Պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը
Ասուլիսին մասնակցելու համար նախագահական էին հրավիրվել 40 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ՝ «դրսի», սակայն չէին հրավիրվել «Չորրորդ իշխանություն», «Տարեգիր», «Հայք», «Ժամանակ Երեւան», «Հայկական ժամանակ» թերթերի լրագրողները: Ներկա լրագրողներին էլ նախապես տեղեկացրին, որ ընդամենը մեկ հարց տալու իրավունք ունեն: Ասուլիսը տեւեց 1 ժամ 30 րոպե:
«Առավոտի» հարցը
«Կոռուպցիայի դեմ ձեր սկսած պայքարում «բռնվում» են միայն որոշ մանր ձկնիկներ, ի՞նչ է, դուք ավելի խոշորների տեղը չգիտե՞ք: Որքանո՞վ են անկեղծ ձեր ելույթները, մինչեւ ե՞րբ եք «բարեփոխիչի» դերը շարունակելու, մի օր այդ նույն համակարգը, որի ղեկավարն եք, ձեզ չի՞ ասելու՝ լավ, ինչքա՞ն ես մեզ անհանգստացնելու: Ի վերջո, այն, ինչ արդեն 100 օր անում եք դուք եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, արդյոք իմիտացիա չէ՞»: «Առավոտի այս հարցին նախագահը տվեց հետեւյալ պատասխանը: «Ես, իհարկե, ուրախ կլինեի, եթե դուք ինձ խոշոր ձկների տեղը ցույց տայիք եւ ոչ միայն մատնացույց անեիք, այլեւ օգնեիք, որ այդ ձկները ընկնեին լավ ուռկան: Ուրախ եմ, որ նույնիսկ «Առավոտը» մեկ-մեկ դրական երանգներ է տեսնում իմ գործունեության մեջ, եւ ուրախ եմ, որ արդեն «Առավոտում» կան մարդիկ, ովքեր սկսել են չկասկածել, որ ես էլ կարող եմ լավ բաներ անել: Ցանկալի կլինի, որ այդ դրական երանգները 3-4 ամիսը մեկ չլինեն, այլ՝ գոնե ամիսը երկու անգամ փորձեիք դրանով ոգեւորել եւ օժանդակել, որ մեր հասարակության մեջ որոշակի վստահություն ձեւավորվի: Իսկ համակարգում կան բազմաթիվ ազնիվ մարդիկ, ովքեր 100 տոկոսով կողմնակից են բարեփոխումներին, ովքեր պատրաստ են ազնվորեն աշխատել, եւ այնպես չի, որ ես միամտորեն կարծում էի, թե այդ փոփոխությունները լինելու են հեշտ, հակազդեցություն չի լինելու: Ես հստակ գիտակցում էի, որ դժգոհներին ավելանալու են նոր դժգոհներ, որոնց ձեռքում կենտրոնացած են լծակներ, ֆինանսներ եւ այլն: Բայց մյուս կողմից էլ վստահ եմ, որ մեծամասնությունը մեր կողմն է, ես վստահ եմ, որ այս աշխատանքը հաջողություն է ունենալու, այնպես, ինչպես վստահ եմ, որ նույնիսկ հաջողությունների մեջ ձեր թերթը մշտապես թերություններ է փնտրելու, եւ եթե այդ փնտրտուքը միտված լինի նրան, որ այդ թերությունները ուղղվեն, ես միայն ուրախ կլինեմ: Իսկ եթե այդ փնտրտուքը ուղղված լինի նրան, որ ես հոգնեմ այդ փոփոխությունները իրականացնելուց, անշուշտ, լավ չէ»:
Վերադասավորումներն ավարտված չեն
«Միշտ էլ կարող եք սպասել կադրային փոփոխությունների, վերադասավորումները, ընդհանուր առմամբ, ես համարում եմ չավարտված, բայց որ հիմնական նշանակումները կատարվել են՝ սա արդեն փաստ է: Ես իմ պահանջները ձեւակերպել եմ պետական պաշտոնյաների հանդեպ՝ ովքեր կատարելու են իմ պահանջները, շարունակելու են աշխատել, իսկ ովքեր ոչ՝ նրանց կփոխարինեն ուրիշները»:
Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան
«Մենք իրավունք չունենք մեր դաշնակիցներից, մեր բարեկամներից պահանջել, որ նրանք իրենց հարաբերությունները փչացնեն այն երկրների հետ, ում հետ մենք բարեկամական հարաբերությունների մեջ չենք: Այստեղ կարեւորն այն է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չբարելավվեն ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների: Ես ծանոթ եմ այն կարծիքներին, որ առաջին հերթին շրջանառության մեջ են դնում ադրբեջանցիները եւ մեր ծայրահեղական լրատվամիջոցները, որ տեսեք-տեսեք՝ Ռուսաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սա նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձախողվեց եւ այլն: Այդ մարդիկ երկու բան են մոռանում, որ, նախ, որեւէ երկրի ղեկավար չի կարող չճանաչել պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, այնպես, ինչպես չի կարող չճանաչել ազգերի ինքնորոշման սկզբունքը: Երկրորդ, այդ ձեւակերպումները, որ վերջերս Բաքվում հնչեցին, առաջին անգամ ռուս-ադրբեջանական փաստաթղթերում տեղ են գտել 1995 թվականին, եւ դրանից հետո 6 անգամ այդ ձեւակերպումները մի փաստաթղթից տեղափոխվել են մեկ այլ փաստաթուղթ»:
Գյուլ-Թուրքիա- Քոչարյան
«Կարեւորն այն է, որ եւ մեր, եւ թուրք հասարակության մեջ նշմարվում են մեր պրոբլեմների առողջ քննարկման միտումներ, եւ ես վստահ եմ, որ նախագահ Գյուլի այցը Հայաստան այս դրական միտումները կարող է վերածել լավ, կայուն շարժման: Ինչ վերաբերում է նախագահ Քոչարյանի հայտարարությանը, ուղղակի նա անհամաձայնություն է հայտնել իմ կոնկրետ քայլերի նկատմամբ: Նախկինում էլ բոլոր հարցերում չէ, որ մենք միակարծիք ենք եղել, եւ ես նախընտրել եմ իմ կարծիքը նրան հայտնել ոչ հրապարակավ»: Ասաց, որ անցած տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ փորձել են հակասություններ գտնել իր եւ Քոչարյանի միջեւ, բայց դրանք համարեց զուր ջանքեր եւ խորհուրդ տվեց մութ սենյակում կատու չփնտրել: Հարցին՝ հանդիպո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանին եւ ի՞նչ կարծիքի է այն լուրերի մասին, որ երկիրը ստվերային ձեւով ղեկավարում է իր նախորդը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այդ լուրերը համարում եմ ուղղակի անհեթեթություն: Պետության կառավարումը բիզնեսի կառավարում չի, որտեղ հնարավոր է գործադիր տնօրենի նշանակում, իսկ սեփականության իրավունքները կարելի է պահել եւ ղեկավարել այդ բիզնեսը: Իսկ որոշումները կայացնելիս, անշուշտ, ես խորհրդակցում եմ, խորհրդակցում եմ ինչպես Քոչարյանի, այնպես էլ իմ կոալիցիոն գործընկերների, մասնագետների հետ: Սա իմ աշխատաոճն է, այդպես էլ շարունակելու եմ: Բայց իմ որոշումների պատասխանատուն ինքս եմ»:
Քաղբանտարկյալների մասին
«Եթե նկատել եք, ես դրանով զբաղվում եմ, զբաղվում եմ շատ ինտենսիվ կերպով, եւ դրա ապացույցն այն է, որ տասնյակ մարդիկ գտնվում են ազատության մեջ: Մի քանի անգամ հայտարարել եմ եւ հիմա էլ հայտարարում եմ, որ դրական եմ գնահատում դատարանների գործունեությունը այն կտրվածքով, որ նրանք մեղմություն են ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, ում հանցանքը քիչ է, բայց մյուս կողմից էլ ես համարում եմ, որ իրավունք չունենք մատների արանքով նայելու այս իրադարձություններին եւ չտեսնելու այն մարդկանց, ովքեր ծանր հանցանք են գործել, ովքեր կազմակերպել են մասսայական անկարգություններ, ովքեր ջարդել են, փշրել են եւ ձեռք են բարձրացրել ուրիշի սեփականության նկատմամբ: Ես կարեւորում եմ, որ եթե մենք չափից դուրս մեղմ լինենք, դրանով շատ վատ ծառայություն մատուցած կլինենք մեր հասարակությանը եւ մեր երկրին: Շատ մարդիկ ապագայում կգայթակղվեն այդպիսի արարքներով եւ կհամարեն, որ կարելի է ուժի միջոցով խնդիրներ լուծել: Սա պետք է բացառենք»:
Երկխոսության մասին
«Երբ ասում եմ երկխոսություն, ես նկատի ունեմ երկխոսություն ժողովրդի հետ, նկատի ունեմ երկխոսություն հասարակության ներսում, նկատի ունեմ երկխոսություն պետություն-հասարակություն ֆորմատով, ոչ թե երկխոսություն հանրապետության նախագահի եւ որեւէ անհատի միջեւ»: Լրագրողներից մեկը հիշեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի միտքը՝ մի զանգով մի գիշերվա մեջ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ի պատասխան՝ ՀՀ նախագահն ասաց. «Ես սովոր չեմ այդպես աշխատել, եւ դա շատ վատ գայթակղություն է, որովհետեւ մի զանգով տասնյակ մարդկանց ազատ արձակելը նշանակում է նաեւ մի զանգով տասնյակ մարդկանց ազատազրկել»: