Սերժ Սարգսյանը «մեկ զանգով» աշխատելուն սովոր չէ՞
Երբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր երկխոսության անհրաժեշտության մասին, ե՛ւ հայաստանյան հասարակությունը, ե՛ւ միջազգային հանրությունը այդ «երկխոսություն» ասվածն ընկալել էին որպես երկխոսություն իշխանության եւ ընդդիմության միջեւ: Դա են վկայում ե՛ւ ԵԽԽՎ բանաձեւերը, ե՛ւ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչների արձագանքներն այդ «հրավերներին», ե՛ւ կոալիցիայի ներկայացուցիչների՝ ընդդիմությանն ուղղված կշտամբանքները, թե՝ դուք ձեռք չեք մեկնում նախագահի առաջարկին: Երեկ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում Ս. Սարգսյանը յուրովի մեկնաբանեց երկխոսություն սկսելու վերաբերյալ իր հայտարարությունը, ասելով, թե նկատի ունի երկխոսություն ժողովրդի հետ, հասարակության ներսում, երկխոսություն՝ պետություն-հասարակություն ֆորմատով եւ «ոչ թե երկխոսություն հանրապետության նախագահի եւ որեւէ անհատի միջեւ»:
Թե ինչու է նա որոշել վերանայել ընդդիմության հետ երկխոսելու իր նախաձեռնությունը՝ տարաբնույթ ենթադրություններ կարելի է անել: Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը Ս. Սարգսյանի այս հայտարարության առնչությամբ արձանագրեց. «Սա պարզունակ դեմագոգիա է, բայց դրանով նա հրապարակայնորեն ընդունեց, որ պատրաստ չէ եւ չի էլ պատրաստվում երկխոսության գնալ ընդդիմության հետ: Դա այն է, ինչ մենք բազմիցս ենք պնդել, հիմա ինքն էլ է հաստատում: Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ խոսքը վերաբերում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը՝ երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար»:
Լ. Զուրաբյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ նաեւ Ս. Սարգսյանի մեկ այլ հայտարարությանը, որը երկրի գործող նախագահն արել էր քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու ընդդիմության պահանջի կապակցությամբ: «Ինչ վերաբերում է նրան, թե մի զանգով կարելի է տասնյակ մարդկանց ազատ արձակել, ապա ես սովոր չեմ այդպես աշխատել, եւ դա շատ վատ գայթակղություն է, որովհետեւ մի զանգով տասնյակ մարդկանց ազատ արձակելը նշանակում է նաեւ մի զանգով տասնյակ մարդկանց ազատազրկել»,- ասել էր Ս. Սարգսյանը՝ քիչ անց խոստովանելով, թե ինքը կարող է զբաղվել այդ հարցով, այն էլ՝ ինտենսիվ. «Դրա ապացույցն այն է, որ տասնյակ մարդիկ գտնվում են ազատության մեջ»: Լ. Զուրաբյանի մատուցմամբ՝ «ստացվում է, որ մեկ զանգով մարդկանց ապօրինաբար ազատազրկելը ստացվում է, իսկ մեկ զանգով մարդկանց ազատելը՝ ոչ»:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, պնդելով, թե փաստ է, որ մեզ մոտ կան քաղբանտարկյալներ, ասաց, թե իշխանություններն առաջին անգամ չէ, որ հայտարարում են՝ ինչպե՞ս կարելի է անհապաղ ազատել «քրեական հանցագործներին»: Այդ խոսակցություններն, ըստ Ստ. Դեմիրճյանի՝ «համոզիչ չեն», որովհետեւ խոսքն իրականում ոչ թե քրեական հանցագործների, այլ քաղբանտարկյալների մասին է, որոնց՝ «այո, պետք է ազատ արձակել, եւ որքան շուտ, այնքան լավ՝ այդ նույն իշխանությունների համար, որովհետեւ նրանք այդ քայլով կնպաստեն երկրում առկա լարվածության թուլացմանը»: Բացի այդ, ՀԺԿ առաջնորդի համոզմամբ, Ս. Սարգսյանի պաշտոնավարման 100 օրերի ընթացքում իշխանությունը հնարավորություն ուներ եւ պարտավոր էր ապացուցել կամ հերքել մի քանի ամիս մեկուսարաններում գտնվող մարդկանց մեղավորությունը, ի հայտ բերել եւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, կրակել են մարդկանց վրա, եւ ովքեր հրամայել են դա անել:
Սերժ Սարգսյանի ասուլիսին օպերատիվորեն արձագանքեց «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ գործող նախագահի՝ ոչ միայն հասարակության հետ երկխոսությանն առնչվող, այլեւ այս մի հայտարարությանը. «…մենք իրավունք չունենք մատների արանքից նայելու այս իրադարձություններին եւ չտեսնելու այն մարդկանց, ովքեր ծանր հանցանք են գործել, ովքեր ջարդել են, փշրել են, ձեռք են բարձրացրել ուրիշի սեփականության նկատմամբ: Ես կարծում եմ՝ եթե մենք չափից դուրս մեղմ լինենք, սրանով շատ վատ ծառայություն մատուցած կլինենք մեր հասարակությանը եւ մեր երկրին, շատ մարդիկ ապագայում կգայթակղվեն այդպիսի արարքներով…»: Թեեւ սույն հայտարարությունը Ս. Սարգսյանն արել էր մարտի 1-ի դեպքերի համատեքստում, Ս. Բաղդասարյանը հույս հայտնեց, որ նախագահը «ուրիշի սեփականություն» ասելով նկատի չունի միայն Մաշտոցի պողոտայում գտնվող խանութները: «Ս. Սարգսյանը երեկ հայտարարեց, որ ուզում է երկխոսել հասարակության հետ: Մենք որքան ժամանակ է՝ հավաքվում ենք կառավարության շենքի դիմաց՝ նույն առաջարկով, բայց՝ ապարդյուն: Հուլիսի 22-ին կրկին հավաքվելու ենք եւ ՀՀ նախագահից պահանջելու ենք, որ նա կատարի իր վարչապետ եղած ժամանակ մեզ տված խոստումն ու երեկվա հայտարարությունը՝ պաշտպանի եւ վերականգնի կոնկրետ դեպքում սեփականության մե՛ր ոտնահարված իրավունքները»,- ասաց նա: