Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնակռիվ՝ Սանէպիդո՞ւմ

Հուլիս 22,2008 00:00

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնում կատարված կադրային փոփոխությունները նոր աղմուկ են բարձրացրել:

Արդեն երկու շաբաթ է՝ այդ կառույցում լարված իրավիճակ է: Բանն այն է, որ գործադիր տնօրեն Վարդան Ուռուտյանի՝ սանհիգիենիկ ու մանրէաբանական լաբորատորիաների վարիչների պաշտոններում կատարած փոփոխությունները որոշ աշխատակիցների կարծիքով անարդարացի են: «Առավոտն» (12.07.08) արդեն պատմել է, որ տնօրենը բժիշկներին փոխարինում է մանկավարժներով: Թեեւ մեր հրապարակման մեջ ներկայացրել էինք նաեւ տնօրենի պարզաբանումը, սակայն օրերս Վ. Ոռուտյանը կոլեկտիվում ժողով է արել եւ մեր խմբագրությանը հասցեագրված նամակ է պատրաստել ու աշխատակիցներին ստիպել ստորագրել դրա տակ: Տեղեկացանք, որ հրաժարվել է ստորագրել կենտրոնի մանրէաբանական լաբորատորիայի նախկին վարիչ, այժմ այլ բաժնի աշխատակից, 42 տարվա աշխատանքային փորձ ունեցող Մանիկ Շահինյանը, ինչի պատճառով տնօրինությունն իր հետ «թարսվել» է: Մեզ հետ զրույցում տիկին Շահինյանը մտահոգություն հայտնեց, որ կադրային ոչ ճիշտ փոփոխությունները կարող են մարզում համաճարակների տարածման առիթ դառնալ. քանի որ Շիրակի մարզը, հատկապես Գյումրին, պրոբլեմային տեղանք է, կարելի է ասել՝ ջրազուրկ քաղաք է, բնակիչներն անգամ բանջարեղենն ու մրգերը տեղը-տեղին լվանալու հնարավորություն չունեն, ինֆեկցիան ամեն վայրկյան սպառնում է մարդկանց, ուստիեւ՝ ամռանը գլխավոր մանրէաբանի պաշտոնում կատարած փոփոխությունն աննպատակահարմար է: Մ. Շահինյանի խոսքերով. «Կադրային փոփոխությունները կատարվում են աշնանը կամ տարեկան հաշվետվությունից հետո, բայց ոչ՝ այս պատասխանատու պահին: Ես չեմ ասում, որ այդ պաշտոնը հավերժ ես էի զբաղեցնելու, ընդունում եմ, որ ես արդեն մեծ եմ: Ես ընդունում-հանձնում կատարել եմ՝ համաձայնելով փոփոխությանը, սակայն կարծում եմ, որ այդ պաշտոնին հարմար թեկնածու չկար: Նորանշանակ կադրը՝ Լիլյա Խաչատրյանը, ընդամենը 1 տարի է՝ ինչ աշխատում է փորձագիտական կենտրոնում: Ամենայն հավանականությամբ մեր գործադիր տնօրենը դատավորի կնոջը շատ խոստումներ է տվել իր մոտ հրավիրելով ու հիգիենիստին մանրէաբան դարձնելով (խոսքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի մասին է, որն իր մեծ ներդրումն է ունեցել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ձեռքից հեռուստաաշտարակը խլելու գործում,- Ն. Ա.): Ինֆեկցիոն հիվանդությունները հայտնաբերվում ու կանխվում են պրոֆեսիոնալ մանրէաբանի շնորհիվ: Չմոռանաք, որ պատերազմների ժամանակ պետությունը ավելի շատ համաճարակներից է խուսափում, քան կռվից»: Մ.Շահինյանը վիրավորված էր, որ իրեն պաշտոնազուրկ անելուց հետո նորանշանակ լաբորատորիայի վարիչն ու տնօրենը խանգարում են իր պարտականությունների նորմալ կատարմանը:

Երեւանի պետական գյուղատնտեսական ակադեմիայի «սանիտարիա եւ փորձաքննություն» ֆակուլտետն ավարտած ու 10 տարի անընդմեջ վերոհիշյալ կառույցի սանհիգիենիկ լաբորատորիայում աշխատած Մելանյա Սարգսյանի խոսքերով. «Մեր տնօրենը մի քանի օր առաջ ձեր թերթում տված պարզաբանման մեջ նշել էր, որ սանհիգիենիկ լաբորատորիայի վարիչի պաշտոնի համար եղել է 3 թեկնածու, բայց ընտրվել է մեկը: Սակայն ես փաստում եմ, որ ոչ մի մրցույթ չի կայացել, ոչ մի ընտրություն չի կատարվել, ավելին, մեր բաժնում աշխատում է 5 հոգի, եւ եթե մրցույթ լիներ, այդ 5-ից բացի, փորձագիտական կենտրոնից ցանկացած մեկը կարող էր հավակնել այդ պաշտոնին: Քրիստինե Սարգսյանին լաբորատորիայի վարիչի պաշտոնին նշանակելը եղել է անակնկալ թե՛ իմ, թե՛ կոլեկտիվի մյուս անդամների համար: Տնօրենը ժողով է հրավիրել ու տեղեկացրել, որ մենք արդեն ունենք նոր բաժնի վարիչ: Քրիստինե Սարգսյանին նշանակել են ոչ մի առավելություն հաշվի չառնելով՝ անտեսել են թե կրթությունը, թե աշխատանքային փորձը, իսկ նա ամենաքիչ ստաժ ունեցողն է, աշխատանքի ընդունված ամենավերջին կադրերից: Ես իմ աշխատանքային գործունեության 10 տարվա ընթացքում միշտ փոխարինել եմ մեր բաժնի վարիչին: Անկեղծորեն ասում եմ, եթե առաջարկվեր՝ ես չէի հրաժարվի: Բայց դա չի նշանակում, թե ես քայլեր եմ ձեռնարկել այդ պաշտոնը ստանձնելու: Թող իմ խոսքերը չընկալվեն, թե ես եմ ուզում զբաղեցնել այդ պաշտոնը: Այո, ես Անիի տարածաշրջանի ոստիկանապետի աղջիկն եմ, բայց ի՞նչ կարեւոր է ում աղջիկն եմ, ես ունեմ համապատասխան կրթություն եւ փորձ: Ոստիկանապետի աղջկան չի՞ կարելի նշանակել լաբորատորիայի վարիչ»:

Գործադիր տնօրեն Վարդան Ուռուտյանը տեղեկացրեց, որ կադրային փոփոխություններ կատարելիս ինքը ոչ մի օրենքի խախտում չի կատարել, առաջնորդվել է փորձագիտական կենտրոնի կանոնադրությամբ եւ աշխատանքային օրենսգրքով, կոնկրետ Քրիստինե Սարգսյանին պաշտոնի նշանակել է՝ հաշվի առնելով նրա կազմակերպչական կարողությունները, իսկ Լիլյա Խաչատրյանն իրենց համակարգում աշխատելու 10 տարվա փորձ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել