից հետո ընդունելության քննությունների հանձնաժողովների նախագահների ցանկը կտրուկ փոփոխվել է: Չնայած Լեւոն Մկրտչյանի եւ նորանշանակ նախարար Սպարտակ Սեյրանյանի ընտրած հանձնաժողովներում էլ կան մարդիկ, որոնք չեն փոխվում»,- նշեց մեր զրուցակիցը: Մենք էլ հավելենք, որ օրինակ հայոց պատմություն առարկայի հանձնաժողովի նախագահը շարունակում է մնալ Էդիկ Գեւորգյանը, ընդհանուր պատմությանը՝ Արտավազդ Դարբինյանը, կենսաբանություն առարկայինը՝ Պողոս Վարդեւանյանը, գերմաներենինը՝ Յուրի Գաբրիելյանը, իտալերենինը՝ Լալա Վարդազարյանը եւ այլն:

Մեր զրուցակցի խոսքերով, Ս. Սեյրանյանի վարած քաղաքականությունը՝ կապված հանձնաժողովներում որոշ նոր անունների ի հայտ գալու հետ, դրական միտում ունի, քանի որ. «Եթե չորս տարի նույն մարդը լինում է հանձնաժողովի նախագահ ու չորս տարի շարունակ բողոքներ են հնչում, ապա նրան պետք է փոխել: Ընդհանուր պատմության հանձնաժողովի նախագահն արդեն երեք տարի Արտավազդ Դարբինյանն է: Ես չեմ ճանաչում այդ մարդուն, իրավունք չունեմ նրա հասցեին ավելորդ բաներ ասել, բայց եթե ընդհանուր պատմությունից կան բողոքներ, ապա պետք է ավելի երիտասարդ մասնագետների հնարավորություն տալ զբաղվել այդ խնդրով: Իմ խորին համոզմամբ, երիտասարդ մասնագետը հաստատ հարցին ուրիշ կերպ կնայի, որովհետեւ չի ցանկանա խրվել այնպիսի գործերի մեջ, որոնք կվնասեն իր հեղինակությանը»: Խոսելով ԿԳՆ-ի կուսակցականացված լինելու մասին, երիտասարդ կուսակցականը փաստեց, որ յուրաքանչյուր նախարար հանձնաժողովի նախագահ է դարձնում իր կուսակիցներին. «Դա հատկապես ընդգծված էր Սերգո Երիցյանի նախարարության օրոք: Քննական հանձնաժողովների ցանկում վեց-յոթ հոգու գոնե ես գիտեի, որ ՕԵԿ-ից էին: Այժմ՝ Սպարտակ Սեյրանյանի նշանակումից հետո, իմ տեղեկություններով, կարծես միայն Արտավազդ Դարբինյանն է դաշնակցական»:

Նարեկ Գալստյանը տեղեկացրեց, որ ամեն շաբաթ կհրապարակեն իրենց նախաձեռնած «քննական» մոնիտորինգի արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել