Գիրք վեցերորդ
Գլուխ քսաներորդ
ՍԱՌԱՋՈՎ ՆԱ ԳԵՏԱՌ
Եվ Նվերն ինձ ասաց՝ «տղես Ղարաբաղ տեղն ընենց ծառայեց՝ ոչ մեկս խաբար չեղանք», եւ ես ասացի՝ «կինդ շատ նեղություններ քաշած կըլնի», եւ Նվերն ասաց՝ «ինչքան չըլնի՝ մոր սիրտ ա՝ ցավացած կըլնի» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «բայց տղես էն նվնվան տղերքից չի. մորն է՛լ առանձնապես նեղություն չի տվել», եւ ես հարցրի՝ «տղե՞դ ինչ ա ասում», եւ Նվերը հարցրեց՝ «ինչի՞ մասին», եւ ես ասացի՝ «Ֆրանսիա գնալու մասին», եւ Նվերն ասաց՝ «տղես ասում ա՝ քեզ ոնց հարմար ա, ըտենց էլ անենք, բայց, զգում եմ, որ հոգու խորքում շատ ա ուզում», եւ ես հարցրի՝ «բա կի՞նդ ինչ ա ասում», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «կնիկս է՛լ ա նույնն ասում», եւ ես ասացի՝ «փաստորեն, վերջին խոսքը քոնն ա», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «իմը չի», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ո՞ւմն ա», եւ Նվերն անսպասելի ծիծաղեց ու ասաց՝ «քո՛նն ա», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ո՞նց ա իմը», եւ Նվերը շարունակեց ծիծաղել ու ծիծաղելով ասաց՝ «դու որ իմ վրով ըտենց դաստիրակչական բաներ ես գրել, հաստատ կիմանաս՝ ճիշտը որն ա», եւ ես ասացի՝ «ես իմ կարծիքն արդեն ասել եմ», եւ Նվերը նորից ծիծաղեց եւ ծիծաղելով հարցրեց՝ «այսինքն, ճիշտը երթա՞լն ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ես ըտենց եմ կարծում», եւ Նվերը մի քիչ մտածեց, ժպտաց ու ասաց՝ «էս գրողներդ շատ հետաքրքիր մարդիկ եք», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ ենք հետաքրքիր», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «առավոտից իրիկուն տելեվիզորով քարոզում եք, որ հայրենիքը լքելը վատ բան ա, բայց որ տեղը գալիս ա՝ հակառակն եք ասում», եւ ես ասացի՝ «հինգ տարի կըլնի՝ տելեվիզորով խոսացած չկամ», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «բայց որ խոսաս, չես ասի, որ ճիշտը երթալն ա», եւ ես ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Նվերը հարցրեց՝ «բա խի՞ եք տելեվիզորով ուրիշ բան ասում, կյանքում՝ լրիվ ուրիշ» եւ ավելացրեց՝ «կյանքում լրիվ հակառակ խորհուրդ եք տալի», եւ ես արդարանալով ասացի՝ «դու առաջին մարդն ես, որին էս տեսակ խորհուրդ եմ տալիս», եւ Նվերը հարցրեց՝ «ուրիշներին հակառակն ե՞ս խորհուրդ տալի», եւ ես ասացի՝ «ոչ մեկին ոչ մի խորհուրդ չեմ տալիս. ընդհանրապես՝ խորհուրդ տալ չեմ սիրում», եւ Նվերը հարցրեց՝ «բա ինձ ո՞նց ես խորհուրդ տալի», եւ ես ասացի՝ «որովհետեւ դու ուրիշ վարիանտ չունես», եւ Նվերը մի քիչ մտածեց, հոգոց հանեց ու ասաց՝ «երեւի ճիշտ ես ասում», եւ ես ասացի՝ «որ վատ ըլնի՝ հետ գալը կա ու կա», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էշին նստելը մի՛ այիբ ա, իջնելը՝ էրկու», եւ ես ասացի՝ «ոչ մի այիբ էլ չի», եւ Նվերն ասաց՝ «այսինքն, տելեվիզորով հայրենասիրությունից որ խոսում են՝ լրիվ սուտ ա՞», եւ ես ասացի՝ «նայած ով ա խոսում» եւ ավելացրի՝ «հայրենասիրությունից խոսացողների էրեխեքը սովորաբար Ղարաբաղ չեն ծառայում», եւ Նվերը հարցրեց՝ «Հայաստան ե՞ն ծառայում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «իրանց էրեխեքը հիմնականում արտասահման են սովորում», եւ Նվերը մի քիչ մտածեց, հոգոց հանեց ու ասաց՝ «իմ տղի համար սովորելը երեւի արդեն ուշ ա», եւ ես ասացի՝ «սովորելը պարտադիր չի. կաշխատի՝ կապրի», եւ Նվերը հարցրեց՝ «բա ես ու կնի՞կս ինչ պիտի անենք», եւ ես ասացի՝ «կաշխատեք՝ կապրեք», եւ Նվերը հարցրեց՝ «ի՞նչ պիտի աշխատենք», եւ ես ասացի՝ «էդ արդեն ձեր փեսեն պիտի որոշի», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «փաստորեն, սաղ ցեղով փեսի հույսին ենք», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ձեր կյանքն էլ ըտենց դասավորվեց», եւ Նվերը լրջացավ ու ասաց՝ «փաստորեն, էդ խեղճ տղեն մեր ձեռը կրակն ա ընկել», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «ընկել ա՝ պիտի քաշի», եւ Նվերն ասաց՝ «խեղճը ո՞ր մեկիս հարցով զբաղվի», եւ ես ասացի՝ «սկզբում երեւի իրա զոքանչի համար աշխատանք կճարի, հետո՝ ձեր», եւ Նվերը նեղսրտած ասաց՝ «ախր ի՞նչ պիտի աշխատենք», եւ ես ասացի՝ «ձեր փեսեն ձեզ որ կանչում ա, ուրեմն՝ արդեն մի բան մտածել ա» եւ ավելացրի՝ «ինքն էդ սաղ հարցերի մասին նախօրոք մտածած կըլնի. ինչքան չըլնի՝ իրավաբան ա», եւ Նվերն ասաց՝ «որ իրավաբան ա՝ հո մեր ձեռը կրակը չի՞ ընկել», եւ ես ասացի՝ «Հրուշի ասելով՝ ձեր փեսեն սրտանց ա ուզում, որ էնտեղ իրար գլխի հավաքվեք», եւ Նվերն ասաց՝ «ես էլ եմ մտածում, որ ձեւական չի կանչում», եւ ես ասացի՝ «Հրուշի ասելով՝ ամենից շատ ձեր փեսեն ա ձեր գնալն ուզում», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ Աննան ա շատ ուզում», եւ ես ասացի՝ «փաստորեն, վերջին խոսքը քոնն ա», եւ Նվերը հոգոց հանեց, տխուր ժպտաց ու ասաց՝ «սաղ կյանքս ինձնից վերջին խոսք են պահանջել», եւ ես ժպտացի ու ասացի՝ «ճակատագիր ա», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «ըտենց ա դուս գալի» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «էս անգամ վերջին խոսքի իրավունքս քեզ եմ տալի. դո՛ւ որոշի», եւ ես ասացի՝ «ես իմ կարծիքն արդեն ասել եմ», եւ Նվերն ասաց՝ «ես քեզնից ոչ թե կարծիք եմ ուզում, այլ՝ վերջնական որոշում», եւ ես ասացի՝ «Հրուշն արդեն վերջնական որոշել ա, մնում ա՝ քո համաձայնությունը տաս», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրեւում ա՝ Հրուշի հետ մեր էս թեմայով շատ եք խոսացել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էս թեման մենակ ձերը չի. մոռանում ես, որ էս թեման իմն է՛լ ա», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «էդ հոդվածներիդ հաշվով ե՞ս ասում», եւ ես ասացի՝ «հա. ընթերցողներս մի գլուխ հարցնում են», եւ Նվերը հարցրեց՝ «ի՞նչ են հարցնում», եւ ես ասացի՝ «հարցնում են՝ խի՞ են էդ մարդիկ իրանց բախտից փախնում», եւ Նվերը հարցրեց՝ «բա դո՞ւ ինչ ես պատասխանում», եւ ես ասացի՝ «ասում եմ՝ իրա՛նք գիտեն. իրանց գործն ա», եւ Նվերն անսպասելի ասաց՝ «ինչքան հասկացա՝ մեր մասին էլի ես մտադիր գրես», եւ ես ասացի՝ «էդ էլ ի՛մ ճակատագիրն ա», եւ Նվերը հարցրեց՝ «պարտադիր ա՞, որ էդ հոդվածները մշտական գրես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «էդ էլ ի՛մ հացն ա», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «ոնց որ գողի համար՝ գողությունը», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «շատ ճիշտ համեմատություն գտար», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «պատահական ստացվեց», եւ ես ժպտացի ու ասացի՝ «իմաստուն մտքերը միշտ էլ պատահական են ծնվում», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «փաստորեն, իմ ու քո ճակատագրերն իրար շատ նման են», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ են նման», եւ Նվերը ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, էրկուսս էլ հոդվածներից ենք կախված», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «բայց Աստված քեզ հոդվածներից պրծնելու շանս ա տվել», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «տարոսը քեզ», եւ ես խեղճացած ասացի՝ «բայց ես ուրիշ զբաղմունք չունեմ», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «ես է՛լ ուրիշ զբաղմունք չունեի, բայց հիմի կարող ա ունենամ», եւ ես ասացի՝ «քո հարցն արդեն որոշված ա», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ա որոշված», եւ ես ասացի՝ «ինձնից խորհուրդ էիր հարցնում՝ տվի», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «ուրիշին խորհուրդ տալը շատ հեշտ ա», եւ ես ասացի՝ «վերջին խոսքի իրավունքն ինձ տվիր», եւ Նվերը տխուր ժպտաց ու ասաց՝ «ուրիշի տեղակ վերջին խոսք ասելը շատ հեշտ ա», եւ ես ասացի՝ «ճիշտ ես ասում. իմ գնալու հարցը որ ըլներ, երեւի ես էլ կդժվարանայի որոշում կայացնել», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «քու հարցը որ ըլներ՝ ես քեզ շատ օգտակար խորհուրդներ կտայի», եւ ես ասացի՝ «ուրիշին խորհուրդ տալը շատ հեշտ ա» եւ ավելացրի՝ «անցած աշուն մի շաբաթով Ֆրանսիա էի գնալու՝ խառնվել էի, ձեռուոտ էի ընկել, բայց հիմա քեզ ըսենց հեշտ ու հանգիստ խորհուրդներ եմ տալիս», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց, ամեն դեպքում, մարդ պիտի խորհուրդ տվող ունենա. մեկ-մեկ որ դժվար մոմենտների մեջ ես հայտնվում՝ սեփական խելքդ չի հերիքում, որ իմանաս՝ ինչ անես», եւ ես ասացի՝ «մանավանդ քո կյանքում ըտենց մոմենտներ երեւի շատ են էղել», եւ Նվերը տխուր ժպտաց ու ասաց՝ «ըտենց մոմենտներ շատ են էղել, բայց խորհուրդ տվողներ՝ շատ քիչ» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ խորհուրդ տվող շատ ա էղել, բայց ճիշտ խորհուրդ տվող համարյա չի էղել», եւ ես հարցրի՝ «համոզվա՞ծ ես, որ ես ճիշտ խորհուրդ եմ տալիս», եւ Նվերն ասաց՝ «ճիշտն ու սխալը չգիտեմ, բայց գիտեմ, որ սրտանց ես խորհուրդ տալի», եւ ես հարցրի՝ «ո՞նց սրտանց», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «սրտանց ուզում ես, որ իմ համար լավ ըլնի» եւ ավելացրեց՝ «մեկ էլ իմ քուր Հրուշն ա սրտանց ուզում, որ իմ համար լավ ըլնի», եւ ես ասացի՝ «Հրուշը քո մասին ավելի շատ ա մտածում, քան՝ իրա», եւ Նվերն ասաց՝ «ճիշտ ես զգացել» եւ մի քիչ մտածեց, հոգոց հանեց ու ավելացրեց՝ «ես էս աշխարհի էրեսին ամենամենակ մարդն եմ», եւ ես ասացի՝ «ինչի՞ ես մենակ. ընտանիք ունես, Հրուշի պես քուր ունես», եւ Նվերը տխուր ժպտաց ու ասաց՝ «սաղ կյանքս ընկերության համար մսխեցի, բայց էսօրվա օրով, փաստորեն, ընկերության իմաստով մենմենակ եմ», եւ ես ասացի՝ «ավելի լավ ա ընկեր չունենաս, քան՝ սխալ ընկեր ունենաս», եւ Նվերը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «դու ընկերոջ հաշվով հեչ քաշված կա՞ս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «պատահել ա», եւ Նվերը հարցրեց՝ «ծանր ե՞ս տարել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «սկզբում ծանր եմ տարել, բայց հետո անցել ա», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրեմն՝ ուժեղ մարդ ես», եւ ես ասացի՝ «ուժեղությունից չի», եւ Նվերը հարցրեց՝ «բա ինչի՞ց ա», եւ ես մի քիչ մտածեցի ու պատասխանեցի՝ «նրանից ա, որ կյանքումս ոչ մի անգամ ընկերներիս համար ինձ վտանգի չեմ ենթարկել», եւ Նվերը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իրանք իրանց վտանգի ենթարկե՞լ են», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ո՛չ ես եմ ինձ մեծ վտանգների ենթարկել, ո՛չ էլ իրանցից եմ էդ բանը պահանջել», եւ Նվերը զարմացած հարցրեց՝ «ըտենց ընկերություն ըլնում ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չգիտեմ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «երեւի ամեն տեսակ ընկերություն էլ ըլնում ա», եւ Նվերը հարցրեց՝ «այսինքն, ընկերոջ համար վտանգի տակ մտնելը պարտադիր չի՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «նայած վտանգ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «որ ընկերոջ համար վտանգի տակ մտնես, հետո էլ իրանի՛ց պիտի նույնը պահանջես», եւ Նվերը չհասկացավ ու հարցրեց՝ «իրանից ի՞նչ պիտի պահանջես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «պիտի պահանջես, որ ինքն էլ քո՛ խաթեր վտանգի տակ մտնի», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ըտենց բան չեմ պահանջել» եւ մի քիչ էլ մտածեց, ավելացրեց՝ «ես մենակ պահանջել եմ, որ ընկերության մեջ դավաճանություն ու քցոցի չըլնի» եւ մի քիչ էլ մտածեց, ասաց՝ «ավել բան չեմ պահանջել», եւ ես հարցրի՝ «էղե՞լ ա», եւ Նվերը հարցրեց՝ «ի՞նչ», եւ ես ասացի՝ «դավաճանություն ու քցոցի», եւ Նվերը տխուր ժպտաց ու ասաց՝ «պատահել ա», եւ ես ժպտացի ու հարցրի՝ «ծա՞նր ես տարել», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարելի ա ասել՝ հա», եւ ես ասացի՝ «որ վախտին իրանց համար քեզ հազար ու մի վտանգի տակ ես դրել, դրա համար էլ իրանց դավաճանությունից էդքան նեղվել ես», եւ Նվերը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ասում, որ իրանց համար ինձ վտանգի տակ եմ դրել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «սաղն էլ ասում են», եւ Նվերն ասաց՝ «էրեւում ա՝ Հրուշի հետ իմ հարցերով շատ եք խորացել», եւ ես ասացի՝ «ես Հրուշի պատմելով պիտի քեզ ճանաչե՞մ» եւ ավելացրի՝ «որ ընկերներիդ համար էդքան տուժած չըլնեիր, հիմա էդքան չէիր նեղվի», եւ Նվերը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ասել, որ նեղվում եմ», եւ ես ասացի՝ «զգում եմ», եւ Նվերը հարցրեց՝ «ինչի՞ց ես զգում», եւ ես ասացի՝ «որ նեղված չըլնեիր՝ էդ բանը չէիր ասի», եւ Նվերը հարցրեց՝ «ո՞ր բանը», եւ ես ասացի՝ «չէիր ասի, որ ամենամենակ մարդն ես», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «մի բան էր՝ ասեցի. հո քննիչ չե՞ս, որ ամեն խոսքիցս բռնվում ես», եւ ես ասացի՝ «էդ ամեն խոսք չի», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «անցած ըլնի. իզուր ես ամեն ասածս էդքան լուրջ ընդունում», եւ ես ասացի՝ «ուրեմն, ըտենց բաներ մի՛ ասա», եւ Նվերը հարցրեց՝ «ի՞նչ չասեմ», եւ ես ասացի՝ «մի ասա՝ ամենամենակ մարդն եմ», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «որ ամսվա մեջ գոնե մի անգամ ըսենց անցնելուց բարեւես՝ չեմ ասի», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «հեռախոսո՛վ կբարեւեմ», եւ Նվերը զարմացած հարցրեց՝ «խի՞ հեռախոսով», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «դու Ֆրանսիա ես ըլնելու, ես՝ էստեղ. ուրիշ ո՞նց կարամ քեզ բարեւեմ», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «որ գնամ էլ՝ էդքան շուտ չեմ գնա», եւ ես ասացի՝ «ինչքան շուտ գնաս, էնքան՝ լավ», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «կարող ա՞ վրես սռոկ էլ դնես», եւ ես ասացի՝ «թե գնալու ես՝ ձգձգելը հեչ իմաստ չունի», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հրուշն էկող ամսին մի հատ կգնա ու կգա, էդ սաղ հարցերը կպարզի ու կկարգավորի, հետո՝ ամառվա վերջին կամ աշնան կողմ երեւի իրար հետ կգնանք», եւ ես հարցրի՝ «բա ընտանիքիդ չես տանելո՞ւ», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «որ բարով խերով աշխատանքիս հարցը լուծվի, մինչեւ նոր տարի մերոնց էլ կկանչենք», եւ ես հարցրի՝ «ասում ես՝ ձերոնք համաձա՞յն են», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «էն էլ ո՜նց են համաձայն» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ իմանան ինձ համոզել ես, իրանց աչքի լույսը կդառնաս», եւ ես հարցրի՝ «բայց համոզե՞լ եմ», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա. փաստորեն, հարուր տոկոսով մտափոխ արիր» եւ մի քիչ էլ մտածեց, ժպտաց ու ասաց՝ «որ հետո վատ ըլնի, մեղավորը դու ես դուս գալու», եւ ես ժպտացի ու ասացի՝ «գիտեմ», եւ Նվերը հարցրեց՝ «ի՞նչը գիտես», եւ ես ժպտալով ասացի՝ «որ վատ ըլնի՝ ե՛ս եմ վատամարդ դուս գալու, բայց որ լավ ըլնի՝ ինձ վայ թե չհիշեք էլ», եւ Նվերն ասաց՝ «իզուր ես ըտենց բան ասում. որ ամեն ինչ լավ էղավ՝ առաջինը քեզ ենք վիզա տալու ու կանչելու», եւ ես ասացի՝ «Աստված տա՝ ամեն ինչ լավ ըլնի», եւ Նվերն ասաց՝ «Աստված ինձ ավելի բարդ սիտուացիաներից ա հանել», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «ընենց որ՝ էդ Ֆրանսիային ու Մարսելին էլ կդիմանանք», եւ ես հարցրի՝ «վեր կենա՞նք», եւ Նվերը հարցրեց՝ «վռազ ե՞ս», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «քանի միտքդ չես փոխել, վեր կենանք», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես վաբշե շատ դժվար եմ որոշում ընդունում, բայց որ ընդունում եմ՝ հետո հետ չեմ կայնում», եւ ես ասացի՝ «Աստված տա՝ ամեն ինչ լավ ըլնի», եւ Նվերն ասաց՝ «էսօր կզանգեմ քրոջս ու կասեմ, որ համաձայն եմ», եւ ես ասացի՝ «Հրուշը շա՜տ կուրախանա», եւ Նվերն ասաց՝ «ուրախանալն է՛ն խոսքը չի. որ իմանա ինձ համոզել ես, քեզ շատ մեծ մաղարիչ կանի», եւ ես հարցրի՝ «ես ե՞մ համոզել», եւ Նվերը զարմացած ասաց՝ «բա ո՞վ ա համոզել. հենց նոր չհամոզեցի՞ր», եւ ես հարցրի՝ «այսինքն, մինչեւ էդ մտքիդ հեչ չկա՞ր», եւ Նվերը պատասխանեց ու ասաց՝ «էդ ուղղությամբ շատ եմ մտածել, բայց տատանվում էի» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «լավ համոզող էր պետք», եւ ես ասացի՝ «ես չեմ էլ փորձել համոզել», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «քե՛զ ա թվում, թե չես փորձել. լավ էլ տեխնիչնի համոզեցիր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ ըտենց ա՝ Հրուշից մաղարիչ կուզեմ», եւ Նվերն անսպասելի հարցրեց՝ «բա դո՞ւ ինչ ես անելու», եւ ես ասացի՝ «հիմի գնալու եմ «Տոտո», էնտեղից էլ՝ «Առավոտի» խմբագրություն», եւ Նվերն ասաց՝ «էսօրվա համար չեմ ասում. վաբշե ի՞նչ ես անելու», եւ ես հարցրի՝ «ո՞նց ինչ եմ անելու», եւ Նվերը հարցրեց՝ «ուզում եմ ասեմ՝ Երեւան ե՞ս մնալու», եւ ես ասացի՝ «հա», եւ ինքը հարցրեց՝ «ինչո՞վ ես զբաղվելու», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ապրելու եմ», եւ ինքը հարցրեց՝ «ստացվո՞ւմ ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ ինքն ասաց՝ «ապրելը», եւ ես ժպտալով ասացի՝ «ստացվի չստացվի՝ պիտի ապրեմ. ուրիշ վարիանտ չունեմ», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «ես էլ, փաստորեն, ուրիշ վարիանտ չունեմ. ստիպված պիտի Ֆրանսիա էթամ» եւ վերջին բառերի վրա հանկարծ սկսեց շատ ուժեղ ծիծաղել եւ քրքջալով ասաց՝ «հետաքրքիր ա, չէ՞», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ Նվերը քրքիջի միջից պատասխանեց ու ասաց՝ «կյա՛նքը», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ ա հետաքրքիր», եւ Նվերն ահավոր քրքիջը մի կերպ զսպելով ասաց՝ «ո՞վ կմտածեր, որ օրերից մի օր ինձ ըսենց համոզելու են Ֆրանսիա էթամ, ու ես էլ դիմադրելու ու ինձ ըսենց թանկացնելու եմ», եւ ես ասացի՝ «գիտես, որ հարուրտոկոսանոց վարիանտ ա, դրա համար էլ քեզ թանկացնում ես», եւ Նվերը ծիծաղը զսպելով ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ ավելացրեց՝ «ըստեղից դուս գանք, Արմո ջան. սաղ մեզ են նայում», եւ ես ասացի՝ «որովհետեւ շատ ուժեղ էիր ծիծաղում», եւ Նվերն ասաց՝ «ըստեղից դուս գանք, թե չէ՝ մեզ գժի տեղ կդնեն» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կամ էլ կմտածեն՝ հարբած ենք», եւ ես ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «քանի հըլը Երեւան ենք ապրում, մեզ պիտի լուրջ պահենք», եւ ես ժպտացի ու ասացի՝ «Ֆրանսիայում է՛լ լրջությունն առանձնապես չի խանգարի», եւ Նվերը տխուր ժպտաց ու ասաց՝ «մտքինդ հասկացա», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչը հասկացար», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «ուզում ես ասես, որ Ֆրանսիայում հանկարծ ջեբկիրություն չանեմ», եւ ես ժպտացի ու ասացի՝ «որ ուզենաս էլ՝ չես կարա», եւ Նվերը զարմացած հարցրեց՝ «խի՞ չեմ կարա», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «որովհետեւ տակ կտաս. էնտեղ տրանսպորտը շատ թանկ ա», եւ Նվերն ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, արդեն հազար տարի ա՝ ջեբկիրություն չեմ արել», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ ես արել», եւ Նվերը մի քիչ մտածեց, հոգոց հանեց ու ասաց՝ «ավելի վատ բաներ», եւ ես հարցրի՝ «վեր կենա՞նք», եւ Նվերն ասաց՝ «հա, վեր կենանք, թե չէ՝ կարող ա էլի ծիծաղս բռնի. հազարից մեկ եմ ծիծաղում, բայց որ հանկարծակի բռնում ա՝ ինձ չեմ կարում զսպեմ», եւ ես ասացի՝ «չգիտեի. նորություն ես ասում», եւ Նվերը բազմանշանակ ժպտաց ու ասաց՝ «շա՜տ բաներ չգիտես» եւ մատուցողուհուն կանչելով՝ փողը տվեց ու ասաց՝ «մերսի», եւ զարմացած մատուցողուհին Նվերին հարցրեց՝ «էդ ինչի՞ վրա էիր ըտենց ուժեղ ծիծաղում», եւ Նվերը մատուցողուհուն ասաց՝ «ծիծաղալու իրավունք չունե՞մ, ինչ ա», եւ մատուցողուհին ժպտաց ու ասաց՝ «Աստված տա՝ միշտ ըսենց ծիծաղես, Նվեր ջան» եւ միանգամայն լուրջ ավելացրեց՝ «որ ոչ մի անգամ քեզ ծիծաղելուց չէի տեսել, շատ զարմացա», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «սրանից հետո ինձ միշտ ծիծաղալուց ես տենալու», եւ մատուցողուհին ժպտաց ու ասաց՝ «չուզողը ե՛ս թող ըլնեմ, Նվեր ջան», եւ ես տեղիցս վեր կացա եւ մատուցողուհուն ասացի՝ «մերսի, աղջիկ ջան», եւ մատուցողուհին շշնջաց՝ «իսկականից իրան առաջին անգամ եմ ըսենց ուրախ տենում», եւ ես ժպտացի ու ասացի՝ «մերսի. շատ լավ սուրճ էր», եւ մատուցողուհին ժպտաց ու ասաց՝ «նորից համեցեք», եւ երբ աստիճաններով իջնում էինք, Նվերն ինձ ասաց՝ «էս աֆիցիանտկեն ինձ միշտ ներվային ռազբորկեքի մեջ ա տեսել, դրա համար ա ծիծաղալուս վրա ըսենց զարմացած», եւ ես Նվերին հարցրի՝ «ի՞նչ ներվային ռազբորկեք», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ», եւ ես հարցրի՝ «որեւէ հարցում կարա՞մ օգտակար ըլնեմ», եւ Նվերը ծիծաղեց ու հարցրեց՝ «կարող ա՞ հիմիկվա Էմվեդեի մինիստրն էլ ա ընկերդ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Նվերն ասաց՝ «ես ոչ մի պրոբլեմ չունեմ, Արմո ջան», եւ ես ասացի՝ «ուրախ եմ», եւ Նվերն ասաց՝ «չեմ էլ կարա ունենամ», եւ ես ժպտացի ու ասացի՝ «որովհետեւ դու Կրիվոյի Նվերն ես», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «հետաքրքիր ա, չէ՞», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Նվերը ժպտաց ու ասաց՝ «կյանքումս Կրիվոյ չեմ ապրել, բայց կլիչկես Կրիվոյի Նվեր ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «օղորմածիկ Վաչոն էլ Սառաջով էր ապրում, բայց իրան էլ Կրիվոյի Վաչո էին ասում», եւ ես ասացի՝ «որովհետեւ առավոտից իրիկուն Կրիվոյ էիք», եւ Նվերն ասաց՝ «Ծիտն ու Մոխիրը համ առավոտից իրիկուն Կրիվոյ էին, համ էլ Կրիվոյ էին ապրում, բայց իրանց Կրիվոյի Ծիտ ու Կրիվոյի Մոխիր ասող չկար» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ ինչի՞ց ա», եւ ես ասացի՝ «չգիտեմ. կյանքում անբացատրելի բաներ շատ կան», եւ Նվերն ասաց՝ «էդ բանի վրա շատ երկար եմ մտածել, բայց պատասխանը չեմ գտել», եւ ես Վաչոյին հիշեցի ու ասացի՝ «խե՜ղճ Վաչո», եւ Նվերը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեջներիս տղեն Վաչոն էր», եւ ես հարցրի՝ «իրան խփեցի՞ն», եւ Նվերը հառաչեց ու ասաց՝ «ինֆարկտ էր», եւ ես հարցրի՝ «բերդում չի՞ մահացել», եւ Նվերն ասաց՝ «հա», եւ ես ասացի՝ «ես մտածում էի՝ խփել են», եւ Նվերն ասաց՝ «Վաչոյին խփողն իրա մորից չէր ծնվել», եւ ես ասացի՝ «Վաչոյի էն պատմությունը շատ ուժեղ ա», եւ Նվերը հարցրեց՝ «ի՞նչ պատմություն», եւ ես ասացի՝ «Ռոստովի պոյեզի մեջ որ կռիվ եք արել», եւ Նվերը ծիծաղեց ու ասաց՝ «Մոսկվայի պոյեզն էր» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «էդ դեպքը ես եմ սաղին պատմել», եւ ես հարցրի՝ «ո՞նց ա էղել», եւ Նվերը ծիծաղելով սկսեց ու պատմեց՝ «Մոսկվայի պոյեզով ինքը, Մոխիրն ու ես Մոսկվա էինք էթում, մեր կուպեն էլ մեժդունարոդնի ամենալավ կուպեն էր, ու որ պոյեզը Ռաստովի կայարանում կայնավ, իրեք հատ ռուս զվեր տղերք ներս մտան ու ասին, որ էդ կուպեն ազատենք, ու որ Վաչոն հարցրեց՝ «ինչի՞ համար», էդ տղերքից մեկն ասեց՝ «Վիտալիկի համար», ու որ Վաչոն հարցրեց՝ «Վիտալիկն ո՞վ ա», էդ իրեքից ամենաբոյովը մեր Վաչոյին բոքսեց ու ասեց՝ «Վիտալի. Ռաստով նա Դանու», ու մինչեւ ես ու Մոխիրը կմտածեինք ինչ անենք, Վաչոն իրան մի կերպ ոտի վրա պահելով՝ սամթը քցեց ու մի հատ ձախով որ չհագցրեց՝ էդ Վիտալիկին դրել ես՝ արի տար», եւ ես հարցրի՝ «հետո՞», եւ Նվերը ծիծաղելով շարունակեց՝ «հետո որ էդ Վիտալիկին մի կերպ ոտի կայնացրին, էդ կարմրատակած Վիտալիկը հազիվ ոտի վրա մնալով՝ Վաչոյին հարցրեց՝ «տի կտո՞ տակոյ», ու Վաչոն լուրջ-լուրջ ասեց՝ «Վաչագան. Սառաջով նա Գետառ», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «Վաչոն բոքս էր պարապել, չէ՞», եւ Նվերն ասաց՝ «ի՞նչ պարապել. ինքը մի քանի անգամ Հայաստանի չեմպիոն էր էղել» եւ մի քիչ մտածեց ու տխուր ավելացրեց՝ «բայց իրա կյանքը լրիվ թարս ձեւով դասավորվավ» եւ ժպտալով ասաց՝ «Վաչոյի էդ պատմության պես բաներ պիտի գրես, որ կարդացողի համար հետաքրքիր ըլնի»: