Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պահպանել հոգին

Հուլիս 22,2008 00:00

«Տրավմատիզմներ, հիշողություն եւ մշակույթ» խորագրով գիտաժողովին այս հարցն էին քննարկում աշխարհի տարբեր

ծայրերից հավաքված մասնագետները:

Օրերս Մոսկվայի տանը մեկնարկեց «Տրավմատիզմներ, հիշողություն եւ մշակույթ» խորագրով ՀՀ-ում առաջին միջազգային հոգեվերլուծական եռօրյա գիտաժողովը: Երեկ այն «տեղափոխվեց» Գյումրի:

Փարիզի հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ, Հայաստանում հոգեվերլուծության զարգացման ֆրանս- հայկական ասոցիացիայի նախագահ (ՀՀԶՖՀԱ) Դիրան Դոնաբեդյանը «Ես-ի աշխատանքը տրավմատիկ փորձում» թեմայով զեկուցման ընթացքում աշխատանքային փորձից բերեց օրինակներ: Մեկը մազաթափությամբ տառապող Անահիտն էր, որը երկրաշարժի ժամանակ հոր հետ տանն էր եղել: Մոր եւ մորական տատի բացակայությունից աղջիկը մանկական դեպրեսիայի է ենթարկվել: Դ. Դոնաբեդյանը նկատեց. «Եթե աշխարհում երեխաները հաշվում էին «Մեկ, երկու երեք, արեւ», ապա երկրաշարժից հետո հայ երեխաները այսպես էին հաշվում. «Մեկ, երկու, երեք, երկրաշարժ»:

Փարիզի 13-րդ արվարձանի հոգեկան առողջության ասոցիացիայի հոգեսոմատիկայի բաժանմունքի գլխավոր բժիշկ Կլոդ Սմաջան «Տրավմատիկականի տեղը հոգեսոմատիկ շարքում» զեկուցման ժամանակ ներկայացրեց մի կնոջ պատմություն, որի դժվարությունների արմատները ձգվում էին մանկության տարիներ: Հոգեվերլուծող, փարիզյան հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ, հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի նախագահ, ՀՀԶՖՀԱ-ի փոխնախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Վարդանյանը «Առավոտին» ներկայացրեց երկրաշարժից հետո «Աշխարհի բժիշկներ» կազմակերպության իրականացրած ծրագիրը. «Նրանք հոգեբանական օգնություն բերեցին: Հաշմանդամ դարձած, ծնողներին կորցրած, ուժեղ շոկ ապրած երեխաների քանակը մեծ էր, եթե հոգեբանական վիճակը տեղում չշտկվեր, ապա հետագայում կառաջանային ծանր հետեւանքներ: 1988-ին ՀՀ-ում եւ ԽՍՀՄ-ում հոգեվերլուծություն չկար: Հայ մասնագետները պատրաստ չէին դրան, այդ պատճառով էլ ծրագրի երկրորդ մասում սկսեցին սովորեցնել մեզ: Հիվանդների վրա, ֆրանսիացիների հսկողության տակ, գործնականում կիրառեցինք մեր տեսական գիտելիքները»: Տիկին Վարդանյանն անդրադարձավ նաեւ հասարակության ներկա վիճակին. «Երկար ժամանակ սթրեսի մեջ ապրած, այդ պայմաններում ծնված երեխաները պիտի հոգեբանական մի խնդիր ունենան: Դա անձի ներսում սպասում է հարվածի պահին, որ արտահայտվի: Երեխաների վրա վատ հետեւանքներ են ունենում նաեւ ամուսնալուծությունները, հեռավորության վրա ապրող ծնողները»:

ՌԴ ԳԱԱ հոգեբանության ինստիտուտի աշխատակից Զոյա Խիմչյանն «Առավոտին» ներկայացրեց ճառագայթահարման սթրեսի հետեւանքները. «Այդ սթրեսի ազդեցությունը գիտակցվում է սուբյեկտիվ ձեւով՝ կախված մարդու ինֆորմացվածությունից եւ առանձնահատկություններից: Օրինակ՝ Չեռնոբիլի աղետը վերացնողների շրջանում դա արտահայտվել է հոգեսոմատիկ հիվանդությունների ձեւով: Այդ հիվանդության դեպքում մարդը հոգեբանական այն վիճակում է, որ չի հասկանում, թե վախի հետ կապված սթրեսը կարող է տրավմատիկ լինել: Միայն մտածում է, թե ճառագայթումը որքան կարող է ազդել առողջության վրա»: Զ. Խիմչյանը նաեւ նկատեց. «Հաճախ հետտրավմատիկ սթրես ապրած մարդիկ խուսափում են դիմել մասնագետի. կարծում են, որ ինքնուրույն կարող են հարցը լուծել կամ չեն վստահում նրան՝ ասելով, թե այնտեղ չեք եղել եւ չեք կարող մեզ հասկանալ»: Հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սթրես» կենտրոնի տնօրեն Սամվել Սուքիասյանը խոսեց ԼՂ ազատամարտի վետերանների շրջանում նկատվող հետվնասվածքային դինամիկայի մասին. «Գոյություն ունեն մի քանի խմբեր. կառուցողական, երբ ազատամարտիկները գտել են իրենց տեղը ուժային կառույցներում՝ թիկնապահներ, զինվորականներ, ներքին մարմինների աշխատողներ են դարձել: Ապակառուցողական խումբն ունի սոցիալական, կլինիկական եւ հոգեբանական մակարդակներով զարգացումներ. մի դեպքում մարդիկ դարձել են չհարմարվող, գրգռվող, իրենց եւ ընտանիքի համար խնդիրներ հարուցող: Մյուս դեպքում՝ ազատամարտիկները ենթարկվել են կլինիկական խանգարումների, սոմատիզացիայի՝ հոգեբանական տրավման բերել է մարմնական խանգարումների, ունեն սրտի, ստամոքսի, գլխի հետ կապված գանգատներ»: Ապա հավելեց. «Թունամոլների խումբ էլ կա, որոնք իրենց չլուծված խնդիրների արդյունքում դարձել են թմրամոլներ ու թունամոլներ: Կա նաեւ, այսպես կոչված, «բոմժերի»՝ «հատակում» հայտնվածների խումբ: Այս տեսակը անգամ բժշկի չի դիմում, սոցիալական կարգավիճակ ու հնարավորություններ չունի: Այս մարդկանցից շատերը աշխատանք չունեն. ասում են՝ արյուն ենք թափել, մեզ պիտի աշխատանք տաք: Ցանկացած հասարակություն պիտի հոգ տանի նրանց մասին եւ փոխհատուցի… բայց մեզ մոտ փոխհատուցումը համարժեք չէ կորստին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել