Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին «Հայաստան-Թուրքիա» ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու՝ Սերժ Սարգսյանի հղած հրավերը կապված է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ: Ըստ «Նոյյան տապանի», «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Անկարայի հայկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Օմեր Էնգին Լյութեմը: Անդրադառնալով նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին եւ արտաքին աշխարհի հակազդեցությանը՝ Լյութեմը նշել է, թե հայկական կողմի նախաձեռնությունը ՀՀ նախագահին կընձեռի «օրակարգը փոխելու եւ հաջողության դեպքում՝ լուրջ միավորներ հավաքելու» հնարավորություն: Խոսելով թուրքական կողմի՝ ՀՀ նախագահի հրավերը ընդունել-չընդունելու հարցի մասին՝ թուրք քաղաքագետն ասել է, որ Թուրքիայի կողմից հրավերի ընդունումը կլինի զուտ խորհրդանշական մի քայլ կամ էլ բարի կամքի դրսեւորում: «Հայտնի չէ, սակայն, թե այդ դեպքում Թուրքիան ինչ կշահի քաղաքական տեսանկյունից»,- հավելել է հայկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը:
Օմեր Էնգին Լյութեմի կարծիքով, «թուրք հանրությունը վատ չի վերաբերվի Գյուլի՝ հիշյալ ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելուն, բայց այս հարցում հայ հանրության տեսակետը միասնական չէ: Հայերի մեծ մասը հրավերին վերաբերվում է դրականորեն, սակայն Դաշնակցություն կուսակցությունը եւ ծայրահեղ ազգայնականներն այդ այցին դեմ են ու պատրաստվում են այցելության դեպքում կազմակերպել ցույցեր»,- ասել է Լյութեմը: Նրա կարծիքով, հայկական կողմն այս առաջարկությունը արել է «Մոսկվայի հետ խորհրդակցելուց հետո», հետեւաբար, այս քայլը ցույց է տալիս, որ Ռուսաստանը նույնպես կողմնակից է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորմանը:
Ընդգծելով, որ Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, Լյութեմը նշել է, թե «հրավերի առիթով հնարավոր է, որ հայկական կողմի այդ ակնկալիքը եւս մեկ անգամ հայտնվի օրակարգում»: «Կան կարծիքներ, որ սահմանի բացման դեպքում Հայաստանի ժողովրդի տնտեսական խնդիրների զգալի մասը կլուծվի: Նման տեսակետներն ուռճացված են, սակայն խոսք կարող է լինել երկարաժամկետ տնտեսական ներդրումների մասին»,- ասել է քաղաքագետը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստին՝ Լյութեմն ասել է, որ Թուրքիան մի շարք պետությունների կողմից ընդունված որոշումների պատճառով միջազգային հանրության առջեւ «անիրավացիորեն վերածվել է ցեղասպան պետության»: Նրա կարծիքով, երկու երկրներն այսօր միմյանց հասկանալու հնարավորություն ունեն, եւ «Հայաստանի հետ համաձայնության գալը չի նշանակելու համաձայնության գալ նաեւ հայկական Սփյուռքի հետ: Եթե անգամ Հայաստանի հետ համաձայնության գանք, ապա պետք է իմանանք եւ հաշվի առնենք, որ դեռեւս շատ երկար ժամանակ Սփյուռքը Թուրքիայի դեմ համառորեն շարունակելու է նրան վարկաբեկելու արշավը»,- եզրափակել է Անկարայի հայկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Օմեր Էնգին Լյութեմը: